Այսպէս է ասում Տէրը. «Որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի, քանի որ, ինչ որ խաւարի մէջ ասէք, լսելի պիտի լինի լոյսի մէջ. եւ ինչ որ շտեմարաններում փսփսաք ականջների մէջ, պիտի քարոզուի տանիքների վրայ» (Ղուկասի 12:2-3)

Ղազարոս Սարյան․ Կենսագրություն

Ղազարոս Մարտիրոսի Սարյան (1920 սեպտեմբերի 30, Դոնի Ռոստով - մայիսի 27 1998, Երևան, Հայաստան), հայ կոմպոզիտոր, մանկավարժ:

Սովետահայ կոմպոզիտոր և մանկավարժ, Մարտիրոս Սարյանի որդին։

Կենսագրություն

Ղազարոս (Լազար) Սարյանը ծնվել է 1920 թվականին սեպտեմբերի 30-ին՝ Դոնի Ռոստովի Նոր Նախիջևան քաղաքում, մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի ընտանիքում։ Փոքր տարիքից ապագա կոմպոզիտորը լսել է հայկական ժողովրդական երգեր իր մոր՝ Լուսիկ Աղայան-Սարյանի և քեռու Մուշեղ Աղայանի կատարմամբ, ապա երեք տարեկանից միացել նրանց երգեցողությանը։ Իր նախնական երաժշտական կրթությունը կոմպոզիտորը ստացել է Երևանի կոնսերվատորիային կից շնորհալի երեխաների խմբում: Նրա համադասարանցիներն են եղել Առնո Բաբաջանյանը, Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը: Դպրոցական տարիքից սկսված նրանց ընկերությունը շարունակվել է ողջ կյանքում, դառնալով «Հայկական Հզոր խմբակի» պատմություն։ Իր կրթությունը Ղազարոս Սարյանը շարունակել է Երևանի կոնսերվատորիայում կոմպոզիտորներ Վարդգես Տալյանի և Սարգիս Բարխուդարյանի ղեկավարությամբ, ապա 1934-1938 թվականներին՝ Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանում, Վ. Շեբոլինի դասարանում։

1939 թվականին զորակոչվել է Խորհրդային բանակ, 1941-1945 թվականներին դարձել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Այստեղ էլ որպես հրետանա-գնդացրային № 7 զորագնդի լեյտենանտ նրան անվանել են Լազար՝ իր անվան ռուսերեն տարբերակով։ Արժանացել է «Մարտական վասակների համար» և «Մարտական Կարմիր դրոշ» մեդալների և Կարմիր աստղ շքանշանի: Նաև ղեկավարել է զորագնդի ինքնագործունեությունը, բայան նվագել, գրել երգել։

Պատերազմի ավարտից հետո Ղ.Սարյանն ընդունվել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա, ուր ուսանել է Դմիտրի Կաբալևսկու, Դմիտրի Շոստակովիչի, Ա. Ալեքսանդրովի կոմպոզիցիայի մասնագիտական դասարաններում։ 1950 թվականին, ավարտելով Մոսկվայի կոնսերվատորիան, երիտասարդ կոմպոզիտորը վերադարձել է Հայաստան և նույն թվականից սկզբում դասավանդել Երևանի կոնսերվատորիայում՝ գործիքագիտություն, ապա և մասնագիտական կոմպոզիցիա։

1955-1956 թվականներին Ղազարոս Սարյանը Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահն էր, իսկ 1960-1986 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորը։ Նրա գործունեությունն առանձնացել է պրոֆեսիոնալիզմի, ազգայինի, համաշխարհային ստեղծագործական նոր հայտնությունների ներդրման սկզբունքներով։ Իսկ 1986 թվից մինչև կյանքի ավարտը՝ 1998, եղել է ստեղծագործական ամբիոնի վարիչ։ Նրա ստեղծագործական դասարանում իրենց մասնագիտական կրթությունն են ստացել այսօր լայն ճանաչում ստացած կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը, Ռուբեն Ալթունյանը, Ռուբեն Սարգսյանը, Ստեփան Լուսիկյանը, Վարդան Աճեմյանը, Արմենուհի Կարապետյանը և այլք։

1963-1967 թվականներին Ղազարոս Սարյանը, ստանձնելով առաջին տնօրենի պաշտոնը, ղեկավարել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի կառուցման և առաջին ցուցադրության կազմակերպման աշխատանքները։

Կոչումներ և պարգևներ

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ 1972 թ.

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ 1991 թ.

Հայաստանի Հանրապետության Պետական մրցանակ 1983 թ.

«Ժողովուրդների բարեկամության» շքանշան (1986 թ.)

Պրոֆեսոր (1972 թ.)

Հիմնական ստեղծագործություններ

Սիմֆոնիկ՝

«Թեմա վարիացիաներով» (1947),

«Սիմֆոնիկ պոեմ» (1950),

«Խաղաղության օրը» վոկալ-սիմֆոնիկ սյուիտը (1953),

«Սիմֆոնիկ պատկերներ» (1955), ,

«Ադաջիո և պար» լարայինների համար (1957),

«Հանդիսավոր նախերգանք» (1957),

«Սերենադ»(1959),

«Հայաստան» սիմֆոնիկ պաննո(1968),

Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար (1973),

Սիմֆոնիա (1980),

«Պասսակալյա» սիմֆոնիկ նվագախմբի համար (1997),

«Անդանտե և Պրեստո» ջութակի և կամերային նվագախմբի համար (1997)։
Կամերային, գործիքային ստեղծագործություններ՝

Թավջութակի և դաշնամուրի սոնատ (1948),

1-ին լարային կվարտետ (1949),

Լիրիկական երգեր (1950-ական),

«Արիա և տոկատ» ջութակի և դաշնամուրի համար (1965),

Դաշնամուրային պիես «Պար» (1955),

Դաշնամուրային պիես «Պապիկի ժամացույց» (1970),

2-րդ լարային կվարտետ (1986),

Թավջութակի և դաշնամուրի 2–րդ սոնատ (1989),

Դաշնամուրային 3 պոստլյուդ (1990),

Կինոերաժշտություն, գեղարվեստական ֆիլմեր՝

«Մանրուք» (1954),

«Հովազաձորի գերիները» (1956),

«Նրա երազանքը» (1957),

«Առաջին սիրո երգը» (Ա. Բաբաջանյանի համահեղինակությամբ, 1958),

«01-99» (1959)։

Կինոերաժշտություն, վավերագրական ֆիլմ՝

«Մարտիրոս Սարյան» (1965)։

Ընտանիք

Պապը - Ղազարոս Աղայան (1840-1911)

Հայրը - Մարտիրոս Սարյան (1880-1972), գեղանկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1960)

Մայրը - Լուսիկ Աղայան-Սարյան (1893-1974)

Եղբայրը - Սարգիս Սարյան (1917-1962)

Առաջին կինը - Գալինա Լեսնիկովա-Սարյան(1925-2008)

Որդի - Ռուբեն Սարյան (ծնվ. 1946)

Թոռնուհին - Աննա Սարյան (ծնվ. 1969) նկարիչ, ՌԴ նկարիչների միության անդամ

Թոռը - Ղազարոս Սարյան (ծնվ. 1983)

Դուստրը - Կատարինե Սարյան (ծնվ. 1945)

Թոռնուհին - Մարիամ Պետրոսյան (ծնվ. 1969) արձակագիր, ՀՀ գրողների միության անդամ, "Дом в котором" գրքի հեղինակ, 2009 թ. Русская премия-ի դափնեկիր

Դուստրը - Ռուզան Սարյան (ծնվ. 1959) - Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն

Թոռը - Մարտիրոս Իսահակյան (1978-2015)

Թոռնուհին - Բելլա Իսահակյան (ծնվ. 1982)

Երկրորդ կինը - Արաքսի Արծրունու Սարյան (Հարությունյան) (1937-2013) - երաժշտագետ, արվեստաբանության թեկնածու։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2008)։ ՀՀ Պետական մրցանակի երաժշտության բնագավառի նախագահ 2004 թվականից։

Դուստրը - Լուսիկ Սարյան (1969-1991) - դաշնակահարուհի

Դուստրը - Սոֆյա Սարյան (ծնվ. 1971) - Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ

Թոռը - Դավիթ Ներսեսյան (ծնվ. 1996)

Թոռնուհին - Լուսիկ Ներսեսյան (ծնվ. 1999)

Թոռը - Էմիլ Ներսեսյան (ծնվ. 2009)

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի