Այսպէս է ասում Տէրը. «Արդ, մի՛ կորցրէք ձեր վստահութիւնը, որի մէջ մեծ վարձատրութեան հատուցում կայ: Ձեզ համբերութիւն է պէտք, որպէսզի Աստծոյ կամքը կատարելով՝ հասնէք նրա խոստմանը» (Եբրայեցիներ 10:35)

Հայր Էրմես Մարիա Ռոնքի. «Մենք՝ տիեզերքի հուրընկալ բեկորներս»

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Գործք Առաքելոց 15, 1-2.22-29

Հրեաստանից իջել էին ոմանք Անտիոք և եղբայրներին ուսուցանում էին. «Մովսեսի օրենքի համաձայն, եթե չթլփատվեք, չեք կարող փրկվել»։ Եվ երբ Պողոսի ու Բառնաբասի և նրանց միջև շատ հակառակություն և վեճ առաջացավ, վճռեցին, որ Պողոսն ու Բառնաբասը և նրանցից ոմանք այդ խնդրի համար Երուսաղեմ բարձրանան, առաքյալների և երեցների մոտ։ [...] Այն ժամանակ առաքյալներին և երեցներին, ամբողջ եկեղեցու հետ միասին, հաճելի թվաց, որ իրենց միջից ընտրված մարդիկ ուղարկեն Անտիոք՝ Պողոսի և Բառնաբասի հետ. Հուդային՝ Բարսաբա կոչվածին և Շիղային, որոնք գլխավորներն էին։ Եվ եղբայրներին նրանց միջոցով գրեցին հետևյալը. «Առաքյալները, երեցները և եղբայրները Անտիոքում, Սիրիայում և Կիլիկիայում հեթանոսներից եղող եղբայրներիդ ողջույն են հղում։ Քանի որ լսեցինք, թե ոմանք, իբրև թե մեզնից, որոնց մենք հրաման չենք տվել, խռովեցրել են ձեզ խոսքերով և խախտել են ձեր մտքերը՝ ասելով, թե պետք է թլփատվել և օրենքը պահել, ուստի, հաճելի թվաց մեզ՝ միատեղ հավաքվածներիս, ուղարկել ձեզ մոտ ընտրված մարդկանց՝ մեր սիրելիներին, Բառնաբասի ու Պողոսի հետ, մարդիկ, որոնք իրենց անձը նվիրեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվան համար։ Արդ, ուղարկեցինք Հուդային և Շիղային, որ նրանք էլ խոսքով նույնը պատմեն. որովհետև հաճելի թվաց Սուրբ Հոգուն և մեզ՝ ավելի ոչ մի բեռ չդնել ձեր վրա, բացի այս կարևորներից. այն է՝ հեռու մնալ կուռքերին զոհված կերակուրներից և արյունից, խեղդամահ արված կենդանիներից և պոռնկությունից. ձեզ դրանցից հեռու պահելով՝ լավ կանեք։ Ո՛ղջ եղեք»։

Հայտնություն 21, 10-14.22-23

Եվ առավ տարավ ինձ, Հոգով, դեպի մի բարձր ու մեծ լեռ և ցույց տվեց ինձ մեծ և սուրբ քաղաքը՝ Երուսաղեմը, որ իջել էր երկնքից, Աստծո մոտից։ Այն ուներ Աստծո փառքը. և նրա մեջ կար մի լուսավորություն՝ նման թանկագին գոհարեղենի, ինչպես բյուրեղյա և կենդանի հասպիս քարը։ Եվ նրա պարիսպները մեծ ու բարձր էին, ուներ տասներկու դուռ. տասներկու դռներին՝ տասներկու հրեշտակներ. նրանցից յուրաքանչյուրի անունը գրված էր դռների վրա, ըստ Իսրայելի տասներկու ցեղերի անունների։ Արևելյան կողմից՝ երեք դուռ, հյուսիսային կողմից՝ երեք դուռ, հարավային կողմից՝ երեք դուռ, և արևմտյան կողմից՝ երեք դուռ։ Եվ քաղաքի պարիսպն ուներ տասներկու հիմքեր. նրանց վրա՝ Գառան տասներկու առաքյալների տասներկու անունները։ [...] Եվ քաղաքի մեջ տաճար չտեսա, քանզի Ամենակալ Տեր Աստվածն էր տաճար նրա մեջ, նաև՝ Գառը։ Եվ քաղաքին պետք չէին արեգակ ու լուսին, որպեսզի լուսավորեն այն. քանզի Աստծո փառքն էր լուսավորում քաղաքը ամեն ժամ, և Գառը ճրագ էր նրա մեջ։

Հովհաննես 14, 22-28

Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. «Եթե մեկը սիրում է ինձ, իմ խոսքը կպահի, և իմ Հայրը նրան կսիրի. և մենք նրա մոտ կգանք ու նրա մոտ կօթևանենք։ Եվ ով ինձ չի սիրում, իմ խոսքերը չի պահում. և իմ խոսքը, որ լսում եք, իմը չէ, այլ՝ Հորը, որ ինձ ուղարկեց։ Այս բաները ասացի ձեզ, մինչ ձեզ հետ եմ։ Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի իմ անունով, նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ ես ասացի ձեզ»։ «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն, և չվախենաք։ Լսեցիք, որ ձեզ ասացի, թե՝ գնում եմ և կգամ ձեզ մոտ. եթե ինձ սիրեիք, ապա դուք ուրախ պիտի լինեիք, որ ես Հոր մոտ եմ գնում, որովհետև իմ Հայրը մեծ է, քան ես։ Եվ հիմա ասացի ձեզ, երբ դեռ չի եղել, որպեսզի, երբ լինի, հավատաք։

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ

«Մենք կգանք նրա մոտ և նրա մոտ կօթևանենք»։ Միանալու մի կիրք է բնակվում Աստծո պատմության և մարդու պատմության մեջ, այնպես, որ Աստված հազարամյակների ընթացքում միշտ փնտրել է Իր համար մի ժողովուրդ և կրակոտ մարգարեներ, թագավորներ ու մուրացկաններ, և ի վերջո մի կին Նազարեթում, որպեսզի նրա միջոցով հաղորդության մեջ մտնի մարդկության հետ։

Թովմաս Աքվինացին ասում էր, որ «սերը սիրված անձին միանալու կիրքն է»։ Աստված սեր է, մարդկությանը միանալու կիրք։

«Կգանք»։ Գեղեցկագույն է Աստծո այս գալը, Նրա անունն է Նա-Ով-Գալիս-Է, ով սիրում է մոտիկությունը, ով անխոնջ կերպով կարճեցնում է հեռավորությունները։ «Եվ նրա մոտ կօթևանենք»։ Տուն չունեցող Ողորմածը իմ մեջ տուն է փնտրում։ Թերևս երբեք մի իրական օթևան չի գտնի իմ մեջ. միայն մի խղճուկ ապաստան կարող եմ տրամադրել Իրեն, յուրահատուկ առաքինություններ կամ արժանիքներ չունեմ, ո՛չ էլ հոգևոր հարստություններ, բայց միայն մի բան է Նա ինձնից ակնկալում. տիեզերքի մի նվազագույն հյուրընկալ բեկոր լինել, տրամադիր՝ Աստծո գալստյան համար։

Աստված օթևանում, բնակություն է հաստատում ներսում. բայց եթե չես մտածում Նրա մասին, եթե Նրա հետ չես խոսում ներսում, եթե Նրան չես ունկնդրում ներաշխարհիդ ծածուկ սենյակում, եթե կանգ չես առնում ինքդ քո ներսում, լռության մեջ, Նրա կողքին, թերևս տունը դատարկ է մնում, և տակավին օթևան չես հանդիսանում Աստծո համար։

Եթե արարողություններ չեն կատարվում սրտի ներսում, եթե ծիսակատարություններ տեղի չեն ունենում սրտի խորանի վրա, այդպիսի դեպքում մեր բոլոր եկեղեցական արարողությունները, նաև ամենակարևորները, ոչնչությունը ծածկող դիմակներ են դառնում, դատարկ ու անօգուտ հնչյուններ։ Պահպանի՛ր սրտի ծեսերը (Ա. Քազատի)։

Երկուսն են Հարուցյալի տված պարգևները. խաղաղությունը և Հոգին։ Խաղաղություն. անթիվ ու անհամար անգամներ փշուր-փշուր արվող դյուրաբեկ հրաշք։ Որը միայն միասին է պահպանվում, միմյանց հետ կիսվելով։ Եվ Հոգին, որ սրտի բոցավառում է, հրակիզում և դինամիզմ, որ քամի է և չի սիրում փակ դռները։

Հոգին մեզ սիրահարվել է տալիս մի Քրիստոնեության, որը պետք է տեսիլք լինի, հմայք, եռանդ, քնարերգություն, կենդանի վկայություն։ «Եվ ձեր սրտին կվերադարձնի այն ամենը, ինչ ասացի ձեզ»։ Հոգին անդադար երկխոսում է մեր հետ։ Մխիթարիչ է Իր անունը, և ո՛չ թե այն պատճառով, որ հեռացնում է մեզնից միայնությունները, արցունքները կամ ձախողումները, բժշկելով իմ կենսական վախերը, այլ՝ որովհետև դեպի սրտի տաճարը ձգվող, դեպի սրտի ծեսը ձգվող ճանապարհի վարպետն է. որովհետև մեզ փրկում է առանց սրտի ապրված կյանքից, առանց սրտի ապրված գործերից ու խոսքերից։ Որովհետև Նա բոլոր կեղծ խաղաղություններին վերջ դնողն է, այն տեսակ անդորրներին, որոնք իրականում հանգած կյանքերն են։ Եվ հատկապես, որովհետև կենտրոնական դիրքի է վերադարձնում Խոսքը, որը Աստծո նոր բնակավայրն է մարդկանց մեջ։

Այսպիսով Հոգին շարունակում է Քրիստոսի անունը հնչեցնել սրտի մեջ, իսկ Քրիստոսի անունը հնչեցնելը հավասարազոր է կյանքը սփոփելուն։ Աստված Ինքն էլ կարծես իրավունք է ստանում առաջարկելու Իրեն մարդուն միայն այն պատճառով, որ ընդունակ է սփոփելու, մխիթարելու, կազդուրելու կյանքը, ո՛չ թե Իր գերազանցության պատճառով, այլ՝ մխիթարելու Իր կարողության։

Այս դեպքում է միայն, որ կյանքը կրկին հմայում է մեզ։ Իսկ մենք կրկին կարողանում ենք բացատրություն տալ մեր ունեցած հույսի վերաբերյալ, այն ամեն ինչի վերաբերյալ, որ երազում ենք այս աշխարհի համար, այս մարդկության համար, յուրաքանչյուր մարդու համար. և այն ամենն է, որ կարող ենք դնել «խաղաղություն» բառի մեջ, «կյանք» բառի մեջ։

Հատված Հայր Էրմես Մ. Ռոնքիի «Շնչել Քրիստոսին» («Respirare Cristo») գրքից, էջ 74-75
Աղբյուր՝ Mashtoz.org