Այսպէս է ասում Տէրը. «Երանի՜ է այն ծառային, որին իր տէրը, երբ որ գայ, այդպէս արած կը գտնի։ Արդարեւ, ասում եմ ձեզ, որ նրան իր բոլոր ինչքերի վրայ վերակացու կը կարգի» ( Ղուկասի 12:43-44)

Ուրիշի ցավին մասնակից լինելը

Երբ մարդ ցավ է զգում իր մերձավորի համար, ապա դա որոշակի կերպով Աստծո գորովն է շարժում: Աստված ուրախանում է, որովհետև այդպիսի մարդն, իր սիրով, ցույց է տալիս, որ սերտ կապի մեջ է Աստծո հետ և դա նրան աստվածային մխիթարություն է բերում: (Եթե այդ աստվածային սփոփանքը չլիներ) մարդ չէր կարողանա տանել մերձավորի համար զգացած ցավը:

- Հա՛յր, ինչպե՞ս կարող ենք ուրիշի ցավը զգալ:

- Եթե դու նույնպես ցավ ես զգում, ապա ուրիշ մարդու ցավի մասին ես մտածում, փոխարինում ես նրան ու մեծ ցավ ես զգում ոչ թե քո, այլ՝ նրա համար: Այսինքն, քո սեփական ցավն օգնում է քեզ այլոց ցավը հասկանալու: Իսկ երբ սեփական ցավդ ուրախությամբ ես ընդունում՝ սփոփում ես նաև նրանց, ովքեր ցավ են զգում: Սակայն, իհարկե, մի բան է ուղղակի իմանալ, որ ինչ-որ մեկը հիվանդացել է, իսկ ուրիշ բան է ինքդ հիվանդանաս: Այդ ժամանակ հասկանում ես հիվանդին: Առաջ, երբ «քիմիաթերապիա» բառը լսում էի, մտածում էի, որ դա «խիմոթերապիա»*-ն է, այսինքն մտածում էի, որ քաղցկեղով հիվանդներին հյութ, մաքուր սննդամթերք են տալիս որպես դեղորայք: Որտեղի՞ց իմանայի, թե ինչ է «քիմիաթերապիան»: Սակայն հիմա հասկացա, թե ինչ տանջանք է դա:

- Հա՛յր, իսկ ո՞րն է ավելի տանջալից՝ քիմիաթերապիան, թե՞ ճառագայթումը:

- Տանջալի՞ց: Մեկը մյուսից հեշտ չէ՝ թե՛ ճառագայթումը, թե՛ քիմիաթերապիան… Եվ ամենից վատն այն է, որ այդ բոլոր գործողություններն ախորժակ են փակում: Պետք է լավ սնվես, բայց ոչինչ չես կարողանում ուտել: Իսկ բժիշկները պնդում են. «Պետք է լավ սնվես»: Իհա՛րկե պետք է, բայց ինչպե՞ս ուտես, եթե այդ բոլոր քիմիաթերապիաներն ու ճառագայթումներն ախորժակ են փակում ու քեզ դիակի են վերածում: Երբ ես ճառագայթման կուրս էի անցնում, չնայած այն բանին, որ ամբողջովին այրվում էի՝ ընդհանրապես չէի կարողանում ջուր խմել: Նույնիսկ ջուրն էր զզվանք առաջացնում: Սկսում էի փսխել դրանից**:

- Հա՛յր, եթե Դուք մի փոքր շուտ համաձայնվեիք վիրահատվել…

- Ի՞նչ «մի փոքր շուտ»-ի մասին է խոսքը: Ես չեմ աղոթում առողջանալու համար, որովհետև քաղցկեղով հիվանդ լինելով՝ տանջվում եմ նրանց հետ, ովքեր տառապանք են զգում: Ավելի լավ եմ հասկանում նրանց, ովքեր ցավ են զգում և մասնակից եմ դառնում նրանց ցավին: Բայց դրանից բացի, հիվանդությունը հոգևոր կերպով օգտակար է նաև ինձ համար: Ես միայն այն եմ խնդրում, որպեսզի ի վիճակի լինեմ ինքնուրույն հոգ տանելու իմ մասին և ուրիշներին օգնելու: Սակայն թող լինի այնպես, ինչպես Աստված է կամենում:

Եթե դու մի հիվանդություն ունես և այն քեզ չի զբաղեցնում (այսինքն ուշադրություն չես դարձնում դրա վրա), ապա դու, եթե կարելի է այդպես արտահայտվել, իրավունք ունես Աստծուն խնդրելու, որպեսզի Նա այլ մարդկանց առողջական վիճակը լավացնի: Բայց այն մարդը ևս, ում ոչ մի տեղը չի ցավում, թող գոնե մի փոքր տառապի նրանց փոխարեն, ով ցավ ունի: Ինչպես ֆարասեցիներն էին ասում. «Ես քո մախաղը կտանեմ», այսինքն ցավդ, տանջանքդ, վիշտդ ինձ վրա կվերցնեմ:

- Հա՛յր, իսկ ի՞նչ կերպ էին իրենց վրա վերցնում:

- Սիրո միջոցով: Մարդ, եթե սիրով է մեկին ասում. «Ցավդ կտանեմ», ապա վերցնում է այն: Սակայն, եթե վերցնի այն՝ հետագայում մեծ համբերություն, արիություն և ուժ է հարկավոր այն տանելու համար: Որոշ մարդիկ գալիս ու ասում են ինձ. «Հա՛յր, ուզում եմ ցավդ ինձ վրա վերցնել»: Ոմանք դա իրոք արիությամբ են ասում, սակայն որոշ վախլուկներ իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են խոսում: Իրենք հենց առաջին չնչին բանից բժշկի մոտ են վազում և շատ շուտ հուսահատվում են: Չեն կարողանում սեփական փոքր ցավին դիմանալ, և դեռ ասում են, թե իմ ցավն իրենց վրա կվերցնեն: Ավելի լավ է իրենց սեփական ցավին դիմանային, ուրախությամբ ընդունեին այն դառնությունները, որ Աստված թույլ է տալիս և իբրև թե սիրուց դրդված չխնդրեին, որպեսզի այլոց ցավն իրենց վրա վերցնեն: Քանի որ, եթե Աստված կատարի նրանց խնդրանքը, բայց իրենք արդեն մոռացած լինեն, թե ինչ էին խնդրել և սկսեն տրտնջալ, ապա հնարավոր է, որ նույնիսկ Աստծուն մեղադրեն այն բանի համար, ինչ իրենց հետ պատահեց:

* Հունարեն "χυμός" բառից, որ հյութ է նշանակում:

** Արտասանվել է 1994թ. հունիսին, վախճանից մեկ ամիս առաջ:

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

Աղբյուր՝ Surbzoravor.am