Այսպէս է ասում Տէրը. «Այո՛, դարձէ՛ք ձեր Տէր Աստծուն, որովհետեւ նա ողորմած է եւ գթասիրտ, համբերատար եւ բազումողորմ եւ ափսոսում է մարդկանց չարիքների համար» (Հովել 2:13)

Կոմիտասի նամակը Մատթեոս Իզմիրլյանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսին 1910, 10 մայիսի, Ս. Էջմիածին

Նորին Վեհափառութեան
Սրբազնագոյն Հայրապետի Ամենայն Հայոց
Տ. Տ. Մատթէոսի Բ

Վեհափառ Տէր,
Հայ եկեղեցական երաժշտութիւնն անցեալ ԺԹ եւ մանաւանդ Ի դարում դէպի անկումն է դիմում: Ի միջի այլ հզօր պատճառների, դէպի անկումն է դիմում, զի եկեղեցիներում առաւելապէս ուշք են դարձնում լոկ Ս. Պատարագի եւ այն աղաւաղուած երգեցողութեան, որ հիմն ի վեր կորցրել է իր պարզ ու վսեմ, անպաճոյճ ու մանկական միամտութեամբ համեմուած, անմեղ ու հաւատով ներկուած եղանակները եւ տեղի տուել խառնաշփոթ, անյարիր, անպատշաճ, մուրացածոյ եւ մեղկիչ երգեցողութեան: Մեր նախնեաց արեւի պէս ջերմ, օդի պէս ջինջ ու ջրի պէս կայտառ շարականները բոլորովին երկրորդական, նոյնիսկ, յետին տեղն են անցել, մոռացութեան մատնուել, որով մեր հոգեւոր երաժշտութեան զարկերակն է կտրուել: Արդ, շարականագէտներն օր աւուր նուազում են, շարականներն անարգութեամբ նսեմանում են եւ փոխարէնն աճում են թերուս ու տգէտ, անփորձ ու անշնորհք դպիրներ ու դպրապետներ, որոնք նախքան զտեսութիւնն երաժիշտք են եւ որոնց անսանձ ու շահատակ կամայականութեանն է յանձնուած հայ ժողովրդի հոգեւոր եւ պատասխանատու դաստիարակութեան գեղարուեստականը: Չեմ խօսում հոգեւոր երաժշտութեան վեհ ու կրթիչ դերի մասին, այլ ամենաէական ուրուագծերով ստորեւ շեշտում եմ, թէ ինչպէս կարելի է վառել, ազգային հոգեւոր երաժշտութեան վերակենդանութեան միջոցաւ, հայ-քրիստոնէի սառած սիրտը եւ վերստին բորբոքել ջերմեռանդութեան թագնուած հուրը:
Ա. Բանալ հայ հոգեւոր երաժշտարան, վարժապետ, երգիչ, դպիր, դպրապետ, երաժիշտ ու առհասարակ հոգեւոր պաշտօնէութիւն զինել. կորստից փրկել մեր նախնի երաժշտութեան բեկորները, զարգացնել ազգային գեղարուեստ եւ մեր երաժշտական ճոխ գրականութիւնը ծանօթացնել օտարներին՝ ուսումնասիրութիւններ անելով եւ համերգներ տալով:
Բ. Հաստատել Մայր Աթոռի տպարանում երաժշտական տպագրական բաժանմունք եւ հրատարակել, մի ձեռնհաս քննիչ մարմնի հսկողութեամբ, հոգեւոր երգեցողութեան ամենատեսակ գրքեր ու տետրեր:
Գ. Ընդհանուր հայ եկեղեցիներում պարտադիր անել միօրինակ հոգեւոր երգեցողութիւն:
Դ. Հայ եկեղեցիներում հանապազօրեայ դպրաց դաս սահմանել:
Ե. Դպիրներին ընդունել խիստ ընտրութեամբ. իսկ դպրապետներից պահանջել անթերի պատրաստութիւն եկեղեցական գիտելիքների, երաժշտութեան եւ հաստատել պաշտօնի մէջ մերձաւոր հոգեւոր բարձր իշխանութեան միջոցաւ եւ յանձնել նորա յատուկ հսկողութեանն ու խնամքին:
Զ. Հայ դպրոցներում հաստատել կանոնաւոր եւ ծրագրուած երգեցողութիւն եւ տարրական երաժշտութիւն՝ վկայուած ուսուցիչների ձեռքով:
Անդրանիկ օրինակ տուող պիտի հանդիսանայ մայր Աթոռը, որ պարտաւոր է, այժմէն իսկ, մշտական եւ օրինակելի դպրաց դասի հիմը դնելու այսպէս.
ա. Բազմաձայն երգեցողութեան համար, Մայր Աթոռի անուան ու դիրքին վայել, դպրաց դասն ունենալու է առնուազն քառասուն ընտիր երգիչ.
բ. Միաձայն երգեցողութեան համար՝ քսան եւ չորս:
գ. Խումբը պէտք է անկախ լինի Ճեմարանի աշակերտութիւնից, որի ձայնեղ սաներից կարելի է օգտուել տօներին՝ երգեցողութեան հանդիսաւորութիւն տալու նպատակաւ:
Ես պատրաստ եմ, որպէս ցայսօր, իմ բոլոր ջանքերս ու ճիգս նուիրել մի այսպիսի սուրբ գործին. սուրբ գործին, որ ինձ ոգեւորել է դեռ տղայ տիոցս. Սուրբ գործին, որ ինձ քաշել ու կապել է Մայր Աթոռին. սուրբ գործին, որ ինձ ուղիղ քսան տարի յոյս է ներշնչել եւ սակայն սուրբ գործին, որ ինձ արծաթ յուսով օրօրել, տոգորել ու մեծցրել է՝ առանց իրականանալու: Եւ արդ, ինձ մնացել է նոյն յուսով այրուել, ծերանալ ու հեռանալ անցաւոր կեանքից, որպէս մի ազազում հասկ, որ հողմահար ու ծարաւ կորանում ու չորանում է:
Վեհափառ Տէր,
Ոտս դրել եմ կեանքիս երկրորդ շեմքին, բայց դարձեալ նոյն աննկուն յուսով: Թէպէտ պատանի աշխոյժս լրջացաւ, երիտասարդ թափս նրբացաւ, սակայն եւ այնպէս, այրական եռանդս, մշտաշող յուսով, դեռ նոր է եփ ու եռ գալիս:

Երկտողս մատուցանելով Վեհափառութեանդ՝ անսպառ յուսով մնամ
Ձերդ Ս. Օծութեան խոնարհ ծառայ եւ միաբան Մայր Աթոռ
Սուրբ Էջմիածնի Կոմիտաս Վարդապետ

Աղբյուր՝ Komitasmuseum.am