Այսպէս է ասում Տէրը. «Վշտակի՛ց եղիր Քրիստոս Յիսուսի տառապանքներին որպէս նրա բարի զինուորը։ Ոչ ոք, զինուոր դառնալով, չի զբաղուի աշխարհիկ կեանքի գործերով, որպէսզի զօրավարին հաճելի լինի։ Եւ եթէ մէկը մրցամարտիկ է, պսակ չի ստանայ, եթէ ըստ օրէնքի չմարտնչի» (Տիմոթեոս 2:3-5)

Լիլիկ Ստեփանյան․ Հեքիաթ ամենագեղեցիկ տիկնիկի մասին

Կար-չկար խաղալիք սարքող մի վարպետ կար: Նա ոսկե ձեռքեր ուներ և կարող էր ամենատարբեր խաղալիքներ սարքել, բայց գերադասում էր տիկնիկները, մանավանդ, որ դրանք ավելի լավ էին վաճառվում:

Մի օր, երբ վարպետը շատ տխուր էր, որոշեց մի հետաքրքիր տիկնիկ ստեղծել, այնպիսի տիկնիկ, որ կարողանա քայլել, գլուխ տալ ու պարել:

Շատ չարչարվեց վարպետը և ահա տիկնիկը պատրաստ է. սևաթույր գանգուրներով, գեղիրան, ժպտադեմ:

Վարպետը խնդրեց ծանոթ մի դերձակուհու՝ սև ու կարմիր ժանյակներից զգեստ կարել տիկնիկի համար: Հիմա պետք էր փորձել, թե ինչպես է նա պարում:

Վարպետի փոքրիկ տունը լեփ-լեցուն էր հետաքրքրասեր մարդկանցով:

Նա վերջին անգամ ուղղեց տիկնիկի մազերի ժապավենը և լարեց: Լսվեց մի պարզ, բայց շատ հաճելի մեղեդի ու տիկնիկը սկսեց պարել: Նա պարում էր ճիշտ և ճիշտ բալետի պարուհու նման, այնքա՜ն ճկուն, որ մարդիկ հաճույքից ծիծաղում և ծափ էին զարկում: Ա՜յ քեզ հրաշք տիկնիկ՝ միաբերան գնահատեցին բոլորը:

Վարպետը մի քանի օր հիացավ իր ստեղծագործությամբ, հետո տարավ խանութ, որտեղ տարբեր խաղալիքներ էին վաճառում:

Տիկնիկն անընդհատ շուրջն էր նայում, նա չգիտեր, թե իրեն ինչու են այդտեղ բերել: Շուտով մոտեցավ երկնագույն, կարճ խալաթով մի սիրունիկ աղջիկ և նրա փեշից մի թուղթ կախեց: «Հետաքրքիր է, ի՞նչ է գրված այդ թղթի վրա»,- մտածում էր տիկնիկը, երբ մի տղա մոտեցավ, նայեց թղթին և սուլեց. «Այ քեզ գիի՜ն…»: Տիկնիկը հասկացավ, որ թղթի վրա գրված է իր գինը և այն բավական բարձր է, որովհետև տղան շարունակեց.

- Շատ գեղեցիկ տիկնիկ է, ափսոս, այդքան փող չունեմ:

Տիկնիկն ուրախացավ, լսելով, որ ինքը շատ գեղեցիկ է: «Տեսնեմ, թե ինձ ո՞վ կգնի»,- մտածում էր նա ու նախօրոք հրճվում այն մտքից, որ կարող է իր տիրոջ համար ոչ միայն ակնահաճո լինել, այլև ուրախացնել՝ պարել ու զբոսանքի գնալ նրա հետ:

Այդ օրը տիկնիկին ոչ-ոք չգնեց:

Երկնագույն խալաթով աղջկա խնդրանքով տիկնիկը տեղում երբեմն-երբեմն պարային զանազան շարժումներ էր անում: Խանութի այցելուները խմբվում էին ցուցափեղկի առաջ, հիացմունքի ճիչերով դիտում պարը, հետո հարցնում էին՝ ինչ արժե և գլխիկոր հեռանում:

Հաջորդ օրը, ընդմիջումից առաջ, տիկնիկին մոտեցավ մի ծերուկ: «Աստվա՜ծ իմ, ես երբեք չեմ տեսել նման գեղեցկություն: Եվ մինչև հիմա ոչ-ոք չի՞ գնել: Տարօրինակ է: Ես ինքս հաճույքով կգնեի, բայց դե իմ ժամանակն անցել է, թոռներ էլ չունեմ, կասեն՝ ցնդել է ծերուկը»:

Հետո խանութ մտավ շքեղ հագնված կին՝ երեխայի ձեռքը բռնած: Փոքրիկ տղան երկար նայեց տիկնիկին, տեսավ, թե ինչ գեղեցիկ է նա պարում և խնդրեց մորը գնել:

- Ո՛չ, ո՛չ, դու այնքա՜ն անզգույշ ես, կարող ես ջարդել, ափսոս է: Տղան լաց եղավ, ոտքերը խփեց գետնին, բայց ոչինչ չօգնեց: Նա հետո մի քանի անգամ առանց մայրիկի խանութ եկավ՝ տիկնիկին տեսնելու, իսկ հետո մոռացավ:

Օրերն անցնում էին սպասումի մեջ:

Տիկնիկը հոգնում էր անընդմեջ պարելուց… Խանութի տնօրենը կարգադրեց հանել նրան առջևի ցուցափեղկից և տեղավորել վերջին շարքերում: Նրան դուր չէր գալիս, որ այցելուները պարող տիկնիկին նայելուց հետո մյուսներին չէին մոտենում, թեև նրանց գինը անհամեմատ մատչելի էր:

Տեղափոխումից հետո խանութն սկսեց ապրել առաջվա կյանքով: Խաղալիքները կամաց-կամաց վաճառվում էին: Միայն ամենագեղեցիկ տիկնիկն էր մնում տեղում: Մարդիկ կամ այդքան դրամ չունեին, կամ վախենում էին ջարդել (այդպիսի շքեղ տիկնիկ պահելու համար պետք է համապատասխան պայմաններ ունենալ), կամ էլ բավարարվում էին նայելով, թե նա ինչպես է պարում: Նայում էին, ծափահարում և գնում…

Միակ բանը, որ մխիթարում էր տիկնիկին՝ երկնագույն, կարճափեշ խալաթով աղջկա հավատն էր. «Դու շա՜տ լավն ես, դու մեր խանութի ամենագեղեցիկ տիկնիկն ես, գուցե և ամենագեղեցիկ տիկնիկն ամբողջ աշխարհում: Այ կտեսնես, քեզ անպայման կգնեն, միայն թե դու տեղում երբեմն պարային շարժումներ արա, թե չէ այստեղից այնքան էլ լավ չես երևում»: Նա ամեն առավոտ ուղղում էր տիկնիկի զգեստի ծալքերը և մի քանի հուսադրող խոսք ասում:

Որոշ ժամանակ անց տիկնիկը նկատեց, որ աղջիկը շատ ցրված է դարձել, իրեն քիչ է մոտենում, անընդհատ ժամացույցին է նայում, իսկ աշխատանքից հետո, խանութի մոտ, նրան միշտ մի երիտասարդ է սպասում:

Մի օր էլ աղջիկն աշխատանքի եկավ այդ երիտասարդի հետ և նրանք բոլորին շամպայն հյուրասիրեցին: Խանութի աշխատողները համբուրում էին աղջկան, շնորհավորում և բարի ճանապարհ մաղթում: «Նա երևի ինչ-որ տեղ է մեկնում»,- մտածեց տիկնիկը և նույն պահին էլ լսեց աղջկա ձայնը. «Արի՛, ես քեզ ցույց կտամ: Ահա, սա է: Իսկապես շատ գեղեցիկ է, չէ՞: Գիտե՞ս, նա քայլում և նույնիսկ պարում է»: Տիկնիկի աչքերն ուրախությունից փայլեցին: «Գուցե այս երիտասարդն ուզում է գնել ինձ իր հարսնացուի համար»,- մտածեց նա ու սկսեց պարել: «Այո, հրաշալի տիկնիկ է, երբ մենք երեխա ունենանք, նրա համար այսպիսի տիկնիկ կգնենք: Իսկ հիմա գնանք, թե չէ կուշանանք»:

Երկնագույն խալաթով աղջկան տիկնիկն այլևս չտեսավ:

Մյուս վաճառողուհիներն առանձնապես չէին սիրում նրան, առավոտյան ոչ-ոք չէր մոտենում, չէր ուղղում զգեստը, չէր բարձրացնում տրամադրությունը…

Հետո տիկնիկին ավելի հեռու և չերևացող մի անկյուն խցկեցին ու մոռացան:

Որոշ ժամանակ անցավ: Մի օր էլ խաղալիք սարքող վարպետը եկավ և հարցրեց՝ չի վաճառվել արդյոք տիկնիկը:

Ասացին, որ ինչ-որ խաղալիքներ վաճառվել են և բերեցին դրամը: «Դե ոչ, դրանք չէ, ես պարող տիկնիկի մասին եմ հարցնում»: Վաճառողուհիները, երկար փնտրելուց հետո, գտան և բերեցին տիկնիկը, որի վրա հաստ շերտով փոշի էր նստել: Նա այլևս չէր քայլում: Իսկ երբ զգեստը թափ տվեցին ու լարեցին, որ պարի՝ պարզվեց, որ նա չի էլ պարում: «Երևի ինչ-որ բան փչացել է», - ասաց վարպետն ու տիկնիկին տուն տարավ:

«Տարօրինակ է, իհարկե, որ քեզ չգնեցին, ախր այդքան գեղեցիկ ես և պարել գիտես: Չեմ հասկանում, ուրիշ ի՞նչ է պետք մարդկանց»,- քրթմնջում էր վարպետը,- դե լավ, տեսնենք ինչ է պատահել»:

Վարպետը հանեց տիկնիկի զգեստը, բացեց ներսն ու անսպասելիությունից քար կտրեց. տիկնիկի մետաքսից սիրտը վշտից ճաքել էր…

«Ահա թե ինչու էլ չես պարում, իմ խե՜ղճ տիկնիկ,- քեզ էլ ոչ-ոք չի գնի… Էհ, ոչինչ, մնա ինձ մոտ»:

Վարպետը տիկնիկին տեղավորեց իր համեստ տան ամենաերևացող տեղում՝ հին կոմոդի վրա:

Խաղալիքներ սարքող վարպետը մենակ էր ապրում: Իսկ հիմա նա երբեմն զրուցում էր տիկնիկի հետ կյանքի լավ ու վատից, թանկ ու էժանից, չարից ու բարուց… Նա շարունակում էր խաղալիքներ սարքել, միայն տիկնիկ այլևս չէր սարքում…

Աղբյուր՝ Granish.org