«Արդ, կատարյա՛լ եղեք դուք,
ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ»։
Մատթ․ 5։48
Կատարելության ձգտումը աստվածային օրենքներից գերագույնն է և հատուկ մարդկային բնության։ Այն օրվանից, երբ մարդն ինքնագիտակցության է հասել, նկատելի է դրա հետ նաև նրա կատարելության ձգտումը։ Պատմությունը կարելի է սահմանել որպես մարդային կատարելության ձգտմնան նկարագրությունը, և նրա իսկական հերոսներն են այն անձնավորությունները, որ կարապետ և մարգարե են հանդիսացել բարձրագույն ձգտումների և նպատակների համար։ Մեր Տերն էլ, որ պատմության մեջ այդպիսի անձնավորություններից կատարելագույնն է, անսահման կատարելության ուղին է գծում իր հետևողների համար՝ «Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» խոսքերով։ Փորձենք այս լուրջ խնդիրը խորհրդածության նյութ դարձնել, որի ըմբռնումն ու գործադրությունը քրիստոնյայի կյանքի էությունն ու նպատակը պիտի կազմեն։
Կյանքի նպատակ։ Շատ ազնիվ հոգիներ գլուխ են կոտրել արյուն քրտինք մտել կյանքի նպատակը հասկանալու և ուրիշներին հասկացնելու համար։
Կյանքի ամենամեծ հանելուկն է այդ, որ դրված է մեր առաջ և որին պիտի նվիրվեն մեր ամենաթանկ րոպեները։ ՈՒմ համար պարզ է կատարելիք գործի ծրագիրն ու նպատակը, ավելի հեշտությամբ էլ գլուխ կբերի հանձն առած պարտականությունը։ Եթե ճարտարապետը գծագրել է մակարդակը, այլևս որմնադրի և քարտաշի համար դժվար չէ հոյակապ շինություններ կառուցելը։ Գիտակցություն ունենալ, թե ինչ է կյանի նպատակը, մարդային կատարելության հաջողության կեսն է։ Դժբախտաբար շատ չեն այնպիսի մարդիկ, որոնք առաքյալի նման ասել կարող են․ «Արդ, ես ճիշտ այդպե՛ս եմ վազում, ոչ աննպատակ. մրցում եմ այնպե՛ս, ոչ թե օդը (հողմը) ծեծելով» (Ա Կորնթ․ 9։29)։ Մարդկության դժբախտությունը հենց այն է, որ մեզնից շատերը հողմերի դեմ են կռվում, խարխափում ենք խավարի մեջ՝ առանց գիտակցություն ունենալու մեր գոյության էության և նպատակի մասին։ Սակայն, եթե ապրում ենք, անհրաժեշտ է, որ մեզ համար պարզ լինի, ինչու՞ ենք ապրում, և ո՞ւր ընթանում։
Կյանքի նպատակը պարզելու համար նախ պետք է որոշ լինի, թե ինչ է կյանքը։ Ահա մի հարց, որի լուծման համար շատ տարբեր հասկացողություններ կան և այդ տարբեր հասկացողությունների հետ էլ կապված են վերոհիշյալ հարցի տարբեր պատասխանները։ Սակայն այդ տարբերությունների մեջ ճշմարտագույնն այն է, որ ամենից հինն է և պատմության ընթացքում հոգևոր կյանի մեջ հանդես է եկել այլևայլ ձևակերպություններով՝ ըստ էության միշտ նույնը մնալով, այսինքն կյանն ըմբռնել հոգևորի և մարմնավորի պատերազմ։ Բնախոսական /ֆիզոլոգիական/ տեսակետով որքան էլ ճշմարիտ լինի մարմնի և հոգու փոխադարձ ազդեցությունն ու նրանց սերտ առնչությունը, բայցևայնպես անուրանալի են և նրանց տարբեր հատկությունները։ Մարդը միայն այն չէ, ինչ որ ուտում է, ինչպես պնդում էին մի ժամանակ նյութապաշտական ուղղության հետևող գիտնականները։ Այսինքն միայն մարմին չէ, այլև հոգի։ Մարդու մարմինը կարելի է վերլուծել քիմիական տարրերի, բայց նույն տարրերի միությունից մտածող, զգացող և կամքի տեր ազնձնավորություն չի ստեղծվում։ Ոչ մի բնագետ չի կարող պնդել, թե գիտակցությունը նյութ է, և ճիշտ այն օրենքներին է ենթարկվում, ինչպես նյութը։ Ուրիշ է հոգին և ուրիշ՝ մարմինը։ Մենք հաճախ մեր ներքին աշխարհում զգում ենք այդ երկուսի մաքառումը։ Ուրիշ բան է կամենում մարմինը և ուրիշ՝ հոգին․ մարմնի ցանկությունը հաճախ հոգու կորուստն է, կամ ինչպես առաքյալն է գեղեցիկ ձևով ձևակերպում․ «Մարմնականը խորհելը մահ է, իսկ հոգևորը խորհելը՝ կյանք և խաղաղություն» (Հռոմ․ 8։6)։ Կրկնում ենք, այս իրողությունն անժխտելի է մեր հոգևոր աշխարհում, և հենց այս երկու աշխարհների մաքառումն էլ պատմության էությունն է կազմում։ Կյանքը պատերազմ է, ավելի պարզ ասենք՝ կյանքը հոգևորի և մարմնավորի պատերազմն է։ Ձգտումը՝ հաղթելու չարը, ձգտումը՝ բարու դրոշակակիրը դառնալու, կատարելության ճանապարհն են, որ դեպի վերջնական նպատակը՝ դեպի հավիտենականություն են տանում։
Շարունակությունն այստեղ Մաս 2, Մաս 3 Մաս 4
Գարեգին վարդապետ Հովսեփյան
*Գարեգին վարդապետ Հովսեփյանի (հետագայում՝ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Ա Կաթողիկոս) այս հոդվածը լույս է տեսել Արարատ ամսագրի 1907թ․ Ա համարում։ Հոդվածը այս կայքում տեղադրվել է արդի ուղղագրությամբ, որոշ լեզվական փոփոխություններով։ Գրաբարով մեջբերված սուրբգրային տեղիները փոխարինվել են աշխարհաբարով՝ ըստ Նոր Էջմիածին թարգմանության, ավելացվել են այդ տեղիների համարները։