Այսպէս է ասում Տէրը. «Վշտակի՛ց եղիր Քրիստոս Յիսուսի տառապանքներին որպէս նրա բարի զինուորը։ Ոչ ոք, զինուոր դառնալով, չի զբաղուի աշխարհիկ կեանքի գործերով, որպէսզի զօրավարին հաճելի լինի։ Եւ եթէ մէկը մրցամարտիկ է, պսակ չի ստանայ, եթէ ըստ օրէնքի չմարտնչի» (Տիմոթեոս 2:3-5)

Ազգային պարեր․ Քերծի

Ռազմական պարերի մեջ իր ուրույն տեղն ունի Քերծի պարը: Այն նաև գրառողները կոչում են պատերազմական, սվինապար: Երբեմն հնչում է որսորդական պար լինելու ենթադրություններ, որը մեկ անգամ ևս ապացուցում է պարի ռազմական բնույթ ունենալը:

Քերծիի որսորդական պար լինելու օգտին են խոսում Վասպուրականի Ոզմ գավառի Եղեռն վերապրած Արատաշատի շրջանում հաստատված բնակիչների մեկնաբանությունները: Իրենցից գրառված պարատեսակում պարաքայլի առաջ տանող քայլերը կատարվում են կիսակքանստած, որը համեմատվում էր որսի գնացողի գաղտագողի շարծումների հետ, որը որսը չվախեցնելու, չփախցնելու արտացոլումն է:

Պարի անվանումը ստուգաբանվում է որպես գյուղի անվանումից առաջացած:
Հայկական ռազմական պարերը իրենց կառուցվածքներով և պարաձևերի տեսակներով շատ բազմազան են: Իրականում նրանք հանդիսանում են մնջախաղային պարային գործողություններ, քանի որ փոխանցում, նկարագրում են մենամարտի, խմբակային կռվի, ճակատամարտի, հեծելազորային մարտերի այս կամ այն ձևերը և հանգամանքները:
Ժողովուրդը ռազմական պարերը անվանում է կռվի խաղեր: Գրական հայերնում նրանք կոչվում են ռազմական պարեր - ռազմ-կռիվ բառարմատից, կամ պատերազմական պարեր, պատերազմ-կռիվ բառից:

Բանակի, զորագնդի պարերը, հատկապես տարված հաղթանակների կապակցությամբ հնում կոչում էին Պարք Բանակաց: Բոլոր ժողովուրդների և ցեղերի մոտ հնում կատարվում էին մենամարտի և ճակատամարտի բեմականացումը: Այն ցեղերի մոտ, որտեղ այժմ էլ իրականացվում է պատանիներին ցեղի գաղտնիքների և խորհրդապաշտություններին հաղորդություն տալու ծեսը, նման բեմականացումները իրականացվում են նաև մեր ժամանակներում:

Հաղորդություն ստացող պատանիները պիտի ծանոթանային իրենց ցեղի, և իրենց նախնիների հերոսական սխրանքներին ծանոթացնող պատմությունների հետ: Ռազմական սյուժեն, կամ առանձին ռազմական պարերը կատարվում էին նմանատիպ պատմա-դիցաբանական և էպիկական ներկայացումներին՝ ավագների անմիջական հսկողությամբ, ղեկավարությամբ և երբեմն մասնակցությամբ, հաղորդություն վերցնող, օծվող պատանու դիմաց: Աստիճանաբար նաև պատանիները սովորում էին պարերը բեմականացնել և կատարել, գովերգելով իր ցեղի կամ ժողովրդի վերապրած ռազմարշավները, հաղթանակները կամ ողբերգելով պարտությունները:

Նման ներկայացումներ չէին կարող գոյություն չունենալ նաև հայ ժողովուրդը ձևավորող ցեղերի, և ավելի ուշ արդեն հայ ժողովրդի մոտ: Բոլոր ցեղերի մոտ գոյություն ունեին ռազմի ոգիներ և աստվածություններ: Ռազմի աստվածների պատվին նույնպես կատարվում էին նրանց գովերգող ռազմական պարային գործողություններ:

Միևնույն ժամանակ տարեց սերունդը չԷր կարող չնկատել երիտասարդության առողջության վրա ռազմական պարերի առողջարարական և կազդուրիչ ազդեցությունը: Նաև նրանց մեջ ֆիզիկական ճարպկությունը, ներդաշնակությունը և շարժումների թեթևությունը զարգացնող ազդեցությունը: Հասկանալի է, որ իրենց ողջ վաղնջականպաշտանմունքայնությամբ և սրբազանությամբ ռազմական պարերը , մրցումներն ու խաղերը սկսեցին ոչ աննշան դեր խաղալ երիտասարդության ֆիզիկական դաստիարակության գործում:

Շհորհիվ իրենց օգտակար մարզումների արդյունքների, ռազմակամ պարերը, մտնում էին զինվորների ֆիզիկական պատրաստականության համակարգի մեջ: Դրանով է պայմանավորված ռազմական պարերը համաժողովրդական տարածումը, որը ծնեց նրա մեջ կենցաղային դիմագծեր, բովանդակություն, որոնք հետագայում զարգացան նրանց պաշտանմունքային նշանակությանը և բովանդակությանը զուգահեռ:
Ռազմական պարերը կատարվում էին հարսանեկան թափորների ժամանակ՝ պսակադրությունից հետո, եկեղեցուց փեսայի տուն տանող ճանապարհին: Նրանք կատարվում էին նաև բուն հարսանիքի ժամանակ : Այս պարերը ըստ երևույթին աղջիկ առևանգելու ժամանակ կռիվ – մենամարտերի կամ նույնիսկ մեծ ճակատամարտերի վերապրուքներ են:

Թաղման թափորների ժամանակ հայերի կողմից ռազմական պարերի կատարման, թաղման ծեսերում ճակատամարտերի բեմականացման մասին հիշատակում է նաև Մովսես Խորենացին: Իսկ ճակատամարտերի նման բեմականացումները իրենց մեջ պարփակում են պարային տարրեր, կատարվում էին պարային ռիթմով և արագությամբ, և կազմված են մի շարք ավանդական պարաքայլերից, ռազմական շարքերի և վերադասավորումների մեջ մնջախաղային հարձակումներով և նահանջներով կամ թշմանու հետապնդումներով:

Եթե մինչ օրս ռազմական պարերը չեն կորցրել իրենց բազմազանությունը, շարժունակությունը, բուռն խառնվածքային ձևերը՝ թռիչքներ, հարձակումներ և մնջախաղային արտահայտչությունը, ապա ավելի քան պարզ է, որ հնում, երբ ռազմական պարերը ունեին արդիական նշանակություն հայերի կենցաղում և ծեսերում, նրանք պետք է լինեին լի ավելի վառ գեղարվեստական արտահայտչականությամբ և թատերականացվածությամբ, կառուցված տեխնիկապես կատարելագործված ռազմական շարժումների վրա և հին հայկական սպառազինության կատարյալ տիրապետմամբ:
Նրա երաժշտական տաղաչափությունը հավասար է 3/4: Այն պարում են դհոլի և զուռնայի նվագակցությամբ:
Գրառվել է նաև երկու մասից կազմված Քերծիի պարաձև, որում երկրորդ մասում արագությունը զարգանում է:

Պարողները շարվում են մի գծով: Երբեմն կարող է պարվել երկու գծով, իրար դիմաց կանգնած շարքերով: Եվ գծով առաջ շարժվող պարաքայլերը մեկնաբանվում են, որպես հակառակորդի վրա հարձակման արտացոլում: Որին հետևող տեղում շարժումներից հետո, շարքը վերադառնում է իր ելման դիրքին: Վերադառնալու ընթացքում վերդասավորվում են մասնակիցները իրար թիկունքի կանգնած դիրքով, այսինքն 90˚-ով դարձումներով: Առաջ գնացող և վերադարձող պարաքայլերի տարբեր համադրումները երկու շարքով պարելու ժամանակ, թերևս մեկնաբանվում է, որպես մի կողմի հարձակման, մյուսի ինքնապաշտպանության, և ապա հակահարձակման անցնելու արտացոլում: Ձեռքերը բռնում են ափ ափի խաչված մատներով բռնած, թևկախ վիճակում: Երբեմն պատահում է նաև, որ պարվում է ձեռքերը ճկույտներով բռնած:

Աղբյուր՝ Gisher.org

Հայ ժողովրդական «Քերծի» ռազմապարն է՝ «Կարին» ազգագրական երգի-պարի անսամբլի կատարմամբ (հատված Նիդերլանդներում կայացած համերգից): Գեղարվեստական ղեկավար՝ Գագիկ Գինոսյան:
Տեսաշարում ներկայացված են ժայռապատկերներ՝ հայտնաբերված պատմական Հայաստանի տարբեր վայրերում: