Այսպէս է ասում Տէրը. «Այո՛, դարձէ՛ք ձեր Տէր Աստծուն, որովհետեւ նա ողորմած է եւ գթասիրտ, համբերատար եւ բազումողորմ եւ ափսոսում է մարդկանց չարիքների համար» (Հովել 2:13)

Հայր Նիկոդեմոս. «Մահվան ժամանակ երկրորդ փորձությունը հուսահատությունն է»

Մահվան ժամանակ երկրորդ փորձությունը հուսահատությունն է:

Երկրորդ փորձությունը, որով ուզում է մեզ խոցել թշնամին, հուսահատությունն է, որ մեր մեջ ջանում է առաջացնել վախի միջոցով՝ մեր բազում մեղքերի հիշողությամբ: Այս վախից խուսափելու միայն մի միջոց կա, հավատքը Քրիստոսի քավչարար մահվան հանդեպ, որ եղավ մեր մեղքերի համար:

Թշնամին նսեմացնելով այս հավատքը, վախը մեր մեղքերի հանդեպ այնքան է ուռճացնում, որ ճնշում է մեր մեջ փրկության ամեն հույս և կործանում հուսալքությամբ ու անհուսությամբ:

Որի համար և եղբայր իմ, նախօրոք պատրաստվիր այս հարձակմանը դիմակայելու համար, որպեսզի մահվան դարպասներին հասնելու ժամանակ կարողանաս ամուր բռնել մեր հաղթական դրոշը՝ Քրիստոսի խաչը, այսինքն՝ Քրիստոսի քավչարար մահվան հանդեպ սրտի մեջ ամուր հավատք ունենալ: Երբ արդեն կմտնես մահվան դարպասներով և կզգաս նման հարձակում, ապա առաջին գործդ այն է, որ դա համարես մեղքերիդ հիշողությունը, ոչ թե անձիցդ եկող բնական մի բան, այլ թշնամական հարձակում:

Ընկալելով այս ամենը, դու չես կարող չխոստովանել, թե ինչ արագ մեղքերի հիշողությունը սկսում է ճնշել քեզ և գցել հուսահատության մեջ, մարում է փրկության ամեն մի հույս և կործանում մերժվածության վախով, սակայն այս բոլորը դիվային հարձակումներ են: Այս բոլորը գիտակցելով, քեզ համար արդեն դժվար չի լինի հուսալ և վանել ամեն հուսահատություն: Ապավինելով հույս տածելը ամրապնդում է հույսը Աստծո ողորմածության վրա, որի անհունության մեջ անհետանում են մեր անհամար մեղքերը, հաստատելով ամուր համոզվածության վրա, որ Աստված մեր փրկությունն է ցանկանում, այլ ոչ թե մեր կորուստը:

Այս համոզմունքը կարող է միշտ ամրապնդվել, առավել ևս այն ժամանակ, երբ ապավինում ենք մեր Տեր Փրկչի խաչի մահվան անսահման զորությանը:

Եվ ահա, թե ինչպիսի աղոթք է պատշաճ քեզ անել, երբ մտնում ես մահվան դարպասներից ներս:

«Տեր, բազում են պատճառները, որպեսզի ես մտավախություն ունենամ, թե Դու Քո արդարությամբ՝ կդատապարտես ինձ և կմերժես՝ իմ մեղքերի պատճառով, բայց առավել համարձակություն ունեմ՝ Քո անչափ ողորմածությանը հուսալով, Հիսուս Քրիստոսով՝ մեր Քավիչով ու Փրկչով: Եվ այս պատճառով, աղաչում եմ՝ հուսալով շնորհիդ վրա, խնայիր ինձ, թշվառ արարածիս, իմ գործած բազում մեղքերիս պատճառով դատապարտվածիս, բայց մաքրված Քո Որդու և մեր Աստծո անգին արյամբ, և թող փառավորեմ քեզ հավետ: Ամբողջովին հանձնում եմ ինձ Քո ձեռքը. վարվիր ինձ հետ Քո ողորմածությանդ համեմատ: Դու ես իմ կյանքի միակ Տիրակալը»

Աղբյուր՝ Surbzoravor.am