Այսպէս է ասում Տէրը. «Կին արարածը թող ուսանի լռութեամբ, կատարեալ հնազանդութեամբ։ Եւ ես թոյլ չեմ տալիս, որ կին արարածը ուսուցանի կամ էլ խօսքով իշխի տղամարդու վրայ, այլ թող լուռ մնայ. որովհետեւ նախ Ադամը ստեղծուեց եւ ապա՝ Եւան» (Տիմոթեոս 2:11-13)

Սահակ եպիսկոպոս Մաշալյան. Անհրաժեշտ է զորանալ Աստծո սիրո մեջ...

Ի՞նչից է առաջանում վախը:Կարծում եմ, վախն ամենից առաջ տգիտությունից է առաջանում, ինչպես երբ խավար սենյակ ենք մտնում՝ վախենում ենք, որովհետև չգիտենք, թե այնտեղ ինչ կա, իսկ երբ լույսը վառում ենք, պարզվում է, որ վախենալու ոչինչ չկա: Մանկության տարիների վախերն էլ են երբեմն մնում մեր մեջ. օրինակ, անտառում վախենում ենք՝ կարծելով, թե օձ ենք տեսնում, այնինչ մեր տեսածը գետնին ընկած ճյուղ է: Միևնույն է, մտքում շարունակ օձից զգուշանում ենք: Վախը, կարծում եմ, ձեռքբերովի է, որը մարդը նաև բնազդով է զգում:Հավատքն օգնում է կյանքում զանազանել, թե ինչից կարելի է վախենալ, ինչից՝ ոչ, որն է զգուշանալու և վախի սահմանը:

Ըստ այդմ, հետզհետե գիտակցությամբ ու հավատքով պետք է անտեղի չվախենանք: Վախն, ըստ Սուրբ Գրքի, ունի դրական և բացասական կողմեր: Օրինակ, Սողոմոն Իմաստունն ասում է. «Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է» (Առակ. 1:7): Մարդը պետք է երկյուղի Աստծուց, որպեսզի բարոյական կյանքով ապրի: Դոստոևսկին ասել է, որ եթե Աստված չկա, ուրեմն մարդն ամեն ինչ կկատարի` կգողանա, կսպանի, թույլ կտա ամեն տեսակ անբարո արարք, հետո կմեռնի: Բայց Աստծուց վախեցող մարդը խորհում է, հատկապես, երբ իմանում է հավիտենական կյանքի գոյության մասին և ավելի է մոտենում Աստծուն: Ս. Հովհաննես առաքյալն իր առաջին թղթում գրում է. «Սիրո մեջ երկյուղ չկա, և կատարյալ սերը հեռու է վանում երկյուղը» (Ա Հովհ. 4:18): Դրա համար քրիստոնեության հիմնական առաքելությունն Աստծո վախը չէ, այլ սերն է, երբ սիրում են, լուսավորվում են: Անհրաժեշտ է զորանալ Աստծո սիրո մեջ: Անթիլիասյում սովորելու տարիներին մի օր մտա ընկերոջս սենյակ, այնտեղ խոշոր տառերով գրված էր. «Վախը թակեց դուռը, հավատքը բացեց, և այնտեղ ոչ ոք չկար»: Հավատքի լույսով, Աստծո օգնությամբ, Սուրբ Գրքի ընթերցումներով կամաց-կամաց ավելի շիտակ հասկացողություն պիտի ձեռք բերենք տիեզերքի, ընկերության, Աստծո և հավիտենական կյանքի մասին: Պետք է զգույշ լինել, որովհետև տիեզերքում ամեն ինչ պատճառ և հետևանք ունի:

Պետք է իմանալ, որ սխալ գործելով պատիժների կենթարկվենք: Ի՞նչ է տալիս մարդուն աստվածավախությունը: Ամենից առաջ մարդն իմանում է իր տեղը կյանքում: Երբ մարդն Աստծուց չի վախենում, ինքնակենտրոն է, ամեն ինչ անում է իր շահի, հաճույքի համար: Բայց երբ մեկն Աստծուց երկյուղում է, զգուշավոր է:

Դրանով հավաստում է, որ Աստված է իր արարիչը և իրենից ինչ-որ պահանջում է՝ ինքը պիտի կատարի: Աստծուց վախեցող մարդը կարողանում է գտնել իր տեղն այս աշխարհում, իմանում իր պարտականություններն ու իրավունքները: Աստծուց երկյուղելով` կամաց-կամաց փրկվում է ադամական մեղքից: Շատերն են Աստծուն մերձենալուց խուսափում՝ պատճառաբանելով, որ իրենք անընդհատ մեղք են գործում:Գոյություն ունի քրիստոնեական մանկավարժություն: Եթե մեկը լավ չի հասկանում, թե մեղքն ինչ է, կարծում է, թե այն օգտակար է: Իսկ երբ Աստծուն հավատալով՝ իմանում է, որ պետք է հրաժարվի մեղքից, մտածում է, թե տակավին երիտասարդ է:

Այս դեպքում անհրաժեշտ է խոսել ոչ թե Աստծո երկյուղից, այլ բացատրել, որ մեղքը վնասակար է և մարդուն դժբախտության է մատնում: Եթե այս գաղափարը չի ընդունվում, ապա իզուր է վախի մասին խոսելը, քանի որ նա արդեն սխալ է պատկերացնում հավատքը, որովհետև Աստված ինչ որ պահանջում է, սարսափելի դժվար է նրա համար: Կա՞ն գործնական քայլեր այսպիսի դեպքերում:Երբ մեկն ուրիշին է վկայում քրիստոնեության մասին և իր կյանքը հիմնել է Աստծո դատաստանի, երկյուղի վրա, ուրեմն այդպես էլ կվկայի դիմացինին: Իսկ եթե նրա հավատքի կյանքը հիմնված է Աստծո սիրո վրա, Քրիստոսի սիրուց պիտի խոսի և ուրախ լինի: Իսկ վախեցած քրիստոնյան միայն սարսափազդու բաներ պիտի վկայի: Սիրո վարձքը սերն է, և Աստված մեզ այդ հարաբերության մեջ է ցանկանում տեսնել: Վախն սկսնակներին է անհրաժեշտ, ինչպես աշակերտներին, ում շատ են սիրում, բայց նաև խրատում, պատժում են: Դրակա՞ն է, երբ մարդը մարդուց վախենում է:Այո, կյանքն ապացուցում է, որ մարդը բոլոր գազաններից ամենասարսափելին է: Երբ ապրում ենք մեղքին գերի դարձած, մեղքն ու չարությունը մարմնավորած մարդկանց կողքին, պետք է զգույշ և ուշադիր լինենք, քանի որ մենք էլ ենք չարանում: Բայց Սուրբ Գրքում հիշատակված մարդիկ չեն վախենում մարդկանցից: Հիսուսն ասում է, որ պետք չէ վախենալ թագավորներից, կուսակալներից. «Եվ ով ինձ կուրանա մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ իմ Հոր առաջ, որ երկնքում է»: (Մատթ. 10:33): Հետևաբար, մարդկանցից պետք է ոչ թե վախենալ, այլ զգուշանալ:

Աղբյուր՝ Qahana.am