Այսպէս է ասում Տէրը. «Այո՛, դարձէ՛ք ձեր Տէր Աստծուն, որովհետեւ նա ողորմած է եւ գթասիրտ, համբերատար եւ բազումողորմ եւ ափսոսում է մարդկանց չարիքների համար» (Հովել 2:13)

Գրիգոր Նարեկացի․ Աղոթք հույսի

Աստուա՜ծ յաւիտենական, բարերար եւ ամենակալ,
Ստեղծող լոյսի եւ յօրինող գիշերի,
Դու կեանք` մահուան մէջ եւ լոյս` խաւարում,
Յոյս` սպասողների եւ համբերութիւն տարակուսեալների.
Որ ամէնարուեստ քո իմաստութեամբ ստուերը մահուան փոխում ես այգի,
Աննուազ ծագում եւ անմայրամուտ արեգակ,
Զի գիշերուայ մութն անզօր է իսպառ քողարկել փառքը քո տէրունական,
Որին ծնրադրում են արարածներն ու երկրպագում`
Երկնաւորներն ու երկրաւորներն եւ սանդարամետականները բոլոր:
Դու լսում ես հեծեծանքները կապեալների, ունկնդրում խոնարհների աղօթքին
Եւ ընդունում ես նրանց խնդրանքները,
Աստուած իմ եւ թագաւոր իմ, կեանք իմ եւ ապաւէն իմ,
Յոյս իմ եւ վստահութիւն իմ,
Տէ՜ր Յիսուս Քրիստոս, Աստուած բոլորի,
Սրբերի սրտում հանգչող սո՛ւրբդ դու,
Մխիթարութիւն վշտերի եւ քաւարան մեղաւորների,
Որ գիտես ամէն ինչ` նրանց լինելուց առաջ:
Ուղարկի՛ր պաշտպան զօրութիւնն աջիդ
Եւ գիշերային երկիւղից ու չար դեւից ինձ փրկիր,
Որպէսզի յիշատակը սոսկալի եւ սուրբ քո անուան
Միշտ համբուրելով հոգուս շուրթերով`
Ըղձական շնչով ապրեմ պահպանուած բոլոր նրանց հետ,
Որոնք անդադար ի բոլոր սրտէ քեզ են կանչում, Տէ՜ր:

Եւ դրոշմից խաչի քո նշանի,
Որ աստուածային արեամբդ ներկելով դու նորոգեցիր,
Եւ մկրտելով մեզ որդեգրեցիր,
Եւ նկարեցիր ու յօրինեցիր պատկերիդ փառքով, –
Պարգեւներով այդ աստուածային թող ամօթահար լինի սատանան,
Մեքենայութիւնները քանդուեն թող ու որոգայթները վերացուեն,
Մարտնչողները պարտուեն թող որ, եւ թող չլինեն զէնքեր սայրասուր,
Մշուշը ցնդի, մութը փարատուի, մառախուղն անցնի:
Բազուկդ հովանի լինի թող եւ աջդ կնքի.
Քանզի գթած ես դու եւ ողորմած,
Եւ քո անունով են կոչւում ծառաներդ
Եւ քեզ` Հօր ու սուրբ Հոգուդ հետ յաւե՜րժ փառք, իշխանութիւն:

Գրիգոր Նարեկացի (ԲԱՆ ՂԴ)