Այսպէս է ասում Տէրը. «Որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի, քանի որ, ինչ որ խաւարի մէջ ասէք, լսելի պիտի լինի լոյսի մէջ. եւ ինչ որ շտեմարաններում փսփսաք ականջների մէջ, պիտի քարոզուի տանիքների վրայ» (Ղուկասի 12:2-3)

Որտե՞ղ է Աստված

«Որտե՞ղ է Աստված». այս հարցն ամենահաճախ տրվողներից է: Հարցը կասկածի տակ չի դնում Աստծո գոյությունը, պարզապես նայելով մեր կյանքին, մեզ շրջապատող իրականությանը, չենք կարողանում մեր կյանքում Աստծուն գտնել:

Այդ պատճառով էլ այս հարցը շատ հաճախ է հնչում: Պետք է նկատի ունենալ, որ «որտե՞ղ է Աստված» հարցի պատասխանը չի կարող տեսականորեն ձևակերպվել: Հարցի պատասխանը պարզ է դառնում միայն գործնականում:

Մարդիկ այնքան են լցված չարությամբ ու անտարբերությամբ, որ, նայելով այդ ամենին, ակամա սկսում ես մտածել՝ Աստված պարզապես տեղ չունի մեր կյանքում: Մարդիկ ապրում են այնպիսի կյանքով, որտեղ Աստված գոյություն ունենալ չի կարող. մեծամտություն, նախանձ, չարություն, չարակամություն, անտարբերություն, վախ…

Բայց չէ՞ որ համատարած չարությունը բաժանում է մարդկանց, պառակտում, իսկ մենք համախմբվելու կարիք ունենք. այսօր չկա այն միաբանությունը, որին առաջնորդում է մեզ Ավետարանը: «Որտե՞ղ է Աստված» հարցը ինքներս մեզ պիտի տանք, ոչ թե կասկածելով Աստծո գոյությանը, այլ՝ մեր կյանքում Աստծուն բացահայտելու ձգտումով: Աստված ամենուր է, Նա կարող է լինել նույնիսկ այնտեղ, որտեղ մահվան տագնապը կա, կործանման վտանգը: Անգամ Հիսուսի աշակերտները չէին կարողանում հասկանալ՝ ինչպե՞ս կարող է մահվան ու վախի մեջ Աստված լինել: Մենք էլ այսօր նույն կերպ ենք վարվում. խնդիրների, անհանգստությունների, անհաջողությունների ժամանակ կարծում ենք, որ Աստված լքել է մեզ: Այդ իսկ պատճառով չենք կարողանում մեր կյանքի «փոթորիկները» խաղաղեցնել, որովհետև չգիտենք՝ ում դիմել: Թվում է՝ մեր դժվարությունների մեջ Աստված տեղ չունի, և մենք փնտրում ենք Նրան մեզանից դուրս, հեռու մի տեղ, այնինչ Աստված միշտ մեր կողքին է, Նա երբեք մեզ մենակ չի թողնում:

Գուցե մենք չգիտենք ինչ կպատահի մեզ վաղը. ապագան մեզ համար անհայտ է, բայց այսօր Աստված մեր կողքին է: Իսկ վաղվա օրն ամբողջովին կախված է մեր այսօրվա որոշումներից: Մեր խնդիրը, փորձությունների ու խնդիրների մեջ լինելով, խաղաղություն հաստատելը չէ, մեր խնդիրն Աստծո ձեռքն ամուր բռնելն է: Աստված չի գալիս մեր փոխարեն մեր խնդիրները լուծելու. Նա մեկնում է իր ձեռքը՝ մեզ փրկելու համար:
Հաճախ մենք կենտրոնանում ենք մեր կորուստների ու չունեցածի վրա՝ մոռանալով ունեցածի համար փառք տալ Աստծուն և գնահատել ունեցածը: Այս դեպքում Աստծո ներկայությունն իրական կլինի մեր կյանքում:

Տեր Եսայի քհն. Արթենյան

Աղբյուր՝ Holytrinity.am