Այսպէս է ասում Տէրը. «Արդ, մի՛ կորցրէք ձեր վստահութիւնը, որի մէջ մեծ վարձատրութեան հատուցում կայ: Ձեզ համբերութիւն է պէտք, որպէսզի Աստծոյ կամքը կատարելով՝ հասնէք նրա խոստմանը» (Եբրայեցիներ 10:35)

Համբերություն ցավի մեջ

Երբ հիվանդանում ենք, ապա ավելի լավ է մեզ լիովին Քրիստոսին հանձնենք: Պետք է մտածենք, որ ցավի պահին մեր հոգին համբերության և փառաբանության կարիքն ավելի շատ ունի, քան «պողպատե» մարմնում, որի օգնությամբ կարող ենք ֆիզիկական մեծ սխրանքներ գործել: Քանի որ, առանց հասկանալու, փառասիրության և պարծենկոտության վտանգի մեջ ենք հայտնվում այդ սխրանքների պատճառով, որովհետև մեզ կարող է թվալ, թե ունակ ենք սեփական «հեծելազորային գրոհով» դրախտը նվաճել:

Գիտե՞ք, թե քանի տարի է, որ այս ցավն ունեմ: Երբեմն հնարավոր է այն տանել, բայց երբեմն այն անտանելի է դառնում: Երբ հնարավոր է ցավին դիմանալ՝ դա կայուն վիճակ է: Գիտե՞ք, թե որքա՜ն եմ տառապել բրոնխոէկտազից* և կատարված վիրահատությունից: Այնուհետև աղիքների հետ կապված այդ պատմություններն սկսեցին: Դրանից հետո, կես տարի տառապեցի միջողնային ճողվածքի պատճառով և ուժեղ ցավեր ունեի: Չէի կարողանում այնքան անգամ ծնրադրություն անել, որքան նախկինում էի անում և չնայած, որ դժվարանում էի նույնիսկ ինքս իմ մասին հոգ տանել, պետք էր նաև ինձ մոտ եկած մարդկանց օգնել: Այնուհետև որովայնիս մեջ ինչ-որ պինդ բան գոյացավ և ինձ ասացին, որ դա ճողվածք է: Երբ ես հոգնում էի՝ այն սկսում էր ցավել և շատ էր ուռում: Մի անգամ, Սուրբ մարտիրոս Պանդալեոնի տոնի նախորդ օրը, ճողվածքն ուռեց ու սկսեց ցավել: Սակայն ես պետք է Պանդալեոնի Անապատը գնայի՝ գիշերային հսկման: «Կգնամ ու ինչ լինում է, թող լինի»,- որոշեցի ես, որովհետև անպայման պետք է ներկա գտնվեի այդ տոնին: Հսկման ժամանակ ուզում էի մի փոքր նստել, բայց մտածեցի, որ եթե նստարանի նստոցն իջեցնեմ ու նստեմ, ապա մյուս բոլորն էլ կնստեն: Այդ պատճառով էլ նախընտրեցի ընդհանրապես չնստել և կանգնած մնացի: Կարծում էի, որ տասներկուժամյա գիշերային հսկումից հետո վիճակս շատ կվատանա: Նոր էի իմ խուց վերադարձել, երբ մեկը թակեց ցանկապատի դռնակը: «Հա՛յր, բաց արա»,- լսեցի ինչ-որ մեկի ձայնը: Ծիծաղեցի: «Դե վերջ,- ասացի ինքս ինձ,- հիմա միայն հասցրու շարժվել»: Եվ իսկապես, շուտով ուրիշ այցելուներ եկան, հետո՝ էլի ու էլի: Իսկ երեկոյան, վերջին այցելուներին ազատ արձակելուց հետո, տեսա, որ ճողվածքս… լրիվ անհետացել է: Բայց հաջորդ օրը, այն բանից հետո, երբ հանգստացա, այն նորից հայտնվեց: Այնուհետև այն ցավում ու խանգարում էր ինձ, բայց նաև ուրախություն էր պատճառում: Քանի որ Քրիստոս գիտեր իմ դրության մասին, Նա գիտեր, թե ինձ համար ինչն օգտակար կլինի: Այդ պատճառով էլ թույլ տվեց, որ հինգ տարի այդ ճողվածքը մնա: Գիտե՞ս, թե որքան տառապեցի դրա պատճառով:

- Հա՛յր, իսկ հիշո՞ւմ եք, երբ ոտքերի հետ կապված խնդիրներ ունեիք:

- Դա ուրիշ պատմություն է: Ես չէի կարողանում ոտքի վրա կանգնել: Եվ երբ մարդիկ էին գալիս, հեշտ չէր լինում ինձ համար: Այնուհետև ոտքերի խնդիրներն անցան, բայց սկսվեցին արյունահոսությունները: Բժիշկներն ասացին, որ դա սուր-աղիքային բորբոքում էր: Մի նոր էջ բացվեց… Յոթ տարի ցավեր ու արյունահոսություններ… Բայց մի դառնացեք, միայն աղոթեք հոգուս առողջության համար: Ես ուրախանում եմ, որ Աստված պատվեց ինձ և շնորհեց այդ պարգևները և չեմ ուզում, որ Նա ետ վերցնի դա ինձնից: Փա՜ռք Աստծո, Նա թույլ է տալիս, որ ես հիվանդություններից օգուտ ստանամ: Այդ կերպ մենք համբերության քննություն ենք տալիս: Այսօր մի բան, վաղը՝ մեկ ուրիշը… «Ձեզ համբերություն է պետք» (Եբր. 10:34): Քանի որ, եթե չհամբերենք մե՛նք, մարդիկս, որ գոնե ինչ-որ չափով Աստծո երկյուղն ունենք, ապա ի՞նչ է մնում անել աշխարհիկ մարդկանց: Սակայն տեսնում եմ, որ աշխարհիկ շատ մարդիկ առաքինությունների հարցում գերազանցում են մեզ՝ վանականներիս: Ծնողներս պատմում էին, որ երբ ֆարասեցիները հիվանդանում էին, ապա միանգամից Հաջի-Էֆենդու** մոտ չէին վազում, որ բժշկի իրենց: Նախ համբերում էին ցավին: Համբերում էին որքան կարող էին, ըստ իրենց բարեպաշտության և համբերության աստիճանի, որովհետև տառապելն օրհնություն էին համարում: «Թող ես էլ հոգիս մի փոքր տանջեմ հանուն Քրիստոսի, եթե Քրիստոս մեծագույն տանջանքներ կրեց հանուն իմ փրկության»: Նրանք Հաջի-Էֆենդու մոտ էին գնում միայն այն ժամանակ, երբ տեսնում էին, որ հիվանդությունը խանգարում է իրենց աշխատանքին և ընտանիքի անդամներն սկսում են տանջվել: Տեսնո՞ւմ ես, թե ինչպիսի՜ բարեպաշտություն ունեին: Եթե այդ աշխարհիկ մարդիկ այդ կերպ էին մտածում ու համբերում էին, ապա ի՞նչ կերպ պետք է մտածեմ ե՛ս, վանակա՛նս: Քրիստոս ասաց. «Եվ ձեր համբերությամբ պիտի շահեք ձեր հոգիները» (Ղուկ. 21:19): Տեսեք. Հոբի ողորմություններն այնքան չգոհացրին Աստծուն, երբ նա բոլոր բարիքներն ուներ, որքան Հոբի համբերությունը՝ նրան պատահած փորձության ժամանակ***:

- Հա՛յր, երբ ասում եք, որ մարդ դիմանում է ցավին, ապա ի նկատի ունեք, որ ընդհանրապես ցույց չի՞ տալիս, որ ցավ է զգում:

- Ծայրահեղ դեպքում շրջապատին կարող է մի փոքր հասկացնել տալ, որ ցավ է զգում: Նա կարող է ասել իր ցավի մասին, բայց չասել, թե որքան ուժեղ է այդ ցավը: Քանի որ, եթե ընդհանրապես այդ ցավը թաքցնի ուրիշներից, ապա մարդիկ կարող են գայթակղության մեջ ընկնել նրա արարքների պատճառով: Օրինակ, եթե վանականը տառապում է ցավից և չի կարող ծառայության գնալ, ապա, եթե չասի մյուսներին իր վիճակի մասին՝ հնարավոր է, որ բարի մտքեր չունեցող մեկը վնասվի:

* Բրոնխոէկտազ - բրոնխների և բրոնխիոլաների լայնացում՝ երկարատեև բորբոքման կամ մանր բրոնխների խցանման հետևանքով:

** Ֆարասի բնակիչներն այդպես էին կոչում Սուրբ Արսեն Կապադովկիացուն:

*** Տե՛ս Հոբի գիրքը:

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

Աղբյուր՝ Surbzoravor.am