Այսպէս է ասում Տէրը. «Արդ, մի՛ կորցրէք ձեր վստահութիւնը, որի մէջ մեծ վարձատրութեան հատուցում կայ: Ձեզ համբերութիւն է պէտք, որպէսզի Աստծոյ կամքը կատարելով՝ հասնէք նրա խոստմանը» (Եբրայեցիներ 10:35)

Հայոց Եկեղեցու բարոյախոսությունն ու վարքականոնը

 Առաքինության գործերի մասին

«Անմիտ է նա, ով չի ձգտում իմանալ Աստծո կամքը և ըստ իրեն՝ իմաստուն է, ով գործում է սեփական մտածություններով՝ հավատքով չհամապատասխանեցնելով իր գործերը Տիրոջ խոսքերին»,- ս. Բարսեղ Կեսարացի։

Սակայն կատարյալ փրկությունն առանց առաքինության գործերի, ինքնըստինքյան չի լինում, քանզի «Առանց գործերի հավատքը մեռած է» [Հակոբ. Բ։26],- ասում է առաքյալը, ինչպես և գործերը՝ առանց հավատքի։ …Եվ արդ, այսպիսի գեղեցիկ, աստվածահաստատ և առաքելաշեն հիմքի վրա, որը ո՛չ հողմից է շարժվում, ո՛չ տեղումներից ընկնում և ո՛չ գետերի վարարումից կործանվում, որոնք ցույց են տալիս զանազան փորձությունները, շինվածքն այնպիսի նյութերով պետք է կառուցել, որոնք, ընտրության հրին մերձենալով, պայծառանում են և ոչ թե՝ ապականվում. դրանք հոգեկան և մարմնական առաքինություններն են։

…Եվ որովհետև հոգին արարչական հրամանով և կարգադրությամբ եռամասն է՝ ունի խոսք (բանականություն -խմբ), ցասում (բարկություն) և ցանկություն, որով ըստ բնականի է շարժվում, ոչնչով վերիններից ետ չի մնում։ Եվ այս երեքից յուրաքանչյուրն ունի իրեն հատուկ առաքինությունը։ Բանականի առաքինությունը խոհականությունն է, ցասմնականինը՝ արիությունը, իսկ ցանկականինը՝ ողջախոհությունը։ Խոհականի գործը խորհելն ու լավը վատթարից ընտրելն է։ Արիությանը՝ խոհականի կողմից ընտրվածը քաջաբար ու արիաբար կատարելը։ Իսկ ողջախոհությանը՝ ըստ նախորդների ընտրության և կատարման՝ դեպի աստվածային սերը բորբոքելը, որով իրենից վերադասներին սիրո ջերմությամբ ավելի է զորացնում իրենց բնական կարողությունների մեջ։

…Բանականը տեղակայված է գլխում, խելապատակում և ուղեղում։ Եվ ինչպես որ գլուխը մարմնի մեջ` որպես վեհ և առաջին, նախադաս լինելով, իբրև թագավոր է, իշխան և հրամանատար ամբողջ մարմնի համար, այդպես էլ խոհականը, արքունի աթոռն այդտեղ ունենալով, որպես թագավոր իշխում է ցածում գտնվողների՝ ցասմնականի և ցանկականի վրա։

Ցասմնականը տեղակայված է գլխից ներքև՝ սրտում, կառավարվում է իրենից բարձր կանգնած բանականից և ինքն էլ իշխում է ցանկականի վրա, որը նրանից ցած է գտնվում։

Իսկ ցանկականը բնակվում է երիկամներում և ստորին որովայնում, ուստի և կառավարվում է իրենից բարձր կանգնած ցասմնականից և ինքը չի իշխում ոչ մեկի վրա, քանզի և չկա նրանից ցածր որևէ զորություն, որ հնազանդվի նրան։

…Արդ, որքան այս կարգավորությունը, ըստ բնական սահմանի, վայելչապես շտկվում է մեզանում, ամեն ինչ բարեձև և ըստ առաքյալի կարգի է լինում, և՝ տերունական պատվիրանի հրամանը մեզանում անխափան կատարվում։ Քանզի խոհականն աստվածայինի մեջ միշտ կխոկա՝ ըստ Սուրբ Գրքի. «Թո’ղ այս խոսքերը լինեն քո սրտում և քո անձի մեջ, և կխոսես նրանցով տանը նստելիս, ճանապարհ գնալիս, ննջելիս և արթնանալիս» [Բ Օրին. Զ։6] և ըստ մյուսի էլ՝ «Տիրոջ օրենքի շուրջ կխորհի նա օր ու գիշեր» [Սաղմ. Ա։2]։ Եվ քանի որ ամեն գործ՝ լինի բարի, թե՝ չար, նախ խորհում են և ապա՝ կատարում, և առանց խորհելու որևէ բան մեկը չի գործում, ապա ուրեմն, ով բարվոք և ճիշտ է խորհում, ըստ նույնի էլ գործն է կատարում։ Եվ երբ խոհականն իր իշխանությունը և գործն ամբողջական է պահում, իշխում է ցասմնականի վրա և հրաման տալիս՝ [կատարելու] բոլոր առաքինությունների գործերը, և ցասմնականը՝ արիությամբ և քաջությամբ բոլորին հպատակվելով, բարվոք կատարում է։ Նույնպես էլ ցասմնականը, ըստ բնականի, հնազանդվում է բանականին և իշխում ցանկականի վրա։ Իսկ ցանկականը, բնականը ճիշտ և ամբողջական պահելով, հնազանդությամբ կատարում է բոլոր հրամանները՝ եղջյուրներ չբարձացնելով որևէ մեկի վրա, որովհետև նրա իշխանության տակ որևէ մեկը չկա։

Բանականն ունի մեկ այլ մաս ևս, որ կոչվում է արդարություն։ Եվ սա բոլոր մասերի կառավարիչը, ուղղիչն ու դատավորն է։ Քանզի բանականը նրանով է, որպես գործիքով, բոլորին ուղղում և յուրաքանչյուրին անսայթաք պահում իր բնական շարժումների մեջ…

Արդ, ինչպես ավելի վերը ցույց տվեցինք, երբ հոգու մասերն իրենց կարգավորությունը ճիշտ են պահում, որպեսզի իշխանն իշխանության մեջ մնա, և իշխյալները՝ հնազանդության, այս բոլոր բարեգործություններն անսխալ են կատարվում։ Իսկ եթե վայելչական կարգը եղծվելով ապականվում է, ծառաները տերերի վրա են ելնում, իշխանությունը հափշտակում, տերերին ծառայեցնում, այսինքն՝ երբ ցանկականը ցասմնականի, և ցասմնականը խոհականի վրա է տիրում, ամեն ինչ խառնվելով ամբողջովին կործանվում է, և յուրաքանչյուրը հակառակ ներգործության մեջ է շարժվում։ Եվ, ըստ գործի, նաև անունների փոփոխում է լինում, և այնուհետև ոչ թե խոհականություն, արիություն, ողջախոհություն, արդարություն են կոչվում, այլ՝ անմտություն, սրտմտություն, բղջախոհություն և անիրավություն։ Քանզի ոչ խոհականն է բարվոք խորհում, ոչ ցասմնականը՝ ընդդեմ չարի մաքառում, ոչ ցանկականը՝ ողջախոհաբար Աստծուն և աստվածայինները ցանկանում, և ոչ էլ արդարությունն է լինում սրանց ուղղիչ, վերակացու և կառավար, այլ բնականից անբնականի մեջ շարժվելով, չարաչար տապալմամբ կործանվում է՝ ըստ առակողի խոսքի, թե՝ «Երեք բանից է երկիրը շարժվում. երբ ծառան է թագավորում, երբ աղախինը տիկնոջ ժառանգորդն է դառնում, և երբ անմիտը հացով է հագենում» [տե’ս Առակ. I։21]…

…Եվ բոլոր մեղքերի պատճառը խոհականի մոլորությունն ու անընտրող հիմարությունն է։ Եվ երբ նա, որ մյուսների վրա իշխան էր և ուղղիչ, ծառայական ախտերով այսպես կաշկանդվում է, մյուսները սրա մոլար ընտրողությանն են հետևում…

Մարմնական բարեգործությունները

Արդ, մինչ այսպես գեղեցկաբար պատշաճությամբ դասակարգեցինք հոգևոր առաքինությունները, պետք է, որ դրանց հետևեն նաև մարմնական բարեգործությունները, որպեսզի, ըստ առաքյալի, «Աստծո մարդն ամեն ինչով կատարյալ լինի» [Բ Տիմ. Գ։17] և ոչ՝ որևէ բանով թերի։ Քանզի ինչպես որ հոգին իր մասերով է զարդարվում, այդպես էլ մարմինը զգայարաններով է պայծառանում։ Եվ զգայությունները հինգն են։ Դրանք են՝ տեսանելիք, լսելիք, հոտոտելիք, ճաշակելիք, շոշափելիք։

…Եվ սրանք որպես մեր մարմնի տան դռներն են՝ լավ և կամ վատթար ամեն ինչի դրսից ներս և ներսից դուրս գալու՝ ըստ մարգարեի, որ ասում է, թե մահն այս պատուհանով [այսինքն՝ զգայարանով] մտավ [Երեմ. Թ։21]։ Եվ ինչպես դռնով ենք տուն բերում ամեն արժեքավոր ու պիտանի գույք և դարձյալ նույնով դուրս հանում տան համար անպիտան որևէ իր, այնպես էլ բոլոր հոգևոր հարստությունները, որոնցով, ըստ համազգի հոգեղենների, անկարոտ ճոխանում է բանական հոգին, զգայարանների դռներով յուրաքանչյուր ներգործության հետ մեր ներսն ընդունենք։ Եվ երկրավոր ցանկությունների և ստորին սիրո աղբը, որ որոմնացան թշնամու սերմերն է, իբրև վնասակար և մահացու բաներ՝ դարձյալ նույն տեղով դուրս հանենք։ Եվ ինչպես որ միշտ չէ, որ փակ ենք պահում տան դռները, որովհետև եթե յար փակված են մնում, օգտակար հարստությունները չենք հավաքում, նաև մեր բնակության համար [տունն] անպիտան է դառնում, ոչ էլ հանապազ բաց ենք թողնում, որպեսզի այդպես էլ թշնամիները, խարդախ գողերն ու աւվազակները մտնելով մեզ կորստեան չմատնեն և ունեցվածքը հափշտակեն, այլ հարմար ժամանակի, ըստ պատշաճի, բացում ենք և փակում՝ համաձայն իմաստունի խրատի, որ երկնքի տակ եղող ամեն ինչի ժամ ու ժամանակ է սահմանում։ Այսպիսով, մեր զգայարանների դռները հանապազ պետք չէ փակել, քանզի այլևս ինչի՞ համար դրվեցին մեր բնության մեջ, եթե պետք է միշտ փակ մնան։ Քանզի աչքի գործը տեսնելն է, ունկինը՝ լսելը, նմանապէս էլ՝ մյուսներինը՝ ըստ իրենց նշանակության։ Եվ ահա անպիտան են, եթե բնական գործառնությունը չեն կատարում, այլ պետք է լավագույնների հավաքման համար պատշաճ ժամանակ բանալ և այլ ժամանակ, երբ վնասակարներն են մուտք գործում, փակել։

Տեսանելիք

Պետք է աչքը փակել արատավոր հայացքների առջև և բղջախոհ ցանկությամբ ու վավաշոտ տարփանքով չզննել էգի կամ արուի արտաքինը, որովհետև դրանից մարդը, ասես կորովաձիգ աղեղնավորից, հոգու վրա նետերի խոցող հարվածներ է ստանում, որոնցով մեռնում է անմահը։

Իսկ լավի և օգտակարի առջև պետք է հոժարությամբ բացել և մաքրել գեղեցկագործ հայացքը խափանող բոլոր ախտերի բիծը, որպեսզի մարդը կարողանա հստակ հայացքով նայել և տեսնել Աստծո սքանչելի գործերը, որոնցով վայելչապես հասնում է Արարչի գիտությանը՝ ըստ առաքյալի, որն ասում է. «Աստուծոյ աներեւոյթ {յատկություններն} աշխարհի սկզբից արարածների մեջ են իմանալի կերպով տեսնւում» [տե՛ս Հռոմ. Ա 20], այսինքն՝ Նրա մշտնջենավորությունը, զորությունը և Աստվածությունը։

Դարձյալ պետք է աչքը բացել՝ տեսնելու համար արարածներին և Աստծո սքանչելի գործերը։ Եվ մարմնավոր աչքերով նայելիս նրանց հետ բացել նաև մտքի աչքերը և իմաստությամբ տեսնել արարածների զարմանալի գործերը, ինչպես և Դավիթն էր տեսնելով ասում. «Տեսայ երկինքը՝ Քո մատների գործը, լուսինն ու աստղերը, որոնք Դու հաստատեցիր» [Սաղմ. Ը 4]։ Այսինքն՝ նայել երկնքի բարձրությանն ու ընդարձակությանը, լուսատուների պայծառությանն ու գեղեցկակարգությանը և սրանից հետո՝ ամպերին, անձրևներին, հողմերին, ձյանը, սառույցին, կարկուտին, հողին, բույսերին, տունկերին, մարդու գեղեցկակազմությանը, անասուններին, գազաններին, թռչուններին, ծովին, աղբյուրներին, գետերին, և ինչո՞ւ այլևս մեկ առ մեկ ասեմ՝ մյուս բոլո՛ր ստեղծվածներին։ Եվ նախ սրանից է պետք ճանաչել Աստծո մեծությունը, իմաստությունը, անչափ զորությունը ու բարերարությունը, թե այս ամենը մեզ համար է արարված։ Եվ որ սրանից էլ հրաշափառ է, ա՛յն, թե ինչպես է նախախնամող զորությամբ ամեն ինչ կառավարում և պահում անքակտելի հաստատության մեջ, քանզի այս աշխարհի մարմնի՝ երկրի և ծովի այս անբավ ծանրությանը ո՛չ հիմք կա, ո՛չ հաստատություն և ո՛չ սյուներ, այլ ամեն ինչ ոչնչի վրա է հաստատված, մանավանդ թե՝ Աստծո հրամանի վրա՝ ըստ առաքյալի, թե՝ «Պահում է ամէն ինչ Իր զօրութեան խոսքով» [Եբր. Ա 3]։

Արդ, այս ամենի և այսպիսիների միջոցով պետք է բացել աչքերը և տեսնել ու ճանաչել Աստծո անհաս մեծությունը, իմաստությունն ու զորությունը։ Քանզի երկինքը, երկիրն ու սրանցում եղածներն ասես գրով և խոսքով Աստծո անբավության մասին են պատմում՝ ըստ այն խոսքի, թե՝ «Երկինքը պատմում է Աստուծոյ փառքը» [Սաղմ. ԺԸ 1]։ Եվ այս անպատմելի արարչությունը տեսնելիս այնուհետև շարժել միտքն ու լեզուն Աստծուն փառաբանելու համար և ամեն ինչում փառավորել ստեղծվածների Արարչին։

Լսելիք

Արդ, զգայարանների այս առաջին դուռը բարվոք փակվեց և բացվեց։ Բայց պետք է և երկրորդն, ըստ նույն օրինակի, փակել բոլոր մահացու և կորստական խոսքերի առջև։ Քանզի ինչպես որ աչքն է տեսնելով դեպի չարը խոտորում և իր հետ գործակցության շարժում ամբողջ մարմինը, այնպես էլ ունկն է լսելով ապականում և, ապականագործ լուրը ներսն ընդունելով, սրտի շտեմարաններում ամբարում՝ որպես հարդի մեջ թաքցված կայծ, որ պատեհ ժամանակ, որևէ քամուց արծարծվելով, կիզող բոցն է բորբոքում։ Եվ սա ամենաառաջին մեղքն է. քանզի ամենից առաջ բանսարկուն ևս օձի միջոցով մերձեցավ նախամոր ականջին և հեղեց դառը թույնը, որի պատճառով նա մեռավ և իր ծնունդների մահվան պատճառն եղավ։ Արդ, ախտավոր լսելության առաջին մուտքն ա՛յն է, երբ միմյանց տռփողները՝ այր և կամ կին, հեշտալի և մեղկ խոսք են միմյանցից լսում, որն իբրև երկսայրի սուր հոգին խոցում է և, ցանկության պարաններով գերելով, տանում մեղքերի կատարման։

Սրան է հարում նաև միջնորդի խոսքը, որ կորստական պատգամներն է տանում ու բերում երկուսի միջև, ինչպես և օձը՝ Եվայի և բանսարկուի միջև։

Դարձյալ ունկի միջոցով են լսում բոլոր չար խորհրդակցությունները և անօրեության, ավազակության, գողակցության գործերը, որոնցից առակի խոսքը հրաժարվել է ուսուցանում՝ ասելով. «Որդեա՛կ, թող չխաբեն քեզ ամբարիշտ այրերը եւ ասեն. «Ե՛կ մեզ հետ արիւնահեղութեան կցո՛րդ եղիր, առանց պատճառի հողում ծածկենք արդար մարդուն, կենդանի թաղենք նրան գերեզմանում» [տե՛ս Առակ. Ա 10]։

Դարձյալ ունկի ախտ է նաև այ՛ս. ոչ թե միջնորդներին լսելով, այլ մեկից դեմ-հանդիման թշնամանք, պարսավանք, արհամարհություն, հայհոյություն, զրկանք, հափշտակություն, տուգանք և ոտնահարություն կրելը։ Արդ, վերն ասած այսպիսի բոլոր ախտերի և սրանց նմանների դեմ է պետք փակել ունկն ու բնավ թույլ չտալ, որ մտնեն ականջ՝ չընկնելու համար նշված չարիքների մեջ, քանզի այսպիսի ախտերը քաղցկեղի պես ճարակում են հոգին։

Եվ դարձյալ՝ սա ընդարձակ բացել ամեն տեսակ բարվոք խոսքերի մուտքի համար, այսինքն՝ հավատքի խոսքերի և Աստծո պատվիրանների՝ քարոզվող ըստ օրենքի և մարգարեների, ավետարանական և առաքելական վարդապետության։ Լսել օրենքը, որ ասում է. «Քո Տէր Աստուած Մի Տէր է։ Եւ պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով եւ քո ընկերոջը՝ ինչպէս քո անձը» [տե՛ս Բ Օրին. Զ 4,5]։

Դարձյալ՝ ականջները պետք է բացել նաև ամեն խնդրողի առաջ, ով հարկավոր պետքերն է պահանջում՝ բավարարելու մարմնի կարիքները, և կամ՝ հոգևոր խրատներ տալ, որն ավելի մեծ է և օգտակար, քան մարմնի կարիքը հագեցնելը։ Եվ այսպես Աստծո կամքի համաձայն է լինում քո լսելիքը բացելը։

Հոտոտելիք

Եվ հոտոտելիքդ փակի՛ր ամեն տեսակ հեշտալի և ախտավոր հոտերի առջև, որոնք սովորաբար վավաշոտների մոտ են տեսնում, քանի որ անուշահոտության ամեն տեսակ հնարներ են հորինում մարմնի և հանդերձների համար՝ ախտավոր ցանկությանը նյութ և զորություն տալու, որով հոգիների ամրությունը մեղկացնելով թուլացնում են՝ վայր ընկնելով արիական հանդեսի պնդակազմության բարձրությունից։

Ճաշակելիք

Ովքեր ախորժում են սրբությամբ հաղորդ լինել Ամենասուրբին, պետք է նաև ճաշակելիքը փակեն ամեն վնասակար հեշտության առջև։ Քանի որ թեպետ և Աստծուց թույլ է տրված հարկավորի վայելումը, ինչպես և ասաց. «Ահաւասիկ տուեցի ձեզ ամէն բան, կերէ՛ք իբրեւ բանջար» [Ծնն. Թ 3], քանզի, որպես մարմինն արարող, գիտեր նրա տկարությունն ու պետքերը, բայց արգելեց ավելորդ կերակուրներից՝ անչափ որկորսությունից , որով անմիտներն անկարգաբար խճողում են որովայնները, որովհետև չգիտեն մեր բնության կարգավորությունը, թե կերակուրն Արարչից նրա համար տրվեց կենդանիներին, որ կենդանություն, զորություն և առողջություն պահի մարմինների մեջ։ Քանզի բնությունը, հոսանուտ լինելով, ստացածը չի պահում, ուստի և թափվածի փոխարեն լրացման կարիք է զգում։

Իսկ ի՞նչ ասեմ արբեցողների մասին, որոնք հույժ գերազանցում են անհագ ուտողներին։

Իսկ արբեցողները բանական իմաստությունը, որը տիրական պատկերն է, ապականում են, քանի որ ըստ պատշաճի ո՛չ խորհել և ո՛չ գործել են կարողանում։ Եվ սրանով ոչ միայն անասուններին են հավասարվում, այլև նրանցից շատ ավելի անմիտ դառնում։ Քանզի թեպետ և նրանք բանական հանճարներից զրկված են, սակայն ունեն բնական շարժումներ՝ ըստ իրենց կյանքի կարիքի չափի՝ իրենց օգտակարն ընտրելու, այսինքն՝ միմյանցից տարբերելու առողջարար և մահացու կերակուրները։

Արբեցողները ոչ միայն բանական իմաստությունն ու խոհական ընտրողությունն են կորցնում, այլև այս անասնային հատկություններն էլ իրենցում չունեն, քանզի բոլոր զգայական զորությունները կորցնում են, որովհետև ընկնելով տապալվում են ուրիշների կողմից որպես դիակ բարձրացվելով բերվում։ Եվ ոչ էլ աչքերն են ըստ պատշաճի տեսնում, մինչև իսկ բարեկամներին և թշնամիներին միմյանցից տարբերել չեն կարողանում։ Ունկը ևս ճիշտ չի լսում, քանզի բազում խոսքեր այլ կերպ է հասկանում։ Ոչ էլ լեզուն է, խոսքին հարմարվելով, կապակցված և ըստ կարգի շարժվում։ Ձեռքը նույնպես պատշաճապես չի շարժվում՝ գործելու համար։ Իսկ նրանց մասին, ովքեր, անմիտ կերպով շռայլելով, գինարբուների հավաքի մեջ անմտաբար ծախսում են և հետո զղջում, ին՞չ պետք է ասել, քանզի դրանցից շատերը կյանքի միջոցը՝ ամբողջ ունեցվածքը, մեկ օրում վատնում են։ Եվ միայն այսչափ չեն արբեցության վնասները, այլ քանի որ արբեցողը խելահեղ է դառնում և չի իմանում՝ ինչ է խոսում և կամ գործում, խոսքով ընկնում է վեճերի, գրգռության, հակառակության, բարկության և զայրույթի, կռվի և թշնամանքի, հայհոյությունների և նախատինքի, արհամարհանքի և ոտնահարության և սրանից էլ՝ հարվածների և ծեծերի մեջ, որոնց պատճառով բազում անգամ տեղի են ունենում նաև սպանություններ։

Սրան հետևում են բանտ, կապանք, տուգանք և ունեցվածքի հափշտակություն, անդամահատում, հայրենիքից վտարում, օտարության մեջ հալածանք և կամ՝ մահվան փոխարեն մահ։

Խոսելիք

Այնուհետև պետք է լեզվի վրա ևս սանձ դնել, քանզի թեպետ և փոքր անդամ է, սակայն մեծ-մեծ խոսքեր է բարբառում՝ ըստ առաքյալի, որն այն կոչում է անիրավության զարդ և ամբողջ մարմնի ապականիչ. «Նրանով,- ասում է, - օրհնում ենք Աստծուն եւ նրանով անիծում մարդկանց, որոնք Աստուծոյ պատկերով ստեղծուեցին»։

Այլ լեզուն պետք է սանձել այս բոլոր անկարգ շարժումների հանդեպ, դարձյալ՝ գեղեցկապես այն շարժել երեք Անձերի և Մի Աստվածության՝ համաբուն և զուգական Երրորդության սուրբ և ուղղափառ հավատքի խոստովանության, աշխարհանորոգ և փրկական տնօրինության դավանության, անսահման բարերարության և հոգնառատ պարգևաբաշխության օրհնության և փառաբանության, սեփական անձի և ազգի փրկության համար մշտանվեր աղերսների, գործերով, խոսքերով և խորհուրդներով նախապես գործված հանցանքների աներկյուղ հանդիմանությամբ և գովելի ամոթխածության, անպատկառապես, մեծամեծերից չնչիններին հասնելով, խոստովանության, նաև` խրատելու, օգտակար լինելու համար նրանց, ովքեր նման հոգևոր և մարմնավոր կարիքներ ունեն։

Շոշափելիք

Ապա ըստ կարգի պատշաճ է խոսել նաև շոշափելիքի մասին և նրա հանդուգն հարձակումը ետ մղել, որի միջոցով հոգին դյուրությամբ մտնում է չարության մեջ և ընկնում մեղքերի մեջ։ Եվ նախ պետք է կարճել գարշ ու զազրելի շոշափումը, որը զեխերի և անառակների մոտ ամուսնության և պոռնկության ժամանակ է լինում։

Ձեռքերը գողությունից և՛ս պետք է հեռու պահել՝ ըստ առաքյալի հրամանի, որ ասում է. «Ով գողանում էր, թող այլևս չգողանա, այլ մանավանդ աշխատի իր ձեռքերով բարիք գործել, որպեսզի կարողանա տալ, ում պետք լինի» [Եփես. Դ 28]։ Ձեռքերը կաշառքից և՛ս պետք է թոթափել, որը պարսավում է մարգարեն՝ ասելով. «Նրանց ձեռքերն անօրինության մեջ են, և նրանց աջ ձեռքը լի է կաշառքով» [Սաղմ. ԻԵ 10]։ Քանի որ կաշառքն, ասում է, կուրացնում է վերցնողին՝ դատաստանը թյուրելու, որովհետև անհնար է զուգակցել կաշառքը և իրավունքը։ Քանզի ինչպես որ հուրը մոմն է հալեցնում, և ծուխը՝ մեղուներին փախցնում, այդպես էլ կաշառքն է իրավունքը հալեցնում և փախցնում։ Իսկ կաշառքից հեռացածներին բարեբանությամբ գովում են՝ ասելով. «Ով իր ձեռքերը թօթափում է կաշառքից…[նա կբնակուի հաստատուն բարձր վէմի վրայ]» [տե՛ս Եսայի ԼԳ 15] և թե՝ «Իրաւունքի համար նա կաշառք չի վերցնում եւ ով այսպէս անի, նա չի սասանուի յավիտեան» [Սաղմ. ԺԴ6]։ Դարձյալ պետք չե արծաթը տոկոսով պարտք տալ, քանզի վաշխերն ու տոկոսներն ամբարիշտների տներում են, ասում է իմաստունը [տե՛ս Առակ. ԻԸ 8]։ Սակայն եթե, որպես Քրիստոսի կատարյալ աշակերտ, ըստ Տիրոջ հրամանի, չես կարող փոխ տալ նրան, ումից ստանալու ակնկալություն չունես, որպեսզի այն բազմապատկությամբ արքայության մեջ ստանաս, գոնե ըստ մեղավորների՛ փոխ տուր, որպեսզի վերստին հավասար չափով ստանաս։ Իսկ արծաթի անծնունդ բնությունը ծննդական դարձնելը հակառակ է Աստծուն, քանզի Նա կենդանինե՛րը ծննդական սահմանեց և ոչ թե՝ արծաթը։ Եվ՝ կենդանիները տարվա մեջ են մի անգամ ծնվում, իսկ արծաթը՝ ամսվա մեջ. այս ամենից դժնդակ է և Աստծուն առավե՛լ ընդդեմ, քանզի դու որպես նրանից զորավոր և իմաստո՛ւն կարողացար վերցնել այն, ինչում նա տկարացավ։

Մեկի հարվածելու համար և՛ս ձեռքը չմեկնել, քանզի Տիրոջից հարվածել չսովորեցինք, այլ հարվածողներին մեր ծնոտը մոտեցնել։ Եվ ինչ որ խոսքով վարդապետեց, գործով կատարեց, քանզի չար ծառային, որ Իրեն ապտակեց, չսաստեց և չպատուհասեց։ Քանզի բազում անգամ սպանություն է գործվում փոքր հարվածներից, էլ չեմ ասում ավելի սաստիկների մասին։

Դարձյալ ձեռքը չմեկնել զրկանքի և հափշտակության համար, մանավանդ որ հրաման ստացանք արդարությամբ ժողովածը բաշխել և տալ կարոտյալներին։ Եվ երբ հակառակների և օրենքով հրաժարելիների դեմ շոշափելիքի ազատությունը փակում ենք, բացենք նրա համար բարեգործության օգտակար և պիտանի դռները։

Այլ բարեպաշտությունների մասին

Եվ աղոթքի՝ ցերեկն ու գիշերը սահմանված բոլոր ժամերին պետք է փութալ Աստծո եկեղեցին և կամ աղոթքի որևիցե տեղ, առավել ևս՝ սոսկալի և մեղսաքավիչ Պատարագի ժամին։ Քանզի եթե քո Տերն անճառ սիրո պատճառով, իջնելով անբավ բարձրությունից, պատարագվում է քո մեղքերի քավության համար՝ դառնալով հաշտության միջնորդ

Հոր և քո միջև, ինչպես և ասաց. «Այս է Իմ Մարմինը, որ բաշխւում է ձեր մեղքերի թողութեան համար» [Մատթ. ԻԶ 26], որչա՞փ առավել ևս իրավացի է քե՛զ գնալ և ընկնել նրա առջև և գոհանալ ու շնորհ ստանալ Բարերարությունից, որ պարտավորներիս, անարժաններիս և բյուրապատիկ հանցանքներով Նրանից ապստամբածներիս համար Իր անձը նվեր և պատարագ է տալիս՝ պատժապարտներիս Հոր հետ հաշտեցնելու։

Ու ոչ միայն պետք է աղոթել սուրբ Պատարագի առջև, այլև՝ հաղորդվել փրկական Խորհրդի հետ, քանզի ասաց, թե հաղորդվողների՛ն մեղքերի թողություն կլինի ու ոչ թե՝ չհաղորդվողներին։ Քանզի նախ ասաց. թե՝ «Առէ՛ք, կերէ՛ք, ա՛յս է Իմ Մարմինը» և ապա՛ ավելացրեց. «որ բաշխւում է ձեր մեղքերի թողութեան համար» [Մատթ. ԻԶ 26։

Սակայն բարերար և մարդասեր Աստված, ըստ մարդկանց հանդեպ ունեցած Իր անչափ սիրո, կամենալով նրանց Իրեն միացնել, իբրև սրբության պատճառ՝ խոստովանությունը և ապաշխարությունը տվեց նրանց։ Որպեսզի ամեն ոք ճշմարիտ սրտով, ըստ իր մտքի գիտակցության, սրտի շտեմարանները մտնելով, մանրամասնաբար որոնի հոգու, մարմնի և մտքի, խորհուրդների, խոսքերի և գործերի բոլոր սխալները և առանց ամաչելու և ծածկելու խոստովանի՝ ամբաստանելով մեղքերը որպես թշնամի, ըստ կարողության չափի՝ ապաշխարության չափի՝ ապաշխարության կարգը կրի և ապաշխարի ու սրբվի։

Եվ արդ, ահավասիկ Աստծո շնորհներով հոգու մասերի, մտքի շարժումների և մարմնի զգայությունների և մարմնի մեջ մեղքերի մուտքերը փակվեցին և առաքինության ու սրբության դռները բացվեցին։ Քանզի ամբողջովին ա՛յս իսկ է մարդը. հոգին և իր զորությունները, միտքը և իր շարժումները, մարմինը և իր զգայարանները, որոնք ըստ վերոգրյալի, պետք է ամենայն զգուշությամբ պահել։

Գրիգոր Վարդապետ, Խօսք ճշմարիտ հավատքի և առաքինասէր վարքի մասին, Գանձասար. Հանդէս, 1992:

Աղբյուր՝ Պատմական Աստվածաբանություն