Այսպէս է ասում Տէրը. «Երանի՜ է այն ծառային, որին իր տէրը, երբ որ գայ, այդպէս արած կը գտնի։ Արդարեւ, ասում եմ ձեզ, որ նրան իր բոլոր ինչքերի վրայ վերակացու կը կարգի» ( Ղուկասի 12:43-44)

«Ոսկի մի երկու թել, արծաթի մի երկու նախշ». Հրանտ Մաթեւոսյանը՝ Տիգրան Մանսուրյանի մասին

Եվ փառք մեր անկումների ու սլացքի, վերքերի ու երգերի ըմբոստներիս ու հնազանդներիս Տիրոջը, որ ծանր՝ 1988-ից ու դեկտեմբերի փլված 7-ից հետո մեզանում դեռ վաղվա հույս է թողել-մեր փլված երկինքը նորից ենք կապելու, հայոց մեր երկնքում մեր աստծո պատկերը նորից ենք բացելու եւ ընդառաջենք ու երկրպագենք:

Մեր աստծո կերպարը մենք ստեղծելու ենք, Հայոց այս հողի ու մարդու ամենամաքուր, անխարդախ, ամենալուսավոր հույսերից ու հառաչանքից, այն ամենալավից, ինչը որ այս հողը կարող էր ու ընձյուղում էր եւ կարողանալու է համբարձել նաեւ վաղը:

Ես ուրախ եմ, որ աստծու այդ բանվածքի մեջ զուտ ոսկի մի երկու թել, արծաթի մի երկու նախշ էլ Տիգրան Մանսուրյանի մաքուր հնչյուններից ու խուլ ղողանջներից է առնված: Ես ուրախ եմ այդ ավանդի համար արյան ու հավատի իմ եղբոր, իմ սերնդի տղայի:

Ճշմարիտ աստված մեռյալ կուռք չէ-բոլոր ժամանակներում ուզում է նորոգվել ու նորանալ բոլոր ազգերից ու սերունդներից եւ այդ սերունդներին ու ազգերին դառնալ նորոգ պատկերով ու հանդերձով: Նորոգվելը աստվածների կյանքն է, չնորոգվելով՝ նրանք մեռյալ կուռք են դառնում: Նորոգ՝ նրանք փառաբանում են իրենց նորոգիչներին, նրանց ազգերն ու սերունդները: Չեն փառաբանում նրանց, ումից չեն փառաբանվում: Եվ ոչ բոլոր բառերն են հասնում աստծուն, եւ ոչ բոլոր ջանքերն են իր կերպարը լրում, քանի որ իր մյուս, հասկանալի անունը ճշմարտություն է: Ես ուրախ եմ ահա, որ փախստականի, վախեցած հայրենադարձի ու քաղցի տարիների որդին, մտավոր ու մարմնավոր բռնության եւ հոգեւոր ամլության ժամանակների աստընվորը հյուսել ու բացարձակել զորեց ճիշտ այն մեղեդին, որ ճշմարտության աղերսածն էր ու երկնքի անհուն ամայություննրում գտավ աստծուն եւ նրա պատկերի մեջ գտավ ու միացավ մեր ազնվական այրերի՝ Տերյանի, Չարենցի, Սարյանի, Սարոյանի, Խաչատրյանի ձայներին:

Տիգրանով իմ սերունդը իր խոսքն է խոսում նորոգ ու նորօրյա մշակույթի տաճարում, առանց Տիգրանի՝ իմ սերունդը միայն համր ուխտավոր էր լինելու: Առանց Տիգրանի, Հակոբի, Մինասի…Հայրենիքը մի քիչ ավելի հեշտ էին լքելու նրանք, ովքեր լքում են, եւ ավելի քիչ էին կարոտելու նրանք, ովքեր կարոտում ու տառապում են: Մշակույթը հայրենիք է ստեղծում, անանուն ժողովուրդը մշակույթով դառնում է ազգ, աշխարհագրական տարածքը՝ հայրենիք: Մի Տիգրանի, մի Հակոբի, մի Դավոյանի ելեւէջը երբեք պակաս չէ այս ցնորական եզերքի որեւէ ծաղկուն անդաստանից եւ առավել է, որովհետեւ նրա արդար ու շիտակ համբարձումն է առ մարդկային վեհն ու վերինը:

Եվ եթե սեւ 1915-ից հետո մի Չարենց, մի Սարյան՝ որ ներկ ու կտավ չուներ, մի Սպենդիարյան՝ որ այս հին, կավե Երեւանում նվագարան չուներ…կարողացան այստեղ ապրելով ու տառապելով այս արեւի տակ գույների, մեղեդիների ու ողբերգությունների Հայաստան-Հայրենիք նշել, ապա 1988-ից հետո վերապրածներս անպայման կարողանալու ենք վերստղծվել ինքներս ու վերստեղծել նրանց ստեղծածը: Նրանք Զմյուռնիայից Պետերբուրգ եւ Փարիզից Սպահան հանուր հայության, մեր մեծ ամբողջի փրկված, իրարու գտած, ի մի եկած բեկորներն էին, բայց մենք էլ սթափ գիտակցությունն ենք այն բանի, որ կյանքի հրաշքը ուրիշ ոչ մի տեղ չի ծավալվում այնքան թեւատարած, ինչքան հայրենի երկրի ու երկնքի ոլորտներում: Եվ ուրեմն պետք է աշխատենք հանուն այդ հայրենիքի , եզերքից եզերք այդ հայրենիքը պետք է ծփա մեր մեղեդիներով, գույներով, մայրենի բարբառով, արտերով ու արոտներով, խելոք, բանիմաց, առողջ պարմանի սերնդով:

Հայրենիքները ոչ միայն անցյալի ավերակներից են հառնում, այլեւ հյուսվում են ապագայի բաղձանքից, եւ այդ բաղձանքի առաջին ընկալողներն իհարկե բանաստեղծներն են-բանաստեղծը, նկարիչը, երգահանը…

Տիգրանի մեղեդին մի մտերմիկ զրույց է մեր այսօրվա ու վաղվա հայրենիքի տղաների ու աղջիկների հետ: Նրանք նրանից երես չեն դարձնում, եւ ուրեմն թող այդ զրույցը երկարի»:

Աղբյուր՝ Magaghat.am