Այսպէս է ասում Տէրը. «Այո՛, դարձէ՛ք ձեր Տէր Աստծուն, որովհետեւ նա ողորմած է եւ գթասիրտ, համբերատար եւ բազումողորմ եւ ափսոսում է մարդկանց չարիքների համար» (Հովել 2:13)

Երկնային զինվորություններին

Արդ, ձեզ է ուղղված աղաչանքս, ո՛վ երկնայիններ եւ անմարմիններ, հրեղեններ եւ հոգեղեններ, արփիափայլներ եւ լուսատեսիլներ, մաքուր եւ անարատ մտքեր, Աստծուն սրբաբանող եւ Ամենասուրբ Երրորդության անդադար փառաբանող սրբեր, որ միշտ Նրա փառքի Աթոռի առջեւ եք եւ Նրա հրամանի անվրիպելի սպասավորներն եք: Դուք աշխարհի վերակացուներ ու պահապաններ եք եւ մարդկանց համար անդադար միջնորդներ ու բարեխոսներ: Դուք ունեք Աստծուց գրված, մեղավորների համար Նրան ուղղված ձեզ հատուկ պաղատանքներ, ասելով, թե՝ «Ողորմի՛ր, Դո՛ւ ես ստեղծել, կորստյան մի՛ մատնիր եւ Քո ձեռքի գործն անտես մի՛ արա»: Արդ, ո՛վ երջանիկներ եւ փառավորյալներ, Աթոռներ, Քերովբեներ, Սերովբեներ, Տերություններ, Զորություններ, Իշխանություններ, Պետություններ, Հրեշտակապետեր եւ Հրեշտակներ եւ Դո՛ւ՝ անարժան ծառայիս պահապան եւ վերակացու հրեշտակ: Այժմ, խոնարհյալ անձամբ եւ ամոթխած դեմքով, աղաչում եմ ձեզ: Վերակացու եւ պահապան եղե՛ք մեղավոր ծառայիս եւ օգնեցե՛ք ինձ ամեն ժամ: Փրկեցե՛ք ինձ հոգեւոր եւ մարմնավոր թշնամիներից, բոլոր վտանգներից եւ փորձություններից, մանավանդ ներկա փորձություններից (եթե ունես): Ինչպես ձեր սովորությունն է, մեղավորիս աղոթքներն ու պաղատանքները մատուցե՛ք առ Աստված եւ ինձ համար Նրան բարեխոսեցե՛ք՝ ասելով . «Ողորմի՛ր, Դու ես ստեղծել, կորստյան մի՛ մատնի՛ր», որպեսզի ձեր խնդրանքներով ների իմ սխալները, ջնջի հանցանքներիս ձեռագիրը եւ ինձ գրի Կյանքի Գրքում: Եվ այստեղից հետո ձեր միջնորդությամբ ինձ կանգնեցնի աջակողմյան դասում եւ կանչի դեպի Իր հավիտենական արքայությունը, որպեսզի ձեզ հետ փառավորեմ Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն հավիտյանս հավիտենից. Ամեն:

Սիմեոն Երևանցի
Աղբյուր՝ ԱՂՈԹԱՐԱՆ