Այսպէս է ասում Տէրը. «Ով որ այս պատուիրաններից, փոքրերից անգամ, մի բան ջնջի եւ մարդկանց այդպէս ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կատարի եւ ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի» (Մատթեոս 5:19)

Աղոթք Որդի Աստծոն

Աստծու Որդի, ճշմարիտ Աստված, որ մեր` մարդկանց փրկության համար մարդու որդի եղար. Որդի Աստծու, որ քո անհաս մարդասիրության համար խոնարհվեցիր քո անճառ փառքից, և որոնելու ելար Ադամի այս տան կորցրած պատկերիդ և քո տնօրինական տանջանքների հետ երկրում փրկություն իրագործեցիր, և ազատեցիր մահի և մեղքի ծառայությունից, և հողեղեններիս հրավիրեցիր արդարության և քո փառքին, և մահկանացու այս բնությունը հաղորդ ու ժառանգակից դարձրիր երկնային անմահական զորքերին: Եվ այժմ, Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ իմ, այս բոլոր բարությունները, մարդասիրապես շնորհելով, ստեղծեցիր, իմ ծովացած մեղքերի պատճառով միայն ե՛ս չլինեմ զրկված անհատույց պարգևներիցդ, և իմ հանցավոր խոսքերի համար միայն ես զուրկ չմնամ այդպիսի փրկությունիցդ, այլ ինչպես ելար կորսված ոչխարի որոնման և գտնելով` առար ուսիդ, ինձ` կորսվածիս փնտրող եղիր, և ինչպես ողորմեցիր քանանուհուն և խնդրանքը կատարեցիր, կատարի՛ր և իմ խնդրանքը, որ իմ մեղքերի համար պաղատում եմ: Եվ ինչպես քո բերանի խոսքով սրբեցիր բորոտին, սրբիր և ինձ իմ բոլոր սխալներից: Եվ ինչպես անդամալույծին առողջացրիր, առողջացրո՛ւ և ինձ` չարիքով լցվածիս: Եվ ինչպես հիվանդներին բուժեցիր, բուժի՛ր և ինձ` ցանկությամբ հիվանդացածիս: Եվ ինչպես դևերին մարդկանցից հալածեցիր, հալածի՛ր և ինձնից իմ կյանքի թշնամուն: Եւ ինչպես կույրերին լուսավորեցիր, լուսավորի՛ր և ինձ` մեղքով խավարածիս: Եվ ինչպես մեռելներին հարություն տվիր, հարություն տուր և ինձ` հանցանքով մահացածիս: Եվ ինչպես ծովի ալիքները սանձեցիր` սաստելով հանդարտեցրու և իմ մեղքի ալիքները: Եվ ինչպես անապատում սովյալներին կերակրեցիր` կերակրի՛ր և ինձ` ճշմարիտ սովյալիս, քո առատ ողորմությունից:

Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ իմ, որ ուզում ես` ամեն մարդ լինի և գա ճշմարտության գիտության, ուստի քո անձը փրկանք տվիր բյուրերի փոխարեն. հիշի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ:

Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ իմ, որ [մարդկանց համար] իջար քո հայրական ծոցից անճառ ծնունդով Սրբուհուց, խանձարուրով պատած մսուր դրվելուդ, կաթով կերակրվելուդ, բազուկներով բարձրացվելուդ, գրկով գգվելուդ, հողեղեն շրթունքներով համբուրվելուդ, և տաճարին ընծայվելուդ [համար], հիշի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ:

Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ իմ, Հորդանան մտնելուդ, Հովհաննեսից մկրտվելուդ, Սուրբ Հոգու իջնելուն, Հորից վկայվելուդ և անապատում փորձվելուդ համար, հիշի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ:

Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ իմ, աստվածահրաշ սքանչելագործելուդ, աստվածությունդ հայտնելուդ համար հիշի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ:

Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ իմ, Վերնատանը բազմելուդ, առաքյալներին լվանալուդ, պատարագի նոր ուխտը հաստատելուդ և Հուդայից մատնվելուդ համար հիշի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ:

Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ իմ, հրեաների խուժանից բռնվելուդ, կապվելուդ, լաթով պատվելուդ, շփվելուդ, հայհոյվելուդ, կռփահարվելուդ, ծեծվելուդ, թքով անպատվվելուդ, ծաղրվելուդ համար հիշի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ:
Ատյանում լինելուդ, դատավորից դատվելուդ, Հերովդեսից հարցաքննվելուդ, դպիրներից նախատվելուդ, քահանաներից կշտամբվելուդ, ժողովրդից պարսավվելուդ և զինվորներից տարվելուդ համար հիշի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ:

Կենսաբեր փայտին բարձրացվելուդ, Գողգոթայում կանգնելուդ, կամավոր բարձրանալուդ և բևեռներով գամվելուդ համար հիշի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ:

Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ իմ, աստվածախառն մարմնիդ մերկանալուն, կարմիր քղամիդով զարդարվելուն, պատմուճանով ծածկվելուն, հանդերձներից բաժանվելուն, փշով պսակվելուն համար հիշի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ:

Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ իմ, քրտնաջան ծարավելուդ, լեղի և քացախ ճաշակելուդ, բարձրաձայն Հորը դիմելուդ, «Էլի, էլի» գոչելուդ և աստվածեղեն հոգիդ ավանդելուն համար հիշի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ:

Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ իմ, խաչից իջնելուդ, Հովսեփի ձեռքով պաստառակալվելուդ, գերեզման իջնելուդ, մատանիով կնքվելուդ, դժոխքն ավերելուդ, մեռելներից հառնելուդ, աշակերտներին օրհնելուդ և փառքով Հոր մոտ համբառնալուդ համար հիշի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ:

Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ իմ, ինձ, ըստ իմ գործերի, մի՛ հատուցիր, ինձ մի՛ զրկիր քո ողորմությունից և մի՛ անտեսիր քո ձեռքի գործերը, և մի՛ զրկիր ինձ քո երանավետ խոստումներից, մի՛ մոռացիր քո ողորմությունը, ինձ մի՛ ուղարկիր հավիտենական տանջանքի, այլ հիշի՛ր ինձ, Տե՛ր, և ողորմիր ինձ, Տե՛ր, մի՛ տոչորեցրու ինձ հրեղեն տապակի մեջ, ինձ մի՛ գանահարիր գեհենով և ինձ վրա մի՛ բեր բորբոքած բոցը: Հիշի՛ր, հիշի՛ր, հիշատակդ հավիտենից, Տեր Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ իմ, և նայիր ինձ քաղցրությամբ: Եվ հանուն քո Հոր երեսի փառքի, և հանուն Սուրբ Հոգուդ փառակցության, և հանուն սուրբ Աստվածածնի և քո բոլոր երկնավոր ու երկրավոր սրբերի սիրո և բարեխոսության, ինձ ազատի՛ր աններելի տանջանքներից ու գեհենի դառն վշտերից և ինձ արժանի արա երկնքի արքայությանդ, իսկ քեզ Հոր և Սուրբ Հոգուդ հետ փառք, իշխանություն և պատիվ հավիտյանս հավիտենից. ամեն:

Հովհաննես Վարդապետ Գառնեցի
Աղբյուր՝ ԱՂՈԹԱՐԱՆ