Այսպէս է ասում Տէրը. «Որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի, քանի որ, ինչ որ խաւարի մէջ ասէք, լսելի պիտի լինի լոյսի մէջ. եւ ինչ որ շտեմարաններում փսփսաք ականջների մէջ, պիտի քարոզուի տանիքների վրայ» (Ղուկասի 12:2-3)

Քույրերի և եղբայրների միջև եղած սերը

Ծնողներն իրենց երեխաների միջև պետք է սեր մշակեն: Կամենալով օժանդակել ավելի թույլ երեխային, նրանք դրա համար պետք է հող նախապատրաստեն՝ ավելի ուժեղ երեխայի «համաձայնությունը» ստանալով: Այսինքն, նրանք պետք է օգնեն ավելի ուժեղ երեխային հասկանալու, որ իր եղբայրը կամ քույրը կարիքի մեջ է գտնվում: Արդարությունն Աստծո գործն է, և այն պետք է հավասարապես բաշխված լինի ավագների և կրտսերների միջև: Արդարությունն ավագին տրվում է հարգանքի միջոցով, կրտսերին՝ սիրո, այնպես որ նա չվնասվի: Այդ մասին հիշատակվում է Երկրորդ Օրինաց գրքի 1:17 տողում: Օրինակ, եթե ավագ եղբայրն է մեղավոր, ապա մենք պետք է կրտսերին արդարացնենք, բայց միևնույն ժամանակ չվիրավորելով ավագին՝ կրտսերի ներկայությամբ: Մենք պետք է մեղավորի հետ առանձին խոսենք, որպեսզի նա հասկանա իր սխալը:

- Հա՛յր, իսկ ինչպե՞ս է խանդը բուժվում, որը սովորաբար ավագ եղբայրներն ու քույրերն են ունենում կրտսերների նկատմամբ:

- Խանդը կիրք է: Սակայն, եթե երեքամյա փոքրիկը տեսնում է, թե ինչպես է մայրը կրծքով կերակրում նորածին եղբորը կամ քույրիկին, ապա նա որոշ կերպով արդարացված է իր խանդի հարցում, որովհետև դեռ վերջերս հենց իրեն էին կրծքով կերակրում: Այժմ նա եղբորն է տեսնում մայրիկի գրկում ու մտածում է. «Դեռ երեկ էր, որ մայրիկն ինձ էր իր գիրկն առնում, իսկ այժմ ինձ հետին պլան է մղել»: Եթե փոքրիկը տատիկ ունի, լավ է, քանի որ կա մեկն՝ ում մոտ կարող է մխիթարություն գտնել: Սակայն, երբ նա արդեն չորս տարեկան դառնա՝ պետք է ավելի քիչ խանդի: Իսկ երբ արդեն վեցը լրանա՝ մայրը պետք է ասի նրան. «Դու արդեն մեծ ես: Ո՞ր մի մայրիկն է իր գիրկն առնում այդքան մեծ երեխայի»: Եթե մայրն օգնի փոքրիկին հաղթահարելու իր խանդը, ապա նա միայն լուրջ առիթներով կվազի մայրիկի մոտ: Իսկ եթե երեխան ուզում է մոր փեշին անվերջ կպած մնալ, ապա դրա մեջ հիվանդագին ինչ-որ բան կա:

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի