Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Տեր Եսայի քհն. Արթենայն. Խաչը՝ մեր ամբողջականության երաշխիք

Ինչո՞ւ ենք խաչ կրում, խաչակնքվում, խաչը համբուրում և այլն: Ի պատասխան այս հարցերին, սովորաբար, տալիս ենք ընդհանուր և վերացական պատասխաններ՝ խաչը պաշտպանություն է, Աստծո զորությունն է, խաչակնքվելը աղոթք է և այլն: Նման պատասխանները երբեմն ինչ-որ բան ասում են, սակայն, ավելի հաճախ՝ ոչինչ չեն ասում: Խաչի խորհրդի ամենաէական հատկությունն այն է, որ անսահմանությունը կապում է երկրի հետ, հավիտենականը՝ ժամանակավորի հետ, հոգևորը՝ նյութականի հետ: Ի վերջո, Աստված և մարդ հանդիպեցին խաչի շնորհիվ, և այդ հանդիպման ընթացքում փառավորվեց Աստված:

Մարդը փորձում է ճանաչել հոգևոր ու նյութական աշխարհը, բացատրելի ու հասկանալի դարձնել դրանք: Բայց որքան փորձում ենք պարզեցնել աշխարհը, այնքան անհասկանալի է այն դառնում: Որքան շատ բացահայտումներ ենք անում, այնքան հասկանում ենք, որ նոր բացահայտումների կարիք ունենք:

Ժամանակի մեջ մարդու պայքարը՝ հավիտենականը բացահայտելուն է ուղղված: Սակայն մարդկային մեր ջանքերը սպառվում են, իսկ արդյունքը՝ չի բավարարում: Պետք է ընդունենք, որ հավիտենականությունը բացատրելու լավագույն միջոցը լռությունն է. գիտական ապացույցները, տրամաբանական վերլուծությունները, փիլիսոփայական տեսակետներն անզոր են հիմնավոր բացատրություններ տալու համար:

Տարածված կարծիք է, որ անսահմանության մեջ մարդը ոչինչ է: Բայց երբ մարդուն դիտարկում ենք այդ «ոչինչ»-ի տեսանկյունից, Նա դառնում է ամեն ինչ: Ոչինչ ասելով նկատի ունենք այն քաոսը, որից ծնվում է մարդը. այս դեպքում ոչինչը ամեն ինչի սկիզբն է: Մարդը չի կարող տեսնել ու հասկանալ այն քաոսը, որից ծնվել է: Մարդը չի կարող նաև բացատրել անսահմանությունը: Ոչ մեկ չի կարող ոչնչից անսահմանություն տանող ամբողջ գործընթացը վերլուծել, ճանաչել ու բացատրել, բացի Նրանից, Ով մեր կյանքի իմաստը և հավիտենական արժեքը բացահայտելու համար ոչ թե գիտական թեզեր կամ ճառեր խոսեց, այլ՝ խաչվեց:

Կյանքում ամեն ինչ շարժման մեջ է, այն նման է ալեկոծ ծովի, ոչ մի բան հաստատուն չէ: Այս տեսանկյունից՝ խաչը միակ հենարանն է, որն անփոփոխ է ու հաստատուն: Այն մարդուն ցույց է տալիս տիեզերքի այն կետը, որտեղ մարդը պիտի լինի:

Ինչպե՞ս կարող է ամբողջի մի մասնիկը ճանաչել ամբողջը. լավագույն դեպքում կարելի է փորձել: Մասնիկը չի կարող ճանաչել ամբողջը: Եվ դրա պատճառն այն է, որ մենք՝ որպես մասնիկներ, այնքան ենք հեռացած միմյանցից, որ ամբողջի պատկերն է աղավաղվել: Հետևաբար կարևոր է մարդկանց միջև տարաձայնությունների վերացումը և սիրով համախմբումը: Միայն այս դեպքում կկարողանանք վերականգնել ամբողջը: