Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Կատարելության ձգտումը՝ քրիստոնյայի պայքար

Քրիստոս պատվիրում է՝ լինել կատարյալ, ինչպես մեր երկնավոր Հայրն է կատարյալ:

Կատարելություն ասելով պատկերացնում ենք հոգեվիճակ: Իրականում յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ կատարելության զգացում, դա արդյունքն է այն բանի, երբ մարդն անկեղծ հավատքի շնորհիվ հանդիպում է Աստծուն:

Մեզնից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ ունեցել է այդ փորձառությունը: Աստծո հետ ամեն հանդիպում ենթադրում է կատարելության վերապրում:

Սովորաբար բառերը բավական չեն՝ նկարագրելու զգացումը, որը յուրաքանչյուր մարդ ապրում է Աստծուն հանդիպելիս: Բառերը այնքան կատարյալ չեն, որպեսզի դրանցով սահմանենք կատարելությունը. այն պետք է պարզապես ապրել:

Մենք միշտ շատ բարդ ենք պատկերացնում մեր և Աստծո հանդիպումը. միանգամից մտածում ենք հավիտենականության մասին, հանդերձյալ կյանքի մասին, սկսում ենք վախենալ դատաստանից և այլն: Պետք է գիտակցել, որ կատարելության հոգեվիճակը ոչ միայն հանդերձյալ կյանքին վերաբերող իրողություն է, այլ նաև վերաբերում է երկրային կյանքին: Պարզապես մեզ խանգարում է մեղքի գիտակցումը:

Իհարկե, մարդն իր բնությամբ կատարյալ չէ, մեղանչական է և անընդհատ խնդիր ունի ձգտելու կատարելության, նմանվելու Աստծուն: Միևնույն ժամանակ, կատարելությունը մի հոգեվիճակ է, որին մարդը կարող է հասնել նաև անկատար լինելով, և այդ հնարավորությունը մեզ տվեց Քրիստոս:

Քրիստոսի զոհաբերությամբ մենք հնարավորություն ստացանք ճաշակելու կատարելությունը, առանց կատարյալ լինելու:

Պարզապես մարդը, նայելով իր մեղավոր բնությանը, չի հավատում, որ կարող է հանդիպել Աստծուն: Բայց այդ հանդիպումը հնարավոր է, որովհետև մարդն Աստծուն հանդիպում է ոչ թե իր բարի գործերի շնորհիվ, այլ՝ Աստծո ողորմության ու զոհաբերության շնորհիվ: Որովհետև ոչ թե մարդն է գնում առ Աստված, այլ Աստված է մարդուն ընդառաջ գալիս: Այս տեսանկյունից է հնարավոր կատարելության վերապրումը երկրի վրա:

Այլ բան է, երբ մարդն ունենում է կատարելության զգացումը, սակայն կորցնում է այն: Սա էլ հենց այն պայքարն է, որը մարդու ամբողջ կյանքի ուղեկիցն է:

Աստված յուրաքանչյուր մարդուց պահանջում է կատարյալ լինել, բայց դրա համար պետք է հասկանալ կատրելության էությունը: Աստված հորդորում է կատարյալ լինել բարի գործերի մեջ: Սա էապես փոխում է պատգամի իմաստը: Ամեն մարդ ունի կատարելության իր պատկերացումը՝ պատվիրանապահություն,ապաշխարություն, եկեղեցի հաճախել, աղոթք: Այս ամենը միասին կատարելություն չեն, սակայն միջոցներ են, որոնք կարող են մեզ կատարելության առաջնորդել:

Կատարելությունն Աստծուն ձգտելն ու նմանվելն է: Սակայն այս ճանապարհին մարդը հանդիպում է զանազան արգելքների, խոչընդոտների, գայթակղությունների ու փորձությունների: Եվ սա է քրիստոնյայի պայքարը: Խնդիրը ոչ թե կատարյալ լինելն է, այլ կատարելության ձգտելը: Մարդկային տեսանկյունից կատարյալ լինելը չափազանց սուբյեկտիվ գնահատական է: Երբ մարդը կարծում է, թե կատարյալ է, սկսում է դատել իրեն շրջապատող մարդկանց:

Մարդն ինքն իրենով չի կարող կատրյալ լինել: Քրիստոսի զոհաբերությամբ է մարդը կատարյալ: Մարդու հանդիպումն Աստծո հետ հնարավոր է Քրիստոսի խաչի լույսի ներքո: Աստված տեսնում է մեզ Քրիստոսի հետ խաչ բարձրացած: Այդ պատճառով մարդը պետք է իր կատարելությունը Քրիստոսի մեջ փնտրի: Քրիստոնյան նա չէ, ով անընդհատ մտածում է Աստծո մասին, այլ նա է, ով ապրում է Աստծո կամքի համաձայն:

Հաճախ մարդը պայքարում է հանուն իր պատվի, համբավի և ավելի քիչ՝ Աստծո փառքի համար: Կատարելության պայքարը Աստծո համար պայքարն է:

Մենք միշտ էլ բարդ ենք պատկերացնում Աստծո հետ մեր հանդիպումը,բայց այն տեղի է ունենում ոչ թե նրա համար, որ մենք արժանի ենք, այլ՝ Աստված է այդպես կամենում:

Տեր Եսայի քհն. Արթենյան

Աղբյուր՝ Holytrinity.am