Այսպէս է ասում Տէրը. «Երանի՜ է այն ծառային, որին իր տէրը, երբ որ գայ, այդպէս արած կը գտնի։ Արդարեւ, ասում եմ ձեզ, որ նրան իր բոլոր ինչքերի վրայ վերակացու կը կարգի» ( Ղուկասի 12:43-44)

Վազգեն Օվյան

Վազգեն Գարեգինի Օվյան (Վազգեն Օհանջանյան, հունվար 6, 1932, Դաշուշեն - փետրվար 23, 1987, Ստեփանակերտ), հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1960 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1961 թվականից: Գրական անուն է դարձրել անվան և ազգանվան առաջին տառերի յան վերջավորության մեկտեղումը (Օվյան):

Կենսագրություն

Ծնվել է 1932 թվականի հունվարի 6-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի Ստեփանակերտի շրջանի (այժմ՝ Ասկերանի շրջանի) Դաշուշեն գյուղում։ 1954 թվականին ավարտել է Բաքվի Մանկավարժական ինստիտուտի Հայոց լեզվի և Գրականության բաժինը: Այնուհետև ուսուցչություն է արել Ադրբեջանական ԽՍՀ Վարդաշենի շրջանի Ճալեթ գյուղի ութամյա դպրոցում: 1955-1958 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում: Զորացրվելուց հետո աշխատել է հայրենի Դադուշեն գյուղի յոթնամյա դպրոցում: 1960 թվականին եղել է Ստեփանակերտի կուլտուրայի շրջանային տան տնօրենը: 1960 թվականից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։ 1961-1976 թվականներին աշխատել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի ռադիոհաղորդումների մարզային կոմիտեում որպես թղթակից, ապա գրական-երաժշտական բաժնի ավագ խմբագիր։ 1976-1979 թվականներին աշխատել է «Սովետական Ղարաբաղ» օրաթերթի խմբագրությունում որպես նամակների բաժնի վարիչ: Այդ տարիներին թերթում հիմնել էր «Եղինջ» երգիծական հանդես-բաժինը և ամիսը մեկ երգիծական պատմվածքներ, ֆելիետոններ, զանազան հումորեսկ էր ներկայացնում ընթերցողին։

1979 թվականից մինչև իր անժամանակ մահը Վազգեն Օվյանը դարձյալ աշխատել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի ռադիոհաղորդումների մարզային կոմիտեում որպես գրական-երաժշտական խմբագրության ավագ խմբագիր: Կրկին սկսեց եթեր հեռարձակվել «Մախաթյան և Լեղունց» (հետագայում ավելացրեց նաև նոր հերոս՝ տիկին Խայթունին) երգիծական հանդեսը։ Երկուսուկես տասնամյակի ընթացքում նրա ջանքերով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի ռադիոյում ստեղծվել էր հայկական երաժշտական ու գրական հաղորդումների ֆոնդ, որը հրկիզվել է Ստեփանակերտի հրետակոծության ժամանակ։

Վազգեն Օվյանի առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1948 թվականին «Սովետական Ղարաբաղ» թերթում։ 1961 թվականին լույս է տեսել գրողի անդրանիկ գիրքը։ Այնուհետև պարբերաբար տպագրվել են «Լեռների լեգենդը», «Շաղասար», «Խանքենդի», «Երգը մնաց լեռներում», «Տոհմածառ», «Մեղրի ժամանակը» գրքերը։

Վազգեն Օվյանի լավագույն ստեղծագործությունները, այդ թվում նրանք, որոնք բացահայտ ուղղված էին խորհրդային մեծ ու փոքր նազարների՝ Լեոնիդ Բրեժնևի, Հեյդար Ալիևի, Կևորկովի դեմ («Նազարնամե», «Հեքիաթ փառամոլ էշի մասին», «Հեքիաթ Մեծ գայլի, շնագայլի և այլոց մասին», «Հայրենադավը», «Հուդային», «Բասարական», «Զևս, խելոք կաց», «Հիմա է՞լ լռենք», «Դլե յաման», «Ղարաբաղ եմ ասում...», «Դու հպարտ չես, իմ Ղարաբաղ», «Կկորչեն հավետ և փառք, և անուն», «Իմ Ղարաբաղը տեսե՞լ ես, ասա» և այլն), արտացոլում էին կուռքերի, վերջը չերևացող ժողովների ու ծափերի վրա հիմնված խորհրդային իրականության զավեշտաողբերգական դեմքը («Այս շքերթներից հոգնել եմ արդեն», «Կրկես», «Տրիոլետներ», «Ութնյակներ» և այլն), բնականաբար, չէին կարող տպագրվել այն տարիներին և մնացել էին անտիպ։ Հետմահու լույս են տեսել «Եվ Պըլը-Պուղին մի առակ պատմեց», «Ղարաբաղի արծիվը», «Այս Ղարաբաղն է», «Լեռների լեգենդը», «Ավելի շատ լույս», «Կապույտ տարիներ» գրքերը, որոնցում հիմնականում տեղ են գտել գրողի անտիպ ստեղծագործությունները։

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը 1969 թվականին բեմադրել է Վազգեն Օվյանի «Մեծ Լոռեցին» պիեսը, որը Հայաստանում Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի։ 1973 թվականին նույն թատրոնում բեմադրվել է Վազգեն Օվյանի մեկ այլ՝ «Լուսաբացը լեռներում» պիեսը: Այդ ներկայացումներն ու 1980 թվականին բեմադրված «Եվ Պըլը-Պուղին մի առակ պատմեց» քնարական դրաման լայն ընդունելություն են գտել հանդիսատեսների շրջանում, բեմադրվել են 100-ից ավելի անգամ։

2015 թվականին Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում բեմադրվել է Վազգեն Օվյանի 4-րդ պիեսը՝ «Ակամա մեղավորները»։ 2017 թ. ապրիլին կրկին նույն թատրոնի բեմ է բարձրացել Հովհ. Թումանյանի հոբելյանին նվիրված պիեսը՝ «Աշխարհը Լոռվա ձորերում» անվամբ։

Վազգեն Օվյանը վախճանվել է 1987 թվականի փետրվարի 23-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ բարձրագույն պարգևով՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։

Երկեր

Լուսաբաց (բանաստեղծությունների ժողովածու), Բաքու, Ազերնեշր, 1961, 75 էջ, տպ. 4.000։

Լեռնային վտակ (ժողովածուում տեղ են գտել նաև Վ. Օվյանի գործերից), Բաքու, Ազերնեշր, 1963, 132 էջ, տպ. 3.000։

Լեռների լեգենդը (բանաստեղծություններ), Բաքու, Ազերնեշր, 1966, 52 էջ, տպ. 2.500։

Լեռնային վտակ (ժողովածուում տեղ են գտել նաև Վ. Օվյանի գործերից), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1967, 196 էջ, տպ. 7.500։

Շաղասար (պատմվածքներ), Բաքու, Ազերնեշր, 1970, 140 էջ, տպ. 5.000։

Խանքենդի (վիպակ), Բաքու, Ազերնեշր, 1975, 75 էջ, տպ. 5.000։

Երգը մնաց լեռներում (պատմվածքներ), Բաքու, Ազերնեշր, 1978, 135 էջ, տպ. 3.000։

Տոհմածառ (պատմվածքներ), Բաքու, «Յազըչը», 1980, 240 էջ, տպ. 6.500։

Մեղրի ժամանակը (պատմվածքներ), Բաքու, «Յազըչը», 1984, 220 էջ, տպ. 6.500։

Եվ Պըլը-Պուղին մի առակ պատմեց (երգիծական պատմվածքներ, առակներ, երգիծական բանաստեղծություններ), Ստեփանակերտ, 1993, 188 էջ, տպ. 1000։

Ղարաբաղի արծիվը (պատմավեպ), Ստեփանակերտ, 1993, 188 էջ, տպ. 500։

Այս Ղարաբաղն է (բանաստեղծություններ, չափածո առակ-հեքիաթներ, չափածո պոեմ՝ «Նազար-նամե»), տպագրությունը՝ Չելյաբինսկում, 2002, 320 էջ, տպ. 300։

Լեռների լեգենդը, Երևան, «Անտարես», 2003, տպ. 1000։

Ավելի շատ լույս (երգիծական պատմվածքներ, առակներ, պիեսներ), Ստեփանակերտ, 2006, 432 էջ, տպ. 300։

Կապույտ տարիներ (վիպակներ, վեպ, պիես), Ստեփանակերտ, 2007, 528 էջ, տպ. 300։

Նկարիչ, Արցախ նկարիր (բանաստեղծություններ), Ստեփանակերտ, 2009, 64 էջ, տպ. 1000։

Սատիրիկոն (երգիծական բանաստեղծություններ), Ստեփանակերտ, 2009, 64 էջ, տպ. 500։

Երկեր, հատոր 1 (չափածո և արձակ բանաստեղծություններ, մանրապատումներ, պատմվածքներ, առակներ),

«Սոնա», Ստեփանակերտ, 2012 թ., 432 էջ, տպ. 500։

Երկեր, հատոր 2 (առակ-հեքիաթներ, պոեմ, վիպակներ, վեպեր), «Սոնա», Ստեփանակերտ, 2012 թ., 448 էջ, տպ. 500։