Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Դեմիրճյանի նամակը` Վահան Թոթովենցին

Սիրելի Վահան

Այսօր տխուր օրերիցս մեկն է, որովհետև այնքան տխուր չէ, որ պիտի լիներ այս` Օհաննեսի թաղման օրը, որովհետև ես նրան ավելի առաջ եմ թաղել իմ սրտում: Չմեռա՛վ Օհաննեսը, - մեռավ մարդը իմ սրտում, մեռավ հավատը դեպի մարդը: Եվ նա եղավ պատճառը: Ինձ համար ավելի մեծ վիշտ է այն հանգամանքը, որ նա մենակ մեռավ, լքված` իր բազմաթիվ բարեկամներից: Վերջին օրերը մի անհայտ ռուս բժիշկ այցելել է նրան և բերել ինչ-որ մի րոպեական թեթևացնող դեղ` նրա տանջված ճակատին քսելու: Օհաննեսը նրան չէր կանչել, և հայտնի չէ, որտեղից էր նա եկել մոտը: Օհաննեսը զգացված համբուրել էր բժշկին և ասել. «Ահա՛ ինչ է նշանակում մարդ»: Բժիշկը պատասխանել է. «Ոչինչ բան է մարդը»: Օհաննեսը պատասխանել է. «Ամե՛ն բան է մարդը»:

Ասել է` մարդո՛ւ ծարավի Օհաննեսը մարդու էր սպասում իր կյանքի վերջին օրերին:
ի՞նչ բան է սա. ողբերգական թյուրիմացությո՞ւն, թե՞ զղջումն: Ո՛չ. Օհաննեսը մի բանի զղջաց` իր կյանքն ու առողջությունը վատնելուց (և իրավո՛ւնք ուներ). դա մի ողբերգական թյուրիմացություն էր: Մարդիկ շատ չկան, բայց կան, և եթե նա շուրջը նայեր, եթե նա մի կողմ թողներ իր մեծաղմուկ կյանքի հիմարությունները, եթե նա իր աուդենցիաների, տնահանդեսների և պալատական ժխորի և կեղծիքների մշուշների մեջ աչքը դարձներ իր շուրջը, լավ է ասել` դռան շեմքը, անշուշտ, կնկատեր մի քանի մարդու, որոնք թույլ չէին տալ, որ մի անհայտ բժիշկ րոպեական հեշտացնող դեղով ամոքեր նրա անխուսափելի մահը:

Օհաննեսի մեջ ամեն բան կար, բացի կուլտուրականությունից: Նա սիրեց հանդիսավորությունը, «հասարակականությունը», սիրեց ամենքին և ամեն ինչ և Պարոնյանի ասածը հաստատեց. «Ամենքին բարեկամը և ոչ մեկի բարեկամն է»:

«Երբ ամե՛նքը բարեկամ են, և ո՛չ մեկը բարեկամ է»,- կասեի ես: Եթե Նա մարդու կարիք էր զգում, կգտներ. բայց նա որոնեց մարդկանց բազմություն և սայթաքեց:

Է՜հ, Վահան, թողնեմ այս տխուր դամբանականը: Եթե իմ մեջ մեռավ հավատը դեպի մարդը, դեռ չի մեռել հավատն ինքը: Ապրեք և որոնեք նո՛ր մարդուն, որ «ամեն ինչ» է և «ոչինչ» …

Ուտենք, բակի հավերի պես, մեր կուտը և հանգիստ սպասենք, մինչև որ խոհարարի ժանգոտ ձայնը մեզ կկոչե դեպի դանակ և դեպի փլավ…

Դ.Դեմիրճյան «Երկերի ժողովածու», XIV