Այսպէս է ասում Տէրը. «Արդ, մի՛ կորցրէք ձեր վստահութիւնը, որի մէջ մեծ վարձատրութեան հատուցում կայ: Ձեզ համբերութիւն է պէտք, որպէսզի Աստծոյ կամքը կատարելով՝ հասնէք նրա խոստմանը» (Եբրայեցիներ 10:35)

Ռազմիկ Դավոյան․ Շունը

Երբ որ մարդկությունը խաղաղ կեսգիշերին
Մայր էր մտել քնի գորգերի մեջ նախշուն,
Կատաղորե՜ն, երկա՜ր ու ձանձրալի հաչեց մի շուն,
Մի շուն, որ հաչոցում իր երկար ու չնչին
Բոլորովին չուներ երկրաշարժի տագնապ,
Ողբերգություն, մի ցավ, կամ կործանում վերջին…

Նա ուղղակի այդպես հաչում էր մերթ հոգնած,
Ու մեկ-մեկ էլ թեթև կամ պաթետիկ շեշտով…
Հետո կամաց-կամաց ուրիշ թաղի շներ
Միացան այդ որբին
Նախ՝ առանձին, հետո՝ դասակով ու վաշտով:

Մոլեգնորեն այդպես նա հաչում էր երկար,
Որ իր հոգին զարթնող ամբոխի մեջ սուզեր -
Եվ նա գոհ էր, դա էր ցանկացածը կարծես,
Ուրիշ որևէ բան դժվար թե նա ուզեր.-
Կամ պիտի հավատանք պատմությանն այս մաքուր
Եվ կամ թե մտածենք,
Որ շունն ուներ թախիծ, կարոտներ ու հույսեր,
Ուներ ողբերգություն և երազներ վսեմ,
Արթնացնում էր, որ նոր մի խորհուրդ տա կյանքին.-
Կյանք, որ նվնվում էր և ձանձրալի, և խեղճ.-
Մի՞թե ողջ մարդկության բառերն այս թանկագին
Այդքան հեշտ ու հանգիստ, այդքան անփութորեն
Կարող են ամփոփվել մի անծագում, մի որբ
Խեղճ ու կրակ շան մեջ:
Մինչ ես կեսգիշերին մտքերս էի թերթում,
Նրա ձայնը չքվեց փողոցից ու բակից,
Ուրիշ ցեղակիցներ նրան գուցե կերա՞ն,
Եվ այս երգը ծնվեց և մարդկության համար,
Եվ այդ որբի համար, և մեր բախտի համար,
Եվ ինձ համար թաքուն ափսոսանքից: