Այսպէս է ասում Տէրը. «Արդ, մի՛ կորցրէք ձեր վստահութիւնը, որի մէջ մեծ վարձատրութեան հատուցում կայ: Ձեզ համբերութիւն է պէտք, որպէսզի Աստծոյ կամքը կատարելով՝ հասնէք նրա խոստմանը» (Եբրայեցիներ 10:35)

Ժամ և հավիտենություն, աստվածային և մարդկային արդարություն

Ժամանակ
Քրիստոնեությունը սովորեցնում է, որ Հին կտակարանում նկարագրվող ժամանակներում մարդիկ օրենքի իշխանության տակ էին, իսկ Նոր կտակարանում ներկայացվող ժամանակներում` Աստծո շնորհի: Որքան էլ այս իրողությունը պարզ է ձևակերպված, հաճախ մենք չենք հասկանում, կամ չենք գիտակցում, թե ո՞ր Ուխտի մեջ ենք այսօր. Հի՞ն, թե՞ Նոր ուխտի զավակներ ենք: Եվ քանի դեռ մենք վերջնական «ընտրություն» չենք կատարել, կամ չենք հասկացել, այս երկու իրողությունները մեր մեջ միշտ բախվում են իրար, որովհետև շատ հաճախ չգիտենք, թե որտեղ պետք է օրենք պահենք, և որտեղ պետք է աստվածային շնորհով կամ ողորմությամբ առաջնորդվենք:
Երբ Հին ուխտին եկավ լրացնելու Նորը, մի քանի շատ կարևոր խորհուրդներ հաստատվեցին, որոնց մասին Պողոս առաքյալը գաղատացիներին ուղղված նամակի չորրորդ գլխում գրում է:

Առաջինը ժամանակի խորհուրդն է. «…հարմար ժամանակը հասած համարելով` Աստված աշխարհ ուղարկեց Իր Որդուն…» (Գաղատ. 4:4): Այսինքն, ավարտվեց Հին ուխտը, սկսվեց Նոր ուխտը: Կարևոր հանգամանք է ժամանակը:
Երկրորդ կարևոր խորհուրդը արդարությունն է: Բոլորս էլ ձգտում ենք արդարության` հաճախ պայքարելով: Առհասարակ մեր կյանքը լի է պայքարով ու այդ պայքարը իմաստ ունի, եթե հավատում ենք արդարության ուժին: Ընդհանրապես ցանկացած արդար պայքար ենթադրում է արդարության ձգտում և ժամանակի գիտակցում:

Հայտնի է նման ձևակերպում, որ ժամանակի խորհուրդը վերաբերում է Հին ուխտին, իսկ հավիտենականությունը` Նոր ուխտին: Սա ոչ լիարժեք պատկերացում է: Այսինքն` ժամանակը համադրում ենք օրենքին, որովհետև օրենքը ժամանակի մեջ և ժամանակի համար տրվեց: Իսկ հավիտենականությունը կապում ենք Նոր ուխտի խորհրդի հետ, որովհետև այնտեղ Աստծո շնորհն է, ողորմությունը, որը հավիտենական արժեք ունի: Սակայն իրականությունն այն է, որ Քրիստոսի մարդեղությամբ ժամանակը և հավիտենականությունը իրար հանդիպեցին ոչ թե մեկը մյուսին բացառելու, այլ` վերաիմաստավորվելու, մարդկանց ավելի մատչելի լինելու համար: Մենք Քրիստոսի օրինակով սովորում ենք ժամանակը տեսնել հավիտենականության մեջ: Մարդը կարծում է, որ հավիտենականության մեջ չկա ժամանակի գիտակցումը. սա սխալ պատկերացում է: Չի կարող լինել հավիտենականություն առանց ժամանակի և չի կարող ժամանակը լինել առանց հավիտենականության: Օրինակ` Հայտնության գրքում բազմաթիվ տեսիլքների մասին է խոսվում, որտեղ ներկայացվում է, թե ինչպես երկրորդ դատաստանից հետո տեղի են ունենում այս կամ այն իրողությունները, որոնք արտահայտվում են կոնկրետ օրերով, ամիսներով, տարիներով: Եթե երկրորդ գալուստից հետո հավիտենականությունն է թագավորելու, և եթե հավիտենականությունը մերժում է ժամանակը, ապա Հայտնության գրքում ինչո՞ւ է հավիտենականության մեջ մատնացույց արվում ժամանակը: Ուրեմն, սխալ է պատկերացումը, որ ժամանակը երկրավոր կյանքի համար է, իսկ հավիտենականությունը` երկնային:

Մենք պիտի կարողանանք սովորել մեր կյանքի ամեն վայրկյանի մեջ տեսնել հավիտենականությունը: Օրինակ` լինում է չէ՞, որ ժամանակի մեջ մենք կարողանում ենք տեսնել Աստծուն, մենք կարողանում ենք տեսնել հավիտենականությունը: Ուրեմն ժամանակի ամեն մի վայրկյանի մեջ գոյություն ունի հավիտենականության խորհուրդը: Քրիստոս Աստված մարդանալով, նախ` դարձավ անպաշտպան, եթե Աստված մարդկային մարմին է հագնում, նշանակում է իր հետ ինչպես ուզեն կարող են վարվել. կարող էին ապտակել, կարող էին թքել Քրիստոսի վրա, կարող էին ծաղրել, կարող էին չարչարել, խաչել, սպանել, և այս բոլորն արեցին: Այսինքն, ինքը դարձավ խոցելի, բայց միևնույն ժամանակ, Քրիստոսի մարդկային այդ բնությունը չվերացրեց Քրիստոսի աստվածային հավիտենական էությունը: Այսինքն, մարդեղությամբ մարդկային բնությունը չձուլվեց կամ չփոշիացավ աստվածային բնությանը միանալով:

Մեր առաքելությունն է` գնահատել ժամանակը, գործնականում արժևորելով մեր կյանքի ամեն մի վայրկյանը հավիտենականության լույսով: Հավիտենականությունը մեզ սովորեցնում է, որ մարդը կարող է անընդհատ վերանորոգվել, բայց դա տեղի է ունենում ժամանակի մեջ: Ժամանակի մեջ է, որ սովորում ենք հարաբերվել Աստծո հետ, ապաշխարել, արդարություն հաստատել:

Արդարություն
Կյանքի նորոգությունը ոչ միայն ենթադրում է հավիտենականության և ժամանակի համադրում, այլև աստվածային արդարության հաստատում: Գալով արդարության խնդրին, որը նույնպես, մարդկային կյանքի և մարդ ու Աստված հարաբերության մեջ կարևոր իրողություններից մեկն է: Շատերն են ասում արդարություն չկա: Կա, բայց շատ հաճախ մենք չենք տեսնում: Արդարության խնդիրը միշտ մարդու առաջ դրված է եղել: Բայց զարմանալին այն է, որ մինչև այսօր, արդարության հարցը մինչև վերջ լուծված չէ: Մինչև այսօր էլ մարդիկ վիճում են, մեկը ասում է արդարություն կա, մյուսն ասում է` չէ, չկա: Քանի կա մարդը, արդարության հարցը երբեք չի լուծվի: Ուշադրություն դարձնենք. այն մարդիկ, ովքեր ասում են արդարություն չկա, նրանք իրենք են թույլ տալիս որ իրենցից խլեն իրենց արդարության պահանջը, որովհետև ամեն մի մարդ ունի արդարության պահանջ: Պարզապես մենք պիտի թույլ չտանք, որ այդ արդարության իրավունքը մեզանից խլեն: Ինչո՞ւ արդարության հարցը մինչև այսօր չի լուծվել, ո՞վ է մեղավոր. մենք:

Որովհետև երբ մարդը պահանջում է արդարություն, որպես կանոն, այդ արդարությունը ինքը պահանջում է իր անձի համար միայն: Իսկ եթե ուրիշի՞ն է հարցը վերաբերում, արդյո՞ք ուրիշի արդարության պահանջը մեզ համար կարևոր է:

Արդյո՞ք մենք արդար ենք դիմացինի նկատմամբ, թե միայն պահանջում ենք արդարություն մեր անձի նկատմամբ: Սա է պատճառը, որ արդարության հարցը մեր կյանքում չի լուծվում: Սխալ է խոսել արդարության մասին, միայն մեր անձի շահերի տեսանկյունից: Ամենամեծ անարդարությունը հենց սա է: Արդարության նման պատկերացումից ծնվում են շատ ու շատ աղետներ ու չարիքներ. Օրինակ` կոմունիստական հեղափոխությունը, կամ ցանկացած հեղափոխություն: Բոլոր հեղափոխությունների լոզունգները հանուն արդարության են: Բայց իրականում նպատակն արդարությունը չէ: Որտե՞ղ է այդ արդարությունը, երբ մարդիկ են զոհվում, երեխաներ են սպանվում, արյուն է թափվում, ի՞նչ արդարություն է: Ո՞վ կարող է բացատրել, թե այրունահեղության մեջ որն է արդարությունը:

Մեր ամենամեծ խնդիրն այսօր այն է, որ արդարության աղավաղված ձևակերպումները մեզանից չխլեն իրական արդարության մեր արդար ձգտումը:

Արդարություն ասելով շատերը պատկերացնում են հավասարություն, որից և սկսվում է արդարության սխալ պատկերացումը: Քրիստոնեության մեջ նման մոտեցում չկա, քրիստոնեությունը երբեք չի ասում, ամեն բան և ամեն ինչ պետք է հավասար բաշխվի մարդկանց մեջ, կամ էլ` բոլոր մարդկանց նույն կերպ պետք է վերաբերվել: Իրականում արդարությունը ոչ թե պահանջում է հավասարություն, այլ` իմաստավորված անհավասարություն, այլ կերպ` արդարությունն անհավասարության արվեստն է, որի հիմքում մարդու անհատականության գնահատումն է, և անպայման, մարդկային խղճի ու սիրո դրսևորումը: Այսինքն, արդարությունը դրսևորվում է ոչ թե հավասարության սկզբունքով, քանի որ մարդիկ տարբեր են, և միանման մոտեցում բոլորին չես կարող ցուցաբերել, այլ դրսևորվում է սիրո և առողջ գնահատանքի սկզբունքով: Արդարությունը, քրիստոնեական պատկերացմամբ, յուրաքանչյուրի մեջ տեսնում է անձի առանձնահատկությունը, գնահատում այն ճշմարտորեն և վերաբերվում ազնվորեն: Այն մեխանիզմ, կամ օրենք չէ, այլ` կյանք: Այո', ամենավաղ ժամանակներից մարդիկ խոսել ու գրել են արդարության մասին, բայց այս հարցը մինչև այսօր լուծված չէ, լուծված չէ, քանի որ արդարությունը մարդուն պետք է միայն այն ժամանակ, երբ ինքը դրա կարիքն ունի: Մենք միշտ մտածում ենք որ հենց մեր նկատմամբ արդար չեն, սակայն երբևէ մտածո՞ւմ ենք դիմացինի մասին…Այսինքն էգոիզմն է մյուս պատճառը արդարության խեղաթյուրման: Տեսեք որքան հեղափոխություններ ու պատերազմներ են մղվել հանուն «արդարության», որտեղ դրսևորվել է բռնություն, թշվառություն, սպանություն…որտե՞ղ է արդարությունը: Իրականում արդարությունը իդեալիստական գաղափար չէ, այն գոյություն ունի և թույլ պիտի չտանք, որ մեր արդարության ձգտումի իրավունքը մեզանից խլեն: Ու այդ իրավունքը մարդկանց հավասարության մեջ չէ, այլ մարդու անհատականության:

Եթե ընդունենք որ մարդիկ հավասար են մտքով, կարողությամբ, ընկալումներով, այս պարագային արդարությունը կլինի պարզ թվաբանական գումարում կամ հանում: Մարդիկ նույնը կամ հավասար չեն և արդարությունը չի պահանջում միանման մոտեցում տարբեր մարդկանց նկատմամբ, հակառակը, իրական արդարությունը անհավասարությունն է անհավասարների միջև: Այստեղ խնդիրը, կամ դժվարությունն այլ բանի մեջ է. մարդիկ անսահման շատ և տարբեր են, ինչպե՞ս անել, որ յուրաքանչյուրն ստանա ըստ արժանվույն, ինչպե՞ս ամեն մեկին տալ իրենը: Երեխային պետք է կերակրել, խնամել, թույլին` պաշտպանել, հանցագործի հետ ավելի խիստ լինել, ազնիվին վստահել, չարի հետ զգուշ լինել, հերոսին մեծարել: Այստեղ է, որ իրական արդարությունն է դրսևորվում` սիրով, խղճով և անկեղծությամբ: Օրինակ, Սողոմոնը դատեց երկու կանանց, ովքեր վիճում էին մի երեխայի համար, թե ում զավակն է նա: Մեկն իսկական մայրն էր և մյուսը ցանկանում էր երեխային խլել իր ծնողից. հարցը լուծել չէին կարողանում: Սողոմոն իմաստունը դատի ժամանակ առաջարկեց երեխային մեջտեղից կիսել և հավասարապես տալ երկու կանանց: Գուցե սա՞ էր արդարության պահանջը, սակայն մարդկային բնության արդարության պահանջը այլ էր. այն ինչը առաջարկեց երեխայի իսկական մայրը` ասելով` ոչ, ավելի լավ է երեխային հանձնեք նրան, ով ցանկանում է խլել իրենից: Իսկ սրան հակառակ մյուս կինը, ով խաբեբա էր, համաձայնում է, որ երեխային մեջտեղից կիսեն:

Այսինքն, արդարությունը մարդկային բնության դրսևորումն է, որ իմաստավորվում է սիրով, խղճով և անկեղծությամբ: Տեսեք, երկու կանանց մոտեցումներն էլ կարելի է տեսականորեն արդար համարել: Սակայն արդարությունը նրա համար չէ, որ դրանով ապրես, այլ աստիճան, որի վրա կանգնելով Քրիստոսի սիրուն հասնես: Աստվածային արդարությունը և մարդու արդարությունը նույնպես տարբեր են, և մարդու առաքելությունն այդ տարբերությունը հնարավորինս կրճատելն է: Օրինակ` տեսե՞լ եք ինչպես են մարդիկ կիսում խնձորը. լավագույն դեպքում` հավասար. սա արդար է: Աստված այլ կերպ կվարվի. մեծ մասը կտա դիմացինին, փոքրը` Իրեն. սա էլ է արդար: Այսինքն, արդարության պարագան քարացած օրինաչափություն չէ, այլ մարդկային կյանքում դրսևորվող սիրո, խղճի և անկեղծության արդյունք: Աստվածային արդարությունը սովորեցնում է սեփական մեղքերը տեսնել և հաղթահարել դրանք ողջախոհությամբ:

Տեսեք, խոսքը չի գնում պատժի մասին: Շատերը կասեն, որ արդար է, երբ մարդը սխալ է գործում և պատժվում իր սխալի համար: Մեր պատկերացումով է սա արդար: Իսկ Աստծո համար սա չի արդարությունը: Աստծո համար արդարությունն այն է, որ մարդն իր մեղքը տեսնում և հաղթում է մեղքը:

Արդարության լավագույն օրինակը խաչված ավազակի օրինակն է, ով ասաց որ արդար է, որ մենք հիմա տառապում ենք, մյուս ավազակը քննադատում էր, հայհոյում Քրիստոսին: Արդյունքում, զղջացող ավազակը իր արդարության շնորհիվ փրկվեց, այն արդարության, որին ինքը ողջ կյանքում չէր հավատացել, և վերջին պահին տեսավ աշխարհի ամենամեծ անարդարությունը` Քրիստոսին խաչի վրա, հասկացավ, որ իրականում արդար է, որ ինքը խաչի վրա լիներ, արդար է , որ ինքը հիմա մեռնում է, բայց անարդար է որ Քրիստոս է խաչի վրա: Եվ իր ազնվությունը, խիղճը, դրսևորվելով արդարության մեջ իրեն արժանացրեց փրկության:

Հետևաբար, փորձենք ապրել հենց այնպես, որ ոչ թե որ անպայման պատժի միջոցով մենք արդարանանք, այլ փորձենք մեր առաքինություններով և Աստծու ողորմությանն ու սիրուն ապավինելով արժանանանք արդարության: Պատժով արդարություն վերականգնել կարող է միայն մարդը: Աստված պատժով չէ, որ վերականգնում է արդարությունը: Աստված իր խաչով է վերականգնում, Աստված իր արյան գնով է վերականգնում արդարությունը: Աստված իր սիրով իր ողորմությամբ է վերականգնում այդ արդարությունը:

Տեր Եսայի քահանա Արթենյան
Աղբյուր՝ Holytrinity.am