Այսպէս է ասում Տէրը. «Այո՛, դարձէ՛ք ձեր Տէր Աստծուն, որովհետեւ նա ողորմած է եւ գթասիրտ, համբերատար եւ բազումողորմ եւ ափսոսում է մարդկանց չարիքների համար» (Հովել 2:13)

Փանոս Թերլեմեզյան և Կոմիտաս

Մի անգամ, երբ ես իմ աշխատանոցում էի, խոհարարը եկավ, թե ոսկե զարդերով կառք կա կանգնած դռանը և քեզ են հարցնում: Վար իջա` տեսնեմ, կայսեր արարողապետ Իսմայիլ Ջանանի բեյը, որ կառքի միջից թույլատվություն խնդրեց նկարներս տեսնելու:

Բարձրացանք մեր տան երկրորդ և երրորդ հարկերը, ու նա ուշի ուշով դիտեց բոլոր նկարները: Վար իջնելիս, երբ Կոմիտասի սենյակի դռան առջևից էինք անցնում, ասի որ չէի՞ք բարեհաճում Կոմիտաս էֆենդիին ծանոթանալ: Նա պատասխանեց. «Կուզեի, բայց կրնա ըլլալ որ խանգարեմ»: Ասացի. «Բնավ չեք խանգարի» և Կոմիտասի սենյակի դուռը բանալով` ներս հրամցրի: Նրանք ծանոթացան և արարողապետը ոտքի վրա դիտեց այդ սենյակում կախված իմ նկարները: Սուրճ խմելուց հետո ինձ դարձավ` «Չեմ համարձակվում, ապա թե ոչ, պիտի խնդրեի Կոմիտաս էֆենդիին որևէ մի բան նվագել կամ երգել»:

Կոմիտասը լսելով այդ կամացուկ և ֆրանսերենով ասված նախադասությունը, անմիջապես գնաց պիանոյի մոտ և ինքն իրեն ակորդներ վերցնելով` երգեց Շուբերտից գերմաներեն մի երգ, անչափ խորունկ զգացումով, որ մենք քարացել էինք: Նրա վերջացնելուց հետո էլ բավական ժամանակ լուռ էինք, երբ Թուրքիո դիվանագետը` ինքն իրեն չկարողանալով զսպել` ձեռքը սեղանին խփեց և ասաց. «Sapristi: (գրողը տանի) ութ հարյուր տարվա պետություն ենք և ցարդ այսպիսի մի արվեստի և արվեստագետների տաճար չունեցանք»:

Այդ սուլթանական գործեր վարող դիվանագետը մեկնեց սրտմտած: Իսկ նրա մեկնելուց հետո` ես շնորհավորեցի Կոմիտասին այդ հաղթանակի համար և վերկացանք երկուսս միասին «Լաչիմ նանա» պարեցինք:
Այդ պարը նա սովորել էր Կոտայքի Ղըրխբուլաղ գյուղում` ճեմարանի աշակերտ եղած ժամանակ:

ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ

Ժամանակակիցները Կոմիտասի մասին, էջ 190

Աղբյուր՝ Hayagitaran.am