Այսպէս է ասում Տէրը. «Այո՛, դարձէ՛ք ձեր Տէր Աստծուն, որովհետեւ նա ողորմած է եւ գթասիրտ, համբերատար եւ բազումողորմ եւ ափսոսում է մարդկանց չարիքների համար» (Հովել 2:13)

Լիլիկ Ստեփանյան․ Երգ զանգակածաղկի մասին

Կար, ապրում էր մի զանգակածաղիկ:

Նա աճել էր բացատում, որտեղ ուրիշ շատ ծաղիկներ կային՝ բազմերանգ ու բազմաբույր:

Զանգակածաղիկն այնքան նուրբ էր, կապույտ, եթերային… Առավոտյան նա սիրում էր դիմավորել արևագալը և շատ էր տխրում, երբ երեկոյան արփին մայր էր մտնում անտառի հետևում:

Գուցե դուք կարծում եք, թե նա միապաղա՞ղ էր ապրում: Ոչ, հավատացեք ինձ, նրա օրերը լի էին հրճվանքով, որովհետև նա սիրում էր իրեն շրջապատող ամեն ինչ և ամենքին: Նա սիրում էր նույնիսկ այն ժայռաբեկորը, որ չգիտես որտեղից էր հայտնվել բացատում, հենց իր արմատի մոտ: Զանգակածաղիկը երբեմն գլուխը հենում էր այդ քարին և հարթմնի երազում: Դա նրա ամենասիրած զբաղմունքն էր…

Արևի առաջին շողերի հետ արթնանում էր զանգակածաղիկը և օրն սկսում «բարի լույսով»: Նա ուրախ թափահարում էր գլխիկը և մեղմ զնգոցը հասնում էր բոլորին. «Բարի լո՜ւյս, խոտե՜ր ու ծաղիկնե՜ր, բարի լո՜ւյս, իմ պաղանո՜ւշ քար, բարի լո՜ւյս, բացա՜տ, բարի լո՜ւյս, արև՜»: Եվ բոլորը պատասխանում էին նրան ժպիտով. «Բարի լո՜ւյս»:

Հետո նա մի կում ցող էր խմում և սկսում ծաղիկներին ու խոտերին պատմել այն զարմանալի երազները, որ տեսնում էր ամեն գիշեր առվակի, զեփյուռի ու արեգակի մասին: Օրվա ընթացքում զանգակածաղիկը հետևում էր երկնքով սահող ամպերին և ծաղկից ծաղիկ թռչող թիթեռներին, հաճախ նույնիսկ երգում էր նրանց համար… Երեկոյան հրաժեշտ էր տալիս մայր մտնող արեգակին և, երբ հոգնում էր, քուն էր մտնում՝ գոհ ու երջանիկ Աստծո պարգևած օրով:

Սակայն զանգակածաղիկը երբեմն տխրում էր: Այդ պահերին նա հիշում էր հեքիաթային մի երազ, որ մի անգամ էր տեսել. շատ գեղեցիկ, սակայն անծանոթ, անանուն մի ծաղիկ գալիս, վերցնում էր նրան իր արմատի մոտ ընկած քարի մոտից ու բարձրացնում վեր, շա՜տ վեր և զանգակածաղիկը տեսնում էր աշխարհը՝ կապո՜ւյտ-կապո՜ւյտ… Եվ գնում էին նրանք միասին ու երջանիկ ծիծաղում…

Զանգակածաղիկը հավատում էր ու սպասում, և ամեն անգամ արշալույսին նրա հույսը շողարձակում էր ոսկեդեղին ճառագայթներով, որ մինչև արևն էին հասնում…

Այսպես անցան օրեր, էլի օրեր…

Մի առավոտ, երբ զանգակածաղիկը նոր էր արթնացել և ցողով լվացվում էր, ուժեղ քամի բարձրացավ: Արևը սովորականի նման «բարի լույս» չասաց և թաքնվեց ամպերի հետևում: Զանգակածաղիկը վախից կուչ եկավ հսկա քարի տակ և պինդ փակեց աչքերը՝ սպասելով, որ քամին դադարի: Նա չզգաց էլ, թե ինչպես շուտով քնեց և երազ տեսավ՝ այն կապո՜ւյտ-կապո՜ւյտ երազը…

Քամին անցավ, ամպերը ցրվեցին:

Զանգակածաղիկը, տեսնելով փայլող արևին, թափահարեց գլխիկը, որ ողջունի նրա հաղթանակը չար քամու նկատմամբ, բայց ավա՜ղ…

Չհնչեց այլևս այն մեղմ զնգոցը, որով նա ողջունում էր բոլորին…

Կանգնած էր զանգակածաղիկը մերկ գլխիկով. քամին պոկել էր նրա կապույտ, մաքուր երկնքի պես թրթռուն թերթիկները, իսկ նա իր հեքիաթային երազում չէր էլ նկատել այդ…

Իսկ արեգակը նրան էր փնտրում և, չգտնելով, մտածեց, որ գուցե ուժեղ քամին պոկել-տարել է զանգակածաղկին: Նա մռայլվեց մի պահ, բայց հետո ժպտաց: Չէ՞ որ նա արև էր և բացատում այնքա՜ն ուրիշ զանգակածաղիկներ և այլ ծաղիկներ կային՝ բազմերանգ ու բազմաբույր…

Իսկ զանգակածաղի՞կը. - կհարցնեք դուք: Բայց ես չեմ ուզում վշտացնել ձեզ, թեև ինքս ամեն անգամ անասելի տխրում եմ այս պատմությունը հիշելիս…

Աղբյուր՝ Granish.org