Այսպէս է ասում Տէրը. «Արդ, մի՛ կորցրէք ձեր վստահութիւնը, որի մէջ մեծ վարձատրութեան հատուցում կայ: Ձեզ համբերութիւն է պէտք, որպէսզի Աստծոյ կամքը կատարելով՝ հասնէք նրա խոստմանը» (Եբրայեցիներ 10:35)

Սահակ վարդապետը, ամատունիները, Օշականի եկեղեցին և դպրոցը

Տաճատ Հարությունի Ամատունու
(Սահակ վարդապետի եղբոր տղան)
մոտ պահպանված Սահակ Ամատունու  
լուսանկարներից

Սահակ Ամատունին ծնվել է 1856 թ, հունվարի 22-ին Օշական գյուղում ` Գևորգ Ղազարի Ամատունու և Քիշմիշ Մուշեղյանի ընտանիքում, նրանց միջնեկ որդին էր: Կուսակրոն քահանա լինելու պատճառով չի ամուսնացել: 1913թ. Տ.Տ. Գևորգ Ե Ամենայն Հայոց կաթողիկոսի հրամանով լույս տեսած «Ի վերա լերանց խնկաբերանց» (Երգ երգոց Բ. 17) գիրքը Սահակ վարդապետ Ամատունին նվիրել է իր ծնողների հիշատակին: Կարդում ենք. «Ի յիշատակ հանգուցեալ ծնողաց իմոց»` քրտենց Գևորգի և մուշոնց Քիշմիշի: Մի այլ` «Հորս տված պարտեզը» չափածո գործից իմանում ենք`

«Հազարութհարյուր ութսուն երկուսին,

Երբ հայրս մեռավ դեկտեմբեր ամսին,

Տվավ մի բաժին միայն մի պարտեզ…»:

Ծնողներն ու եղբայրները զբաղվել են այգեգործությամբ, ավագ եղբոր անունը Հակոբ էր (1838-1919), վերջինս էլ իր հերթին 2 որդի է ունեցել` Փառնակ և Կարապետ անուններով: Սահակ Ամատունու կրտսեր եղբայրը Հարությունն էր: Նա էլ երեք տղա է ունեցել` որից մեկը Տաճատը: Վերջինիս որդիները բնակվել և աշխատել են Օշականում, խորհրդային տարիներին կրթված ու բանիմաց մասնագետներ են եղել: Խորհրդային տարիներին Մարտուն Տաճատի Ամատունին ճանաչված ինժեներ-մելիորատոր էր, Աշխարհիկ Տաճատի Ամատունին երկարամյա ու վաստակավոր մանկավարժ, իսկ նրանց եղբայրը` Ֆաուստը, հմուտ ու ճանաչված բժիշկ էր

Տաճատ Հարությունի Ամատունին և նրա գերեզմանը Օշական գյուղում

Հնարավոր է Սահակ Ամատունին քույրեր էլ ունեցած լինի: Նրանց հետնորդներին գտնելը ժամանակ ու համբերություն է պահանջում:

Սահակ Ամատունին չորս հորեղբայր է ունեցել` Թաթոս, Վարդան, Ավագ և Եսայի անուններով: Նրանց տղաները բոլորն էլ պարտադիր կրթություն են ստացել: Տեր Եսային` Սահակի հորեղբայրը, եղել է Օշական գյուղի ավագ քահանան և անշահախնդիր` մինչ Սահակի Էջմիածնի ժառանգավորաց դպրոց տեղափոխելը, հոգ է տարել պատանի Սահակի կրթությամբ: Տեր Եսային այդ հարցում շատ պահանջկոտ ու հետևողական էր և երևի դա էր պատճառը, որ նրա ավագ որդի Նիկոդիմոս Ամատունին թողել ու հեռացել է տնից: Հետո վերջինս պետք է կյանք մտներ, որպես կայացած ու կազմակերպված անհատ` վերականգներ իր իշխանական տիտղոսը, կրթություն ստանար Թիֆլիսում, ապա Պետերբուրգում և զբաղեցներ ցարական Ռուսաստանի պետական բարձր պաշտոններ ու դերակատարություն ունենար նույնիսկ Հայաստանի քաղաքական կյանքում, նաև թև ու թիկունք լիներ հորը` իրականացնելու եկեղեցու և դպրոցի վերանորոգումն ու կառուցումը, ջերմ հարաբերություն պահպաներ Սահակ Ամատունու և Մայր Աթոռի առաջնորդների հետ: Սահակ Ամատունու մյուս հորեղբոր տղաները (Նիկոդիմոսի եղբայրները) ևս լավ կրթություն են ստացել:

Նրանցից` Վահանը, Օշական գյուղում բացված բանկի հաշվապահն էր, դաշնակցության ակտիվ անդամ, Գարեգինը` նախագահել է հոգեբարձուների խորհուրդը, եղել է գյուղի տանուտեր, մի քանի գյուղերի այսպես ասած՝ Գլավնի: Նրա երկու տղաները` Արամը և Եսային զուհվում են Սարդարապատի ճակատամարտում:

Սահակ Ամատունու գրքերը հովանավորող, Ամատունիների մտերիմ բարեկամ
«Արարատ» ամսագրի խմբագրապետ ,արքեպիսկոպոս Սուքիաս Պարզյանը
(լուսանկարը նվիրվել է  Օշականի ավագ քահանա Եսայի Ամատունուն):

Սահակ Ամատունու ցանկություններից մեկը եղել է նյութեր հավաքել Օշականի դպրոցի ու եկեղեցու պատմության վերաբերյալ: Այն մեծ հաշվով առնչվել է հենց իր ազգակիցներին` Ամատունիներին, ու վերաբերել է անցյալին ու իր ժամանակներին: Ցավոք նա իր այս մտադրությունը ավարտին չի հասցրել: Այս և այլ պատմությունները, որոնք վաղուցվանից ծրագրավորված են եղել թղթին հանձնելու, ինչպես նաև «Հայոց եկեղեցու ժամակարգության պատմություն» ձեռնարկը` անկատար են մնացել. «Այս մեծ գործին, ես ձեռնամուխ եմ եղել իմ աբեղայության օրերից և ինձ հալումաշ է արել բազում ձեռագրերի ուսումնասիրությունը»՝ 1917թ.իր մի նամակում խոստովանել է Ամատունին: Էջմիածնում սարկավագ եղած տարիներից Սահակ Ամատունին ջերմ կապեր է պահպանել հորեղբոր` իր առաջին ուսուցիչ Եսայի քահանայի հետ: Վերջինս նախանձախնդիր էր Օշականի եկեղեցու (1879), գմբեթի (1884), Մեսրոպ Մաշտոցի դին Օշականում ամփոփած իշխան Վահան Ամատունու հուշաքարի (1880) տեղադրման, հետագայում նաև դպրոցի (1914) կառուցման գործին: Այս աշխատանքներում ներգրաված էր նաև Տեր Եսայու ավագ որդին` Սահակի հորեղբորորդին, նույն ինքը` ցարական Ռուսաստանի հատուկ հանձնարարությունների գծով հանձնակատար, իսկական պետական խորհրդական իշխան Նիկոդիմոս Ամատունին: Մշտապես բարեկամական ջերմ ու մտերմիկ հարաբերություններ են պահպանվել ամատունիների ու այդ տարիների Գևորգ Դ, Մակար Ա Թեղուտցի, Խրիմեան Հայրիկ, Մատթևոս ԲԿոստանդնուպոլսեցի, Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսների և արքեպիսկոպոս Սուքիաս Պարզյանի միջև: Սինոդը Օշականի եկեղեցու կառուցման հանգանակություն կազմակերպելու համար բազմիցս է տեր Եսայի քահանային գործուղել Թիֆլիս ու Ռուսաստանի այլ քաղաքներ: Երբ արդեն 1880թ. հիմնարար վերանորոգման էր ենթարկվել Օշականի եկեղեցին ու 1884թ տեղադրվել էր գմբեթը, նախաձեռնվում է դպրոցի կառուցման աշխատանքները: Սինոդի բարձրագույն հոգևոր ժողովը այս առթիվ շնորհակալական թուղթ է գրել իշխան Նիկոդիմոս Ամատունուն (1914 թ. «Արարատ», հունիս, 488-րդ էջ), երբ վերջինս Պետերբուրգից ուղարկում է շինարարությունն ավարտին հասցնելու անհրաժեշտ գումարը:

Սահակ Ամատունին Այս նախաձեռնությունների ակտիվ մասնակիցներից ու կազմակերպիչներից է եղել: Թեև այդ տարիներին տպագրվող Սահակ Ամատունու բոլոր գրքերը հովանավորվել են բարերարների, այդ թվում Ս.Պարզյանի ու այլոց կողմից` այնուհանդերձ գրքերի վաճառքի եկամուտներից նա զոհաբերություններ է արել: 1913թ. հունվարի 31-ի «Հորիզոն» թերթը (թիվ`24) գրում է, որ Օշականի նոր ու հարմարավետ կառուցվող դպրոցի համար` «… Էջմիածնի միաբան բարձրապատիվ Սահակ վարդապետ Ամատունի նախանձախնդիր լինելով այդ նպատակների իրականացմանը, Օշականի դպրոցին է նվիրել 100 օրինակ իւր աշխատութիւնից «Հայոց բառ ու բան», որը պիտի վաճառւի յօգուտ վերոյիշեալ նպատակների»:

1914 թվականին, երբ ցարական Ռուսաստանը չէր թաքցնում ազգերին գաղութացնելու իր նկրտումները և ավելի շատ դպրոցներ փակվում էին, Օշականում բացվում է ազգային չորսդասյա դպրոց:Իսկ այս գործում մեծ էր Ամատունիների, այդ թվում Սահակ վարդապետի ավանդը` սատար ու օգտակար լինել հայրենի գյուղին:

Սահակ Ամատունին Օշականի իր տան մեջ

Այն ինչն ուզում ենք պարզել Նիդերլանդներից` ընդամենը Հայ Առաքելական Եկեղեցու իր ժամանակի հենասյուներից մեկի` Սահակ Ամատունու մահվան տարեթվի մասին, դարձել է խրթին հարց: Այդ ամենը սկիզբ է առնում խորքային անտարբերությունից: Օրինակ. իրականում, եթե վանդալները տարիներ առաջ չջարդեին Սահակ Ամատունու գերեզմանաքարի մարմարյա միջուկը, որտեղ նշված էր նրա ծննդյան և մահվան տարեթվերը, այս հասարակ հարցում նման դժվարությունների չէինք հանդիպի: Սահակ Ամատունու մահվան վերաբերյալ նույնիսկ երեք թվական է շրջանառվում՝ 1917 և 1919 և 1920 թթ.: Համացանցում և մասնավորապես 1970թ. «Էջմիածին» հանդեսում բանասեր Ս.Բեհբուդյանը անուղղակի մատնանշել են 1917թ՝ առանց օրվա ու ամսվա նշման:Միանգամից խաչ քաշելով համացանցում տարածված 1917թ վարկածին, կանգ կառնենք Էջմիածնի մատենադարանի փոխտնօրեն Պապին Մուրադյանի մեզ ուղարկած Պետրոս Հովհաննիսյանի «Նշանավոր ճեմարանականներ» գրքում նշված 1919թ. դեկտեմբերի 28-ի տարեթվին, կամ էլ մեկ ամսվա տարբերությամբ` 1920թվականի հունվարի 28-ի: «Լրաբեր Հասարակական Գիտությունների» հանդեսում հոդված գրած բանասեր Ա.Հ.Ադամյանը իր հոդվածում (1973) կոնկրետ նշել է, որ Սահակ Ամատունին մահացել է 1920թ. հունվարի 28-ին: 1920 թ մյուս վարկածն այն է, որ մեր ձեռքի տակ են երկու վավերագիր` դեռևս չհրապարակված լուսանկարներ կան, որոնց վրա հիշյալ ` 1920 թ. մակագրել են Սահակ Ամատունու հարազատները: Հորեղբոր՝ Սահակ Ամատունու եզակի լուսանկարից մեկին որպես տարեթիվ՝ 1920 թ նշել է Տաճատ Հարությունի Ամատունին: Նա հետևյալն է գրել.

«Սահակ վարդապետ Ամատունի՝ որդին իմ պապի Գևորգի, միջնեկ եղբայրը հորս, ծնված 1856 թվին վախճանված 1920թ».

Կենսագրական որոշ տվյալներից հետո, այլ տեղեկություններ ևս կարդում ենք.

«ժամանակի ժուռնալների և թերթերի հատուկ թղթակից էր, ման է եկել հյուսիսային Կովկասում, Սև ծովի ափերին եղել է տաս անգամ տաք ջրերում և սանատորիաներում, հիվանդ էր ռեմատիզմով, աջ ոտքը քարշ էր տալիս ման գալիս:

Նա լրիվ հայագետ էր, ճանաչում էր լեզվաբաններին ու իր ժամանակի բոլոր անվանի մարդկանց: Երգում էր վերին աստիճանի լավ, համով . «Ձայն տուր ով ծովակ» երգը նրա սիմվոլն էր : շատ ճաշակով և մաքրասեր մարդ էր, հասկանում էր ամեն ինչից: Կտակեց, որ իրեն թաղեն Օշականում: Կոնդի ներքին փոքրիկ ժամը վերանորոգեց և այժմ թաղված է մուտքի ձախ անկյունում, նկարվել է իր բնակարանում իր հավաքած հնությունների սեղանի մոտ» :

Մյուսը՝ «Հայոց բառ ու բան» գրքի բնօրինակ լուսանկարներից մեկն է, որը ժամանակին հեղինակը նվիրել է հորեղբոր տղային՝ Նիկոդիմոս Ամատունուն: Այս նկարի տակ նույն թվականը հիշատակել է Նկոդիմոսի եղբոր թոռը՝ Իշխան Հայկի Ամատունին: Այնպես, որ կարելի է պնդել, որ Սահակ Ամատունու մահվան տարեթիվը կամ 1919թ դեկտեմբերի 28-ն է. կամ էլ 1920թ. հունվարի 28-ը: Տարբերությունը մեկ ամիս է:

Առաջնորդանիստ կենտրոն Օշականում մոռանում են հիշատակել Սահակ Ամատունու ու նրա անվանի ազգակիցների մասին

Քչերը գիտեն, որ Օշականում է թաղված վարդապետ Կոմիտասի առաջին ուսուցիչը`Հայ Առաքելական Եկեղեցու գիտական մտքի փայլուն երախտավորներից մեկը` Սահակ Ամատունին: Այդ քչերից, կարելի է ասել, հազվագյուտ մարդիկ լինեն, որ իմանան Կոնդ կոչվող բլրի` 13-րդ դարի Փոքրիկ, կամ Թուխ Մանուկ կոչվող մատուռի ձախ հատվածում առանց որևէ գրության մի շիրմաքարի տակ ամփոփված է նրա դին:

Սահակ Ամատունու մահից հետո նրա մասին ոչ մի հիշատակում, ոչ մի գրքի, նույնիսկ ընդարձակ հոդվածի տեսքով, կամ միջոցառման կազմակերպում գրեթե չեն եղել: Եթե խորհրդային տարիներին դա կարելի էր բացատրել հոգևոր կյանքի և եկեղեցու հանդեպ պետության որդեգրած կանխակալ պասիվ դիրքով, ապա ինչ անուն տալ հիմա` ներկայումս, երբ Հայաստանը մոտենում է իր անկախության երորրդ տասնամյակին:

Բացարձակ ոչինչ չի արվել վերաճանաչելու եվ վերիմաստավորելու Սահակ Ամատունու` հոգևորական վարդապետի անցած ուղին և թողած մնայուն արժեքները: Դա անչափ կարևոր էր թեկուզ այն առումով, որ Օշականը պատմականորեն Ամատունիներին նվիրաբերած ոստաններից մեկն է եղել և այստեղ ապրել են ամատունիների շառավիղները…

 

Ամատունիների հուշաքարեր Օշականում` Եսայի և Վազգեն ավագ քահանաների գերեզմանաքարերը, և հայոց մեծ իշխան Վահան Ամատունու հուշաքարը

Թվում է ներկայումս, երբ Օշականը` Սահակ Վարդապետ Ամատունու ծննդավայրը, որ արդեն երկու տասնամյակ է դարձել է Արագածոտնի եկեղեցական թեմի առաջնորդանիստ կենտրոնը, այս առումով գոնե մի բան փոխված կլինի: Ավաղ. ամեն ինչ նույնն է: Բարեկարգվել է միայն եկեղեցու շրջակայքը, իսկ մշակութային կյանքը ներփակված է հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցին նվիրված տարեկան հանդիսություններով, նրա գերեզմանի այցելությամբ և ոչ ավելին` մինչդեռ պատմական Օշական գյուղում մեծ է եղել ոչ միայն Մեսրոպ Մաշտոցի դին ամփոփած Վահան Ամատունու, այլև նրա մյուս ազգակիցների գործունեությունը: Օրինակ. արդեն ասվեց, որ Օշականի վանքի ու դպրոցի կայացման պատմության մեջ նրանք շատ մեծ դերակատարություն են ունեցել: Սա կհետաքրքրի՞ Օշական այցելած ուխտավոր զբոսաշրջիկին, անշուշտ այո: Գոնե վերջին հարյուրամյակում տեսանելի է եղել նրանց գործունեությունը: Սահակ Ամատունու առաջին ուսուցիչը նրա հորեղբայրն է եղել` Օշականի ավագ քահանան Տեր Եսային: վերջինիս տղաները` Նիկոդիմոսը, Վահանը, Գարեգինը կրթված ու ազդեցիկ դեմքեր են եղել ու մեծ չափով նպաստել են գյուղի ու այժմյան եկեղեցու և դպրոցի կառուցմանը: Նույնիսկ խորհրդային տարիներին Օշականի եկեղեցում ավագ քահանայի պարտականություն է կատարել Տեր Վազգեն Արմենի Ամատունին(1905-1991): Այդ մասին տեղեկություն չես գտնի, անգամ Ամատունիների նախաձեռնությամբ 1914թ. կառուցված դպրոցում, որն այժմ եկեղեցուն կից դպրատունն է, որտեղ գործում է թանգարան: Այստեղ, որպես հնություն անցյալ դարի հրապարակած «Արարատ» ամսագրի մի քանի համարներ են` ոչ մի խոսք եկեղեցու ու դպրոցի վերջին տարիների պատմություններից:

Թեմի առաջնորդանիստ Օշականի եկեղեցու բակում ամփոփված է տեր Եսայի քահանա Ամատունու(1829-1913)` Սահակ վարդապետի հորեղբոր ու առաջին ուսուցչի գերեզնանը: Գերեզնաաքարի գրությունները ջնջվել, անընթեռնելի են դարձել, գերեզմանաքարը հիմնանորոգման կարիք ունի: Ինչո՞վ է առանձնահատուկ Օշականի ավագ քահանա Եսայի Ղազարի Ամատունու գերազմանը: Ինչպես հայտնի է իշխան Վահան Ամատունին խնդրել էր իրեն թաղել հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի գերեզմանից հորիզոնական` 40 կանգուն հեռավորությամբ : Մեկ այլ կտակի համաձայն Օշականի ավագ քահանա Տեր Եսայի Ամատունին խնդրել էր իրեն թաղելճիշտ միջնամասում`Մաշտոցի դամբարանից 20 կանգուն, կամ 7,5 ոտնաքայլ դեպի ձախ, Վահան Ամատունու դամբարանից ճիշտ` նույնքան հեռավորության վրա դեպի աջ: Եսայի քահանայի նվիրական այս ցանկությունը՝ կաթողիկոս Գևորգ Ե-ի թուլտվությամբ և մասնակցությամբ իրականություն են դարձնում նրա 3 որդիները: Այս պատվին իհարկե Տեր Եսային արժանացել էր իր նվիրված աշխատանքի շնորհիվ:

Այս պատմության մասին չգիտեն նույնիսկ օշականցիները: Ինչի՞ մասին է խոսքը, երբ հարցում արվածներից ոչ մեկը չի էլ ճանաչում նրան` իրենց գյուղում ուսում տված ու եկեղեցու կառուցումը նախաձեռնած Եսայի Ամատունուն:

Այժմ Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանի մասին: Ինչպես ասացինք, այն հեռու է Օշականի հանրահայտ եկեղեցուց և գտնվում է կոնդի բլրալանջին` Թուխ Մանուկ կոչվող մատուռի մուտքի ձախ հատվածում:

Գերեզմանաքարի միջնամասը, որտեղ փորագրված է եղել վարդապետի անունը, ամբողջությամբ ջարդված է, իսկ ամբողջական քարը վնասված` կարոտ նորոգման: Այլ խոսքով անծանոթ մարդը չի կարող իմանալ, որ այստեղ է ամփոփված հայ ժողովրդի նվիրյալներից մեկը: Արդեն այդպես է տասնամյակներ…Միթե՞ այդքան տարիներ ոչ մեկին չի հետաքրքրել որտեղ է թաղված Հայ Եկեղեցուն ժողովրդի երգերը, շարականները պարգևած հայ վարդապետ հոգևորականը: Որտե՞ղ են պատկան մարմինները, Մայր Աթոռի ու Արագածոտնի թեմի հոգևոր հայրերը: Սահակ վարդապետը թաղվել է իր կտակի համաձայն, ուրեմն Սուրբ Աթոռ մայր Էջմիածնում տեղյակ են վայրի մասին: ՈՒրեմն հարց է առաջանում ինչու՞ է Մայր Աթոռն այսքան տարի լռել ու անտարբեր գտնվել իր զավակի սուրբ մասունքի հանդեպ: Միթե՞ այսքան տարիներ գոնե մեկ անգամ խունկ չեն ծխացել նրա շիրիմին, որպեսզի տեսնեին ինչ բարբարոսություն է կատարվել: Եթե չեն այցելել նրա շիրմաքարին դա արդեն աներելի անտարբերություն է, իսկ եթե տեսել են ու լռել` դատապարտելի արարք է: Ամեն դեպքում սա ահազանգ է: Մենք սա բարձրաձայնում ենք… Սահակ Ամատունու անունը մոռացվում է:

 

Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը Թուխ Մանուկ մատուռի ձախ մասում:

Հատկանշական է, որ 2017թ Օշական աշակերտների հետ ուղտագնացություն եկած մանկավարժ Աշոտ Բլեյանը չիմանալով, որ բարձրունքում կանգնած է Սահակ Ամատունու ջարդված գերեզմանաքարի մոտ, Օշականի համայնապատկերը դիտելով ուշադրություն է հրավիրում, որ պետք է հոգ տարվի գյուղի ամեն մասունքին : Այստեղ պետք է զգացվի մաշտոցյան շունչը: Ինչպես Ամատունին է հեռատես եղել Մեսրոպ Մաշտոցին տեղափոխելով այստեղ, այնպես էլ այսօրվա բնակիչները պետք է օգտվեն նպաստավոր հնարավորությունից և գյուղը դարձնեն աշխարհի տարբեր անկյուններից եկող հազարավոր, հարյուր հազարավոր մարդկանց ուխտատեղի, որն արտացոլի թե ո՞վ է Մաշտոցը մեզ համար և ինչ գյուղ է Օշականը` ընդհանրապես: Այն պետք է լինի ազգագրության ու հայրենագիտության իսկական դպրոց ու բաց արվեստանոց…

Այս առումով համահունչ կինի ստեղծել ամատունիների մասին պատմող թանգարան, մանավանդ ամատունիների մասին` կապված դպրոցի ու եկեղեցու հետ բավական փաստացի տեղեկություններ կան ու դեռ շնորհիվ մեր նախագծի հավաքվում են:

Օշականը այցելող բազմաթիվ զբոսաշրջիկները հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի ու Մեծն իշխան Վահան Ամատունու շիրմաքարերը տեսնելուց զատ հնարավորություն պետք է ունենան հաղորդակցվելու և ծանոթանալու ազնվական Ամատունի տոհմի նվիրյալ հետնորդներին, ովքեր քիչ բան չեն արել մասնավորապես Օշականի համար:

Hay Azian
Վ.Ամատունի

Օգտագործված գրականություն
Պետրոս Հովհաննիսյանի «Նշանավոր ճեմարանականներ» Տ.Սահակ վարդապետ Ամատունի 2009թ.
«Լրաբեր Հասարակական Գիտությունների» հանդես, Ա.Հ.Ադամյան (1973)
«Էջմիածին» ամսագիր 1970, ապրիլ Ս.Բեհբուդյան
Մաշտոցի անվ. մատենադարան, Սահակ վարդապետ Ամատունու ֆոնդ,թղթ.39,40
Հ.Թումանյան,երկեր հ5, հայպետհրատ 1945, էջ 377
Օգտագործված մյուս աղբյուրները հիմնականում նշված են հոդվածաշարում:

Աղբուր՝ «Նիդերլանդական օրագրին»