Այսպէս է ասում Տէրը. «Այո՛, դարձէ՛ք ձեր Տէր Աստծուն, որովհետեւ նա ողորմած է եւ գթասիրտ, համբերատար եւ բազումողորմ եւ ափսոսում է մարդկանց չարիքների համար» (Հովել 2:13)

Ֆրանչիսկոս Ասսիզեցի․ Փառաբանության աղոթք

Բարձրյալ, Ամենազոր, բարի Աստված,
Քոնն են փառաբանումը, մեծարումը, գովք և օրհնություն,
Միայն Քեզ են, Բարձրյալ, պատշաճում դրանք,
Եվ արժանի չէ ոչ ոք քո անունը տալու։

Փառաբան լեր, Տեր,
Արարյալներովդ ամեն,
Նախ և առաջ Լուսատու Արեգակով,
Որ եղբայրն է մեր տեր,
Եվ որը ցերեկն է, որով լուսավորում ես Դու մեզ։
Եվ նա գեղեցիկ է և, շողշողալով փայլն իր վիթխարի,
Քո էությունն է կրում, Բարձրյալ։

Փառաբան լեր, Տեր, լուսնյակի և աստղերի համար, որ քույրերն են մեր։
Դու արարեցիր դրանք երկնքում՝ պայծառ, գեղեցիկ և հրաշափառ։
Փառաբան լեր, Տեր, վասն քամու, ով եղբայրն է մեր,
Եվ օդի ու ամպի, և երկնային բիլի ու տարափի ամեն,
Որոնցով Դու քո արարյալներին ես պահում։

Փառաբան լեր, Տեր, մեր քույր ջրի համար,
Ողջ օգտավետ է նա, խոնարհ, անբասիր և ախորժելի։

Փառաբան լեր, Տեր, կրակի համար, ով եղբայրն է մեր,
Որով գիշերը լուսավոր ես դարձնում,
Եվ սիրուն է նա, զվարթ, ուժեղ և ժիր։

Փառաբան լեր, Տեր, մեր քրոջ համար՝ վասն Մայր-Երկրի,
Ով պահում է մեզ, կառավարում է
Եվ պտուղներ է տալիս զանազան, երփներփին ծաղիկներ և բույսեր։

Փառաբան լեր Դու վասն ամենայնի, ինչ ի սեր քո ներողամիտ է, Տեր,
Եվ հիվանդանում է և կարիքի մեջ է մտնում,
Երանի՝ ովքեր մնում են ընդմեջ խաղաղության,
Քանզի նրանք, Բարձրյալ, Քեզանից են պսակն ընդունելու։

Փառաբան լեր, Տեր, վասն մարմնական մահի, որ եղբայրն է մեր,
Որից չի խուսափելու ապրող ոչ ոք,
Եղուկ՝ ովքեր մահացու մեղքերի մեջ են հոգին տալիս,
Երանի՝ ովքեր Սուրբ Կամքին են քո հնազանդում,
Երանի՝ ովքեր մահը գտանում են՝ հանց նվիրյալ կամքիդ,
Քանզի երկրորդ մահը նրանց ոչ մի ցավ չի պատճառելու։

Գովաբանենք և փառք ասենք Տիրոջը և երախտիք բարբառենք նրան,
Եվ ծառայենք նրան, և մեծ խոնարհությամբ։

Թարգմանությունը՝ Հակոբ Մովսեսի

Աղբյուր՝ ԱՂՈԹԱՐԱՆ