Այսպէս է ասում Տէրը. «Այո՛, դարձէ՛ք ձեր Տէր Աստծուն, որովհետեւ նա ողորմած է եւ գթասիրտ, համբերատար եւ բազումողորմ եւ ափսոսում է մարդկանց չարիքների համար» (Հովել 2:13)

Հովհաննես Մանդակունի. Զղջման աղոթք Արարչին

Ո՜վ անեղ եւ անստեղծ, Արարի՛չ բոլոր արարածների, Ում ո՛չ երկիրը կարող է տանել, եւ ո՛չ էլ երկինքը՝ ընդգրկել, այլ վեր ես, քան երկինքը, եւ [երկրի] ծագերից էլ այն կողմ, եւ բոլոր երեւելիները եւ աներեւոյթները Քեզանով են բովանդակուած: Դու տիրում ես բոլորին, եւ Քո հրամանը կառավարում է բոլոր արարածներին, Դու աղքատացնում ես եւ Դու՝ հարստացնում, հարուածում եւ Ինքդ բժշկում, Դու ես սատանայից վտանգուածիս սփոփիչը եւ մեղքերով հիւանդացածիս առողջացնողը, Դու ես աղօթքներն ընդունողը եւ խնդրւածքները կատարողը: Խոնարհեցրո՛ւ, Տէ՛ր, Քո ունկը եւ լսի՛ր Քո ծառային, տե՛ս, Տէ՛ր, իմ տառապանքները եւ ընդունի՛ր ինձ գթութեամբ, ինձ մի՛ խրատիր Քո բարկութեամբ եւ Քո ցասումով մի՛ յանդիմանիր, քանզի Աստուած ես գթութեան, գթա՛ եւ ինձ՝ մեղաւորիս, որ բազում հեծեծանքներով եւ պաղատանքներով աղերսում եւ աղաչում եմ Քեզ: Քանզի կարեվէր եմ մեղքերով եւ ցաւահարուած՝ անօրէնութեամբ, չարաչար ախտերով՝ յանցանքների մէջ, եւ պիղծ խորհուրդներով՝ ամբարշտութեանս մէջ, գարշ հոգովս՝ աղտոտուած, եւ մեղսաթաթած մարմնովս՝ զազրացածմ ամօթահար երեսով կանգնած Քո առաջ եւ ամօթով՝ տեսնողների առաջ:

Եւ արդ, Դո՛ւ, Տէ՛ր, քա՛ղցր եւ ներո՛ղ, որ ներողամիտ կոչուեցիր մեղաւորների պատճառով, որ ասացիր, թէ՝ երբ անօրէնը դառնայ, չեմ յիշի անօրէնութիւնները, որ արեց: Եւ արդ, ահա՛ մեղաւոր ծառաս եկել ընկել եմ Քո առաջ եւ թախանձելով խնդրում եմ Քեզանից ողորմութիւն. մի՛ յիշիր իմ բազում մեղքերը, իմ անօրէնութիւնները երեսովս մի՛ տուր, որ թէ՛ կամովի, թէ՛ ակամայ մեղանչեցի, թէ՛ խօսքով, թէ՛ գործով եւ թէ՛ անտեղի մտածութիւններով պղծուեցի, թէ՛ անգիտութեան եւ թէ՛ ծուլութեան եւ թէ՛ մոռացութեան պատճառով [մեղք] գործեցի, քանզի Դո՛ւ, Տէ՛ր, սովոր ես գթալ ու ողորմել, ներել բազում մեղքերը եւ քաւել անօրէնութիւնների ամբողջ բազմութիւնը, որ սրբեցիր պոռնիկին, ազատեցիր աւազակին, արդարացրիր մաքսաւորին եւ թեթեւացրիր մեղքերով ծանրաբեռնուածներին: Քանզի ողորմուած Աստուած ես եւ գթում ես մեղաւորներին, ովքեր հաւատքով դիմում եմ Քեզ. գթա՛, Տէ՛ր, եւ ինձ՝ բազմամեղիս, եւ փրկի՛ր թշնամու թոյնից: Փարատի՛ր, Տէ՛ր, խաւարում շրջող իմ հայեացքները, բա՛ց իմ խլացած ականջները լսելու համար, բժշկի՛ր բամբասանքներից վիրաւորուած իմ լեզուն եւ սրբի՛ր իմ սիրտը չար խորհուրդներից:

Քե՛զ եմ ցանկանում, բարերա՛ր Տէր, եւ փափագում իմ գթած Հօրը. գթա՛ ինձ՝ մեղաւորիս, եւ ընդունի՛ր ինչպէս անառակ որդուն: Քո սիրով յագեցրո՛ւ իմ քաղցը, ծարաւս լցրո՛ւ Քո առատաբուխ շնորհով, քանզի անդադար Քեզ մերձենալ եմ փնտրում եւ Քեզ նայել յարաժամ տենչում, միշտ փափագում Քո շնորհները եւ հանապազ կարօտում Քո ողորմութիւնը: Մի՛ պարտաւորեցրու պատժուածների հետ եւ մի՛ դատապարտիր ատելիների հետ, այլ ընդունի՛ր Քո կամքը կատարողների եւ պահի՛ր Քո պատուիրանները պահողների հետ: Քանզի եթէ իմ յանցանքները առանց ներելու քննես, ընդունայն է ինձ համար յարութեան խոստումը, քանզի գեհենի հրի մէջ է իմ ժառանգութիւնը: Քանզի եթէ դատես իմ անտեղի եւ դատապարտելի մտածութիւնները, ապա երանի թէ չծնուէի որովայնից, այլ նայի՛ր իմ աղերսներին եւ պաղատանքներին եւ մի՛ մերժիր ինձ Քո ողորմութիւնից, քանզի ես Քո ողորմութիւնն եմ տենչում եւ Քո գթութիւնը կարօտում: Քանզի մշտապէս իմ մարմինը պղծեցի եւ հանապազ հոգիս աղտոտեցի ոչ միայն չար վարքով, այլեւ՝ զազիր խորհուրդներով:

Եւ արդ, լուա՛ մեղքերից եւ մաքրի՛ր այս գարշաշաղախ տիղմից: Քեզ խնդրեցի եւ Քեզ եմ աղաչում, լցրո՛ւ իմ փագման կարօտութիւնը, խառնի՛ր ինձ սուրբերի դասին եւ արդարների ժողովին, ովքեր յարաժամ վայելում են Քո ցանկալի տեսութիւնը: Եւ չեմ հայցում, ինչպէս համարձակերես բարեգործ մէկը, այլ՝ աղերսելով թախանձում, ինչպէս պարտապանը եւ բազմամեղը: Չեմ համարձակւում ինչպէս մաքուրը, այլ՝ աղաչում՝ մաքրի՛ր իմ գարշահոտութիւնը Քո մաքրութեամբ, քանզի բռնուած եմ իմ անթիւ մեղքերի բազմութիւններով, եւ իմ անօրէնութեան ամբոխներն ինձ հանապազ հեղձում են, սիրտս ճմլում եւ մարմինս ու ոսկորներս հալեցնում ու մաշեցնում. ուստի հանապազ թախանձում եմ՝ պաղատելով, աղաչելով եւ աղերսելով, քանզի Դու իմ Հայրն ես ու Տէրը, արարիչը եւ ստեղծողը, ո՜ւմ մօտ գնամ կամ ումի՜ց խնդրեմ օգնութիւն: Մեղա՜յ Քեզ, խոստովանում եմ Քեզ եւ աղաչում ՝մի՛ մերժիր ինձ Քո ողորմութիւնից եւ մի՛ զրկիր Քո երեսից: Աղաչում եմ Քեզ՝ բարերար Տիրոջդ եւ իմ բազմագութ Արարչիդ՝ յաւիտենական ամօթով ինձ մի՛ ամաչեցրու եւ [Դատաստանի] մեծ Օրը ինձ մի՛ դատապարտիր, տիեզերական հրապարակիդ առաջ ինձ մի՛ յանդիմանիր, անողորմ տանջանքներով մի՛ տանջիր եւ սոսկալի գեհենովդ մի՛ պատուհասիր: Այլ փրկի՛ր հրացայտ հնոցներից եւ հրեղէնների հրահոսան գետերից, չարաժանիք որդերից, անթափանց խաւարից, դառը դատաստաններից եւ աններելի տանջանքնեից, անքակտելի կապանքներից եւ հանապազորդ նեղութիւններից, միշտ ողբալուց եւ ատամներ կրճտացնելուց: Այլ գթա՛ մեղքերով վիրաւորուածիս եւ բժշկի՛ր անօրէնութեամբ հիւանդացածիս: Ընդունի՛ր ինչպէս հայհոյողին եւ հալածչին, փարատի՛ր իմ մեղքերի բազմութիւնը, սրբի՛ր ինձ պղծութիւնից, ինչպէս պոռնիկին, եւ արդարացրո՛ւ, ինչպէս մաքսաւորին: Ողորմի՛ր, ինչպէս քանանացուն, եւ ների՛ր իմ յանցանքներն, ինչպէս աւազակին: Բնակեցրո՛ւ ինձ սուրբերի դասի եւ Քո կամարար արդարների խորանների մէջ, անանց կեանքի վայելչութեան եւ անբաւ ուրախութեան բարիքների մէջ՝ ի Տէր մեր Յիսուս Քրիստոս, Որին, փա՜ռք յաւիտեան:

Աղբյուր՝ ԱՂՈԹԱՐԱՆ