Այսպէս է ասում Տէրը. «Կին արարածը թող ուսանի լռութեամբ, կատարեալ հնազանդութեամբ։ Եւ ես թոյլ չեմ տալիս, որ կին արարածը ուսուցանի կամ էլ խօսքով իշխի տղամարդու վրայ, այլ թող լուռ մնայ. որովհետեւ նախ Ադամը ստեղծուեց եւ ապա՝ Եւան» (Տիմոթեոս 2:11-13)

Հայր Էրմես Մարիա Ռոնքի. «Եթե ոչ սերը, գոնե ըներութունը»

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Գործք Առաքելոց 5, 27-32.40-41

Եվ բերելով նրանց՝ ատյանի առաջ կանգնեցրին։ Քահանայապետը հարցաքննեց նրանց և ասաց. «Ձեզ խստիվ չպատվիրեցի՞նք միթե՝ չուսուցանել այն անունով. և սակայն ահա հիմա Երուսաղեմը լցրիք ձեր ուսմունքով. և այն մարդու արյան պատասխանատվությունը ուզում եք մեր վրա գցել»։ Պատասխան տվեցին Պետրոսն ու առաքյալները և ասացին. «Պետք է առավել Աստծուն հնազանդվել, քան մարդկանց։ Մեր հայրերի Աստվածը հարություն տվեց Հիսուսին, որին դուք սպանեցիք՝ խաչափայտից կախելով։ Աստված նրան բարձրացրեց իր աջ ձեռքով որպես առաջնորդ և փրկիչ՝ Իսրայելին տալու համար ապաշխարություն և մեղքերի թողություն։ Այս բաների համար նրա վկաները մենք ենք և Սուրբ Հոգին, որը Աստված տվեց իրեն հնազանդվողներին»։ [...] Ժողովականները հավանություն տվեցին նրան և առաքյալներին կանչելով, գանահարեցին նրանց ու պատվիրեցին, որ Հիսուսի անունով այլևս չխոսեն. և արձակեցին նրանց։ Իսկ նրանք ատյանի առաջից գնացին ուրախանալով, որովհետև Տիրոջ անվան համար անարգանքի էին արժանացել։

Հայտնություն 5, 11-14

Տեսա նաև ու լսեցի ձայնը բազում հրեշտակների, որոնք կանգնած էին աթոռի և չորս կենդանիների ու քահանաների շուրջը. և նրանց թիվը բյուր բյուրավոր և հազար հազարավոր էր։ Նրանք ասում էին բարձր ձայնով. «Արժանի է այդ մորթված Գառը ընդունելու մեծություն, իմաստություն, զորություն, պատիվ, փառք և օրհնություն»։ Լսեցի նաև, որ երկնքում, երկրի վրա և ծովում եղած բոլոր արարածները, ինչպես նաև դրանց մեջ եղած ամեն ինչ ասում էին. «Նա, որ նստած է աթոռի վրա, ինչպես և Գառը, թող օրհնյալ, բարձրացյալ և փառավորյալ լինի հավիտյանս հավիտենից»։ Եվ չորս կենդանիներն ասում էին. Ամեն։ Եվ երեցներն ընկնում էին նրա առաջ ու երկրպագում։

Հովհաննես 21, 1-19

Սրանից հետո Հիսուսը դարձյալ իրեն հայտնեց իր աշակերտներին Տիբերիայի ծովեզերքի մոտ. և հայտնեց այսպես. միասին էին Սիմոն Պետրոսը, Թովմասը՝ Երկվորյակ կոչվածը, Նաթանայելը, որ Գալիլեայի Կանա քաղաքից էր, Զեբեդեոսի որդիները և աշակերտներից ուրիշ երկու հոգի։ Սիմոն Պետրոսը նրանց ասաց. «Գնում եմ ձուկ որսալու»։ Նրան ասացին. «Մենք էլ ենք գալիս քեզ հետ»։ Գնացին և նավակը մտան. և այդ գիշեր ոչինչ չբռնեցին։ Երբ առավոտ եղավ, Հիսուսը կանգնած էր ծովի եզերքին. բայց աշակերտները չիմացան, որ Հիսուսն էր։ Հիսուսը նրանց ասաց. «Տղանե՛ր, ուտելու բան չունե՞ք»։ Նրան պատասխանեցին՝ ո՛չ։ Նրանց ասաց. «Ուռկանը նավակի աջ կողմը գցեցեք և կգտնեք»։ Գցեցին. և ձկների բազմությունից չէին կարողանում այն դուրս քաշել։ Այն աշակերտը, որին Հիսուսը սիրում էր, Պետրոսին ասաց. Տերն է։ Երբ Սիմոն Պետրոսը լսեց, թե Տերն է, հագուստը վրան գցեց, քանի որ մերկ էր, և իրեն նետեց ծովի մեջ։ Մյուս աշակերտներն էլ նավակով եկան. և քանի որ ցամաքից հեռու չէին, այլ երկու հարյուր կանգունի չափ միայն, քաշում էին ուռկանը ձկներով հանդերձ։ Երբ ցամաք ելան, տեսան վառված ածուխի մի կրակատեղ, մի ձուկ նրա վրա և հաց։ Հիսուսը նրանց ասաց. «Բերե՛ք այն ձկներից, որ դուք հիմա որսացիք»։ Սիմոն Պետրոսը նավակ մտավ և ցամաք քաշեց ուռկանը, որ լիքն էր հարյուր հիսուներեք մեծ-մեծ ձկներով։ Թեև այնչափ բան կար, բայց ուռկանը չպատռվեց։ Հիսուսը նրանց ասաց. Եկեք ճաշեցե՛ք։ Եվ աշակերտներից ոչ ոք չէր համարձակվում հարցնել, թե՝ Դու ո՞վ ես, որովհետև գիտեին, որ Տերն է։ Եկավ Հիսուսը, առավ հացը և տվեց նրանց. նույնպես և ձուկը։ Այս երրորդ անգամն էր, որ Հիսուսը երևաց իր աշակերտներին՝ մեռելներից հարություն առնելուց հետո։ Եվ երբ ճաշեցին, Հիսուսը Սիմոն Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ ավելի, քան դրանք»։ Սա ասաց նրան. «Այո՛, Տե՛ր, և դու գիտես, որ սիրում եմ քեզ»։ Նրան ասաց՝ արածացրո՛ւ իմ գառներին։ Դարձյալ ասաց նրան. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ»։ Նա ասաց նրան. «Այո՛, Տե՛ր, և դու գիտես, որ սիրում եմ քեզ»։ Նրան ասաց՝ արածացրո՛ւ իմ ոչխարներին։ Երրորդ անգամ նրան ասաց. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ»։ Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ իրեն ասաց, թե՝ սիրո՞ւմ ես ինձ։ Ու նրան պատասխանեց. «Տե՛ր, դու ամեն ինչ գիտես. դու ինքդ ճանաչում ես բոլորին և գիտես, թե սիրում եմ քեզ»։ Հիսուսը նրան ասաց. «Արածացրո՛ւ իմ ոչխարներին։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, որ մինչ դու երիտասարդ էիր, ինքդ էիր գոտիդ կապում և գնում էիր՝ ուր և կամենում էիր. սակայն երբ ծերանաս, ձեռքերդ վեր կբարձրացնես, և ուրիշները քեզ գոտի կկապեն ու կտանեն՝ ուր չես կամենա»։

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ

Տիբերիայի լճի ափին տեղի է ունենում մարդկության պատմության ամենահմայիչ երկխոսություններից մեկը, Աստծո նախաձեռնությամբ, որ փնտրում է մարդուն։

Հիսուսը Պետրոսին դիմում է երեք հարցերով, ամեն անգամ տարբեր շեշտադրումով, կարծես իբրև երեք հանգրվաններ, որոնց միջոցով պետք է արմատապես բժշկվեր նրա եռակի ուրացումը։

«Սիմոն Հովնանի, ինձ սիրո՞ւմ ես ավելի, քան դրանք»։ Հիսուսին չի հետաքրքրում ո՛չ դատելը, ո՛չ էլ արձակելը. Նրա համար ոչ մի մարդ չի համընկնում իր մեղքերի հետ, ո՛չ էլ իր բազմաթիվ անարդյունք գիշերների հետ, այլ՝ մարդն արժե այնքան, որքան արժե իր սիրտը։ Որը Նա կամենում է վերակենդանացնել, այժմ։ Չափազանց թշվառ է այն սրբությունը, որը հասկացվում է որպես մեղքերի բացակայություն։ Սրբությունը դա Քրիստոսի հանդեպ կիրքը վերարծարծելն է, այժմ, այս պահին։

Հունարեն բնագրում Հիսուսը մի շատ հազվադեպ բայ է գործածում, «agápe», որով մատնանշվում ու հասկացվում է վեհ ու վսեմ սերը, հնարավոր ամենամեծ սերը։ Պետրոսը պատասխանում է ընկերության խոնարհ բայով։ Նա, որ սովոր էր առաջինը լինել, դուրս է գալիս մրցակցությունից, միայն ասում է. «Տե՜ր, այո՛, Դու գիտես, որ ես Քո ընկերն եմ»։

Հիսուսն, ի պատասխան, Պետրոսից խնդրում է մի ապացույց, ընկերության ապացույց. «Արածեցրո՛ւ իմ գառներին»։ Արածեցնել՝ նշանակում է հոտի համար սնունդ հայթայթել, բայց սկսելով ամենափոքրերից ու տկարներից, ծառայելով ստորադասներին։ Հենց այն է, ինչը Պետրոսը փորձեց մերժել Հիսուսին ոտնլվայի ժամանակ։

Երկրորդ հարցը. «Սիմոն Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ»։ Հիսուսը կրկին գործածում է բացարձակ սիրո մեծագույն բայը, բայց այս անգամ այլևս համեմատության մեջ չի դնում մյուս աշակերտների հետ։ Պետրոսը գիտակցում է, որ չի կարող պատասխանել այդ նույն բայով, որը միայն Աստծուն է բնորոշ, և կրկին կառչում է ընկերությունից, որն ավելի մարդկային է, ավելի ապահովություն ներշնչող. «Տե՜ր, ես Քո ընկերն եմ, Դու գիտես դա»։ Որպես ընկերության ապացույց այս անգամ էլ նշվում է Իր հոտը արածեցնելը, գերազանցության որևէ միտք մի կողմ թողնելը, ապրելը ուրիշների համար։

Երրորդ հարցով Հիսուսը է՛լ ավելի է մոտենում Իր աշակերտին։ Այս անգամ արդեն Ինքն է, որ մի կողմ է թողնում «վեհ ու վսեմ սիրո» բայը, որդեգրելով Պետրոսի գործածած բայը. «Սիմոն Հովնանի, ընկե՞ր ես ինձ»։ Գորո՛վը, գոնե, եթե սերը չափազանց է, ուժերիցդ վեր. ընկերությո՛ւնը գոնե, եթե սերը վախեցնում է։ Պարզապես մի քիչ գորով, բարյացակամություն, մտերմություն։ Հիսուսն Իր սերը ցույց է տալիս՝ երեք անգամ իջեցնելով սիրո պահանջների նշաձողը։ Մինչև որ Պետրոսի պահանջերը, նրա ջանքը, նրա տրտմությունը դառնում են ավելի կարևոր, քան Ինքնին Հիսուսի պահանջները։ Աստված մոռանում է Ինքն Իրեն, տեղավորվելու համար Պետրոսի մակարդակին. «դու»ն ավելի կարևոր է, քան «ես»ը։ Միմիայն այսպես է հնարավոր դառնում սերը։

Հիսուսը սիրո մուրացկան, մուրացկան առանց հավակնությունների, որ վստահեցնում է. Պետրոս, սիրո քո իղձը արդեն իսկ սեր է։

Եվ երբ հարցեր է ուղղում Պետրոսին, հարցեր է ուղղում ինձ. այո՛, Տե՜ր, Դու դա գիտես, որ մի քիչ բարյացակամություն Քո հանդեպ ունեմ, մի քիչ ընկերություն՝ բազում անտարբերության մեջ, մի քիչ ուշադրություն՝ բազում սառնության մեջ. չեմ համարձակվում ասել, թե սիրում եմ Քեզ, բայց, Պետրոսի նման, ընկեր եմ Քեզ, Քեզ մտերիմ եմ։

Ես էլ հովիվ կլինեմ մի փոքրիկ հոտի. ընտանիքիս անդամների, հարազատների, ընկերների, իմ ընկերությանը վստահված աղքատների։

Կանչիր ինձ, եթե չես փնտրում անսխալական մարդիկ, այլ միայն՝ սրտանց խանդավառ մարդիկ։

Կանչիր ինձ, և ես կհետևեմ Քեզ։

Հատված Հայր Էրմես Մ. Ռոնքիի « Շնչել Քրիստոսին » (« Respirare Cristo ») գրքից, էջ 68-69.

Աղբյուր՝ Mashtoz.org