Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Կա ողորմություն, որ չի օգնում, կա էլ, որ հազարապատիկ հատուցում ունի․ Սողոմոն Իմաստունի

Բարեգործությունն առանց հավատի ունայնություն է, քանզի Բարերար Աստված մարդկանց ողորմում է ըստ մարդու գիտակցության և պահանջում, որ յուրաքանչյուր ոք իր ունեցվածքից բաժին հանի Եկեղեցուն:

Սակայն, ցավոք, այսօր պատկերն այլ է. կան ոմանք, որ կարծում են, թե առանց Աստծո, առանց եկեղեցու զորացմանը նպաստելու, սեփական սին փառքի համար բարերարություններ անելը բարիք է և գնահատելի: Իհարկե, այսօրվա «բարերարությունները» հենց այսպիսի բնույթ են կրում. հանուն ընտրությունների, հանուն մարդկային փառքի, հանուն ցանկացած բանի, բայց ո՛չ ի փառս Աստծո: Սողոմոն Իմաստունը այսպես է ասում. «Ով բարձրացնում է իր տունը, պատճառ է դառնում նրա կործանման»: Տալիս հարկ է գիտակցել` ում ենք տալիս, ինչ և ինչ նպատակով:

Մարդիկ տալիս են նորից ստանալու նպատակով, ոմանք ստանալիքը ակնկալում են Աստծուց, ոմանք` մարդկանցից, և հատկապես նրանցից, որոնց իրենք լավություն են արել:

Մարդիկ հիմնականում տալիս են չորս պատճառով.

1. սեփական փառքի համար,
2.գեհենից փրկվելու հույսով,
3.արքայության սիրուց,
4.հանուն Աստծո փառքի։

Այս պատճառներից ամենագովելին իհարկե վերջինն է, սակայն այն վերջինն է նաև տարածվածությամբ. շատ քչերն են տալիս այդ նպատակով, և շատերը նախընտրում են առաջին երեքը, որոնք իրականում անիմաստ են, քանզի Աստծուց է սկիզբ առնում և Նրանում է գտնում իր հանգիստն ու վախճանը ամենայն ինչ: Աստծո փառքը գերապատիվ է ամեն ինչից, քանզի Նա է մեր լինելության երաշխիքը. «Նրանով ենք ապրում և շարժվում և կանք»։ Նա մեր լինելության հավիտենական երաշխիքն է, այնինչ «մարդու կյանքը նման է խոտի, իսկ մարդու փառքը` խոտի ծաղկի. խոտը չորանում է, իսկ ծաղիկը` թափվում»: Սեփական փառքը հետապնդող մարդը նման է նրան, ով վազում է տեղում, սակայն կարծում է, թե առաջ է շարժվում:

Երբ մարդը բարեգործություն է անում նյութական շահ հետապնդելով, ինքն իրեն է խաբում, քանզի տալիս ու կրկին ձեռք է բերում անցողիկը, այն դեպքում, երբ ունի մեն-միակ հնարավորություն` ստանալու հոգևոր ու հավիտենական բարիքներ: Ինչ օգուտ ունի մարդը, եթե ողջ աշխարհը շահի, սակայն կորցնի իր անձը: Այդպես է նաև այն բարեգործը, որ կարծում է, թե փառք ձեռք բերեց, բայց իրականում ձեռք է բերում կորուստ ու կործանում: Այդ պատճառով Փրկիչը հատուկ անդրադառնում է ողորմությանն ու բարեգործությանը. ողորմությունն անհրաժեշտ է անել ծածուկ, այն է` սեփական անձը չփնտրելով, այնժամ միայն կարելի է հատուցում ակնկալել ողորմած Աստծուց, իսկ բարեգործությունը պետք է անել հանուն Աստծու, քանզի «ոչ ոք բարի չէ, այլ միայն Աստված»: Տերը ավելացնում է. «Եթե դուք, որ չար եք, կարողանում եք բարի բաներ տալ ձեր զավակներին, որքան առավել ձեր երկնավոր Հայրը»: Աստված այսօր մարդկանց մեջ ներկա է իր Եկեղեցու միջոցով, և Նրան մոտենալ, ճանաչել ու պատվել կարելի է միայն Եկեղեցու միջոցով. պատվել հոգևորականներին և խնամել ու հոգ տանել Քրիստոսի Եկեղեցու հավատավոր անդամներին: Երբ մենք բարեգործություն անենք հանուն Աստծո փառքի, այնժամ մենք ինքներս ճշմարտապես կփառավորվենք, մեզ չի սարսափեցնի գեհենի երկյուղը, և չի սպառվի արքայության հասնելու մեր հույսը, այսինքն, կիմաստավորվի մեր կյանքի վերջավոր ընթացքը, և կարդարացվի մեր գործերի հատուցման հույսը, որով ձեռնամուխ ենք լինում զանազան բարերարությունների:

Ինչ պատճառից էլ որ մարդը դրդված բարիք գործի, ումից էլ ակնկալի հատուցում, միևնույն է` նրա ակնկալիքներն իրականում արդարացնում է Աստված: Այդու, որևէ բարեգործ կամ բարերար պետք է խորապես գիտակցի և ընդունի, որ այդ բարձրագոչ կոչումները սեփականելով` անհրաժեշտ է նաև համապատասխանել դրանց: Այս մեղավոր աշխարհում բարի լինել նշանակում է Աստծուն նմանվել. սա շատ լուրջ է ու պատասխանատու: Ոչ ոք չպետք է ինքնախաբեությամբ զբաղվի և կարծի, թե ինչ-որ «բարի» գործեր ի ցույց անելուց հետո կարող է հույս ունենալ լավագույն հատուցման:

Մի երկրի թագավոր իր հպատակներին` արքունիքին ու հասարակ ժողովրդին, հատուկ հրովարտակով հրամայում է.

- Այսուհետև թագավորության սահմաններում բոլորը` ծառա, թե ազատ, ենթակա են միակ` սիրո և մոռացության օրենքին. բոլորը պետք է ինքնամոռաց կերպով սիրեն միմյանց, ընդհուպ մինչև սեփական կյանքը ընկերոջ համար չխնայելը` մոռանալով ընկերոջ թերացումները և չհիշելով սեփական բարերարությունները` առանց կեղծիքի ու ցուցամոլության, առանց չարության ու չկամության:

Առաջին օրինազանցները երկար չեն սպասեցնում: Պալատ կանչված իշխանավորը արքայի առաջ հանդգնում է արդարացնել իրեն ու, թվարկելով իր «բարերարությունները», հայտարարում է.

- Մի՞թե այդքան զրկանքներից հետո արժանի չեմ իմ ենթակաների մեծարանքին և քո կողմից, մե՛ծն արքա, գնահատման և հատուցման` ըստ արժանվույն:

Թագավորը պատասխանում է.

- Իհա՛րկե, - կանչում է իր սպասավորներին և հրամայում,- հատուցեք նրան իր ծախքը և... իրեն այրեք կրակի վրա:

Բարության ու բարեգործության չափանիշները մեր օրերում շատ են փոխվել: Մանուկները, իհարկե, շատ են սիրում բարի Ձմեռ պապիկին կամ Սանտա Կլաուսին, որ այցելում են բնակարանները և փոքրիկներին նվերներ են բաժանում, և փոքրիկները, իհարկե, չգիտեն, որ այդ նվերները իրականում գնում են իրենց ծնողները: Իսկ Սանտայի պատմական նախատիպը` սուրբ Նիկողայոսը, ծպտված շրջում էր ժողովրդի մեջ, ծանոթանում մարդկանց կարիքներին և գիշերները պատուհանից ներս էր գցում փոքրիկ քսակով ոսկի, որ օգնի հատկապես դեռատի աղջիկներին` օժիտի ու ամուսնության հարցում, այն է` մեծապես օժանդակում էր երիտասարդ ընտանիքների կազմավորմանը և եկեղեցու հաստատմանը:

«Հացդ ջրին տուր` թող տանի, շատ օրեր անց պիտի նորից գտնես այն» (Ժող.11.1), որովհետև այն պիտի վերադառնա քեզ բարեբեր անձրևի տեսքով: Եթե այդպես է, ապա եթե մենք կիսենք մեր «հացը» մեզ նմանի հետ, Աստված մեզ կհատուցի իր շնորհների անձրևով: Պետք չէ մոռանալ` ով ինչ անի, իրեն կանի. լավ, թե վատ, մարդու ամեն մի արարք մի օր անպայման վերադառնում է իրեն:

Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ
Աղբյուր՝ Irates.am