Այսպէս է ասում Տէրը. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ծառան աւելի մեծ չէ, քան իր տէրը, եւ ոչ էլ ուղարկուածը՝ աւելի մեծ, քան նա, ով նրան ուղարկեց։ Եթէ այս բաները գիտէք, առաւել երանելի էք, եթէ դրանք կատարէք» ( Հովհաննեսի 13:16-17)

Երազիկ Գրիգորյան. Շեկոն

Գիտե՞ք, թե ինչու են այն մարդիկ կարճ ճանապարհը թողած՝ երկար ճանապարհով գնում: Որովհետև չգիտեն, թե ինչով վերջացավ Շեկոյի պատմությունը:

Ասենք, դուք այդ պատմության սկիզբն էլ չգիտեք: Դե, ուրեմն լսեք: Ես Շեկոյի պատմությունը կպատմեմ սկզբից մինչև վերջ:

Կար-չկար, աշխարհում Շեկո անունով մի շուն կար: Չէ՛: Շեկոյի պատմությունն այդպես չեն պատմում: Շեկոն հո հեքիաթի շուն չէ՞: Շեկոն մեր բակում էր ապրում: Ես իմ աչքով տեսել եմ նրան: Իմ ձեռքով շատ հեռվից ոսկոր եմ գցել նրա առաջ ու իմ ոտքերով փախել եմ նրանից:

Կարծեցիք՝ վախկո՞տ եմ: Իսկ Շեկոյից ո՞վ չէր վախենում: Շեկոյի ահից թե՛ մարդ, թե՛ կենդանի՝ կարճ ճանապարհը թողած՝ երկար ճանապարհով էին գնում: Մի բան էլ որ ասեմ, ավելի կզարմանաք: Շեկոն հաստ շղթայով կապած էր իր բնից: Շղթայով կապած շնի՞ց էլ կվախենան: Իհարկե, կվախենան, եթե դա մեր բակի Շեկոն է:

Շեկոյին դեռ փոքրուց էին շղթայով կապել: Մեծանում էր Շեկոն ու ամեն տարի նրա վզի շղթային մի օղակ էին ավելացնում: Ի՜նչ շուն էր, ի՜նչ շուն: Նրա շղթայի զնգզնգոցից անգամ բոլորը սարսափած փախչում էին:

- Մի՛ վախեցեք, կապած է,- ասում էր Շեկոյի տերը:

Հետո՞ ինչ, որ կապած էր: Շեկոն այնպես էր հարձակվում, որ թվում էր, թե գետինն էլ շղթայի հետ կպոկի ու վրա կտա:

Բայց նրա ցատկը միշտ օդում էր մնում: Ու պիտի տեսնեիք, թե շունն ի՜նչ չարությամբ էր նայում իր շղթային, ի՜նչ կատաղությամբ: Նույն չարությամբ ու կատաղությամբ Շեկոն նայում էր նրանց, ովքեր վախեցած փախչում էին իրենից:

Շեկոյի աչք ու ականջից հեռու նրա մասին խոսելը մեր բակի տղաների սիրած գործն էր: Բա շղթա՜ն….: Մի առանձին զրույցի թեմա էր Շեկոյի շղթան: Տեսնես ինչի՞ց էր սարքած: Ո՞նց էր դիմանում: Ո՞նց էր, որ չէր պոկվում:

«Շղթան որ չլինի, է՜….», «Շղթան որ չլինի, է՜….»: Այսպես իրենց խոսքը սկսում ու իրար հերթ չտալով՝ մեր բակի տղաները պատմում էին իրենց երևակայությունների մասին: Եվ ում երևակայության մեջ Շեկոն ավելի ուժեղ շուն էր, նա հաղթում էր մյուսներին: Անշղթա Շեկոյի անելիքը կարծես իրենց էին վերագրում մեր բակի տղաները:

Իսկ հաջորդ օրը, հաղթող թե պարտված՝ բոլորը կարճ ճանապարհը թողած՝ երկար ճանապարհով էին գնում:

Ու մի օր էլ մեկը մյուսին «կապած շնից վախեցող» ասելով՝ մեր բակի տղաները հավաքվեցին ու գնացին կարճ ճանապարհով անցնելու:

Հեռվից միայն բույնն էր երևում: Շեկոն ու շղթան բնում էին: Տղաները սիրտ արեցին ու շղթայի երկարությունը հիշելով՝ քիչ-քիչ մոտացան:

Իսկ Շեկո՞ն….: Շեկոն մի մեծ ոսկոր կրծել ու կեսօրի շոգից նեղված՝ իր բույնն էր մտել: Բայց այդ ո՞վ էր սիրտ արել՝ իր բնի մոտով անցնելու: Ովքե՞ր են սրանք: Ու Շեկոն չհամբերեց, որ բնից դուրս գա ու հենց բնի միջից իր ողջ չարությամբ ու կատաղությամբ դուրս նետվեց: Նետվեց ու….: Ու Շեկոյի շղթան կտրվեց….
Շեկոյի շղթան կտրվեց:

Շեկոն ցատկեց ու չորս ոտքը դրեց այն տեղին, որտեղ ոտք չէր դրել երբեք: Շրջվեց ու նայեց շղթային: Ինչքա՜ն էր երազել պոկված տեսնել այդ շղթան: Ինչքա՜ն էր կատաղեցրել իրեն այդ զնգզնգանը, որ հիմա սատկած օձի պես ընկած էր իր առաջ: Իր հարձակումը միշտ կիսատ էր մնացել դրա պատճառով: Եվ ահա… շղթան կտրված է:

Ժամանակն է, որ Շեկոն ցույց տա կարճ ճանապարհով անցնողներին: Ահա նրանք. քարացած, լեղիները ջուր կտրած՝ կանգնած են իր առաջ: Դե՛:

Շեկոն մի քայլ առաջ գնաց: Շրջվեց ու նայեց շղթային: Մի քայլ էլ արեց: Նորից շրջվեց ու նայեց շղթային: Տղաներից մեկն ակամա մի շարժում արեց: Շեկոն ցնցվեց, առջևի ոտքերը ձգեց ու սկսեց դողալ: Տղաները սիրտ արեցին ու մի քայլ առաջ եկան: Շեկոն նայեց տղաներին, նայեց իր պոկված շղթային ու հետ-հետ գնաց: Տղաներն էլի առաջ եկան:

Շեկոն շրջվեց ու գնաց դեպի իր բույնը:

Ու բոլորը տեսան ոտքերի արանքը մտած նրա պոչը:

Ամեն ինչ վերջացած էր: Շեկոյի գաղտնիքը բացված էր: Ու բացված էր նախ ի՛ր համար: Վե՛րջ: Երկաթե զնգզնգանը

կտրվել էր ու նեղ պահին դավաճանել իրեն:

Այս ամենը կատարվեց շոգ կեսօրին:

Երեկոյան մեր բակի տղաները Շեկոյի հետ մոտիկից էին ծանոթանում: Շեկոյի բույնը կանգնած էր իր տեղում, բայց ոնց որ առաջվանը չլիներ: Դա երևի նրանից էր, որ տղաները պոկել, դեն էին գցել Շեկոյի շղթան: Ո՛չ շունը, ո՛չ տղաները դրա զնգզնգոցը լսել չէին ուզում:

Դուք ամեն ինչ իմացաք: Բայց նրանք, ովքեր չգիտեն, թե ինչով վերջացավ Շեկոյի պատմությունը, դեռ կարճ ճանապարհը թողած՝ երկարով են գնում:

Ես չէի ուզում բացել Շեկոյի գաղտնիքը, բայց չդիմացա ու պատմեցի ամբողջ պատմությունը: Սկզբից մինչև վերջ:

Բայց երկնքից երեք խնձոր չի ընկնի: Որովհետև սա հեքիաթ չէ, և Շեկոն էլ հեքիաթի շուն չէ: Շեկոն իսկական շուն է:

Նա ապրում էր մեր բակում: Ես իմ աչքով տեսել եմ նրան: Իմ ձեռքով շատ հեռվից ոսկոր եմ գցել նրա առաջ ու իմ ոտքերով փախել եմ նրանից:

Քանի դեռ Շեկոն հաստ շղթայով կապած էր իր բնից:

Աղբյուր՝ Granish.org