Այսպէս է ասում Տէրը. «Երանի՜ է այն ծառային, որին իր տէրը, երբ որ գայ, այդպէս արած կը գտնի։ Արդարեւ, ասում եմ ձեզ, որ նրան իր բոլոր ինչքերի վրայ վերակացու կը կարգի» ( Ղուկասի 12:43-44)

Բեկոր, Աշոտ Ղուլյան․ Կենսագրություն

Բեկոր Աշոտ (Ասկոլկա, իսկական անունը՝ Աշոտ Ղուլյան) (1959 թ., հոկտեմբերի 6, Բաքու - 1992 թ., օգոստոսի 24, Դրմբոն), Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՅԴ անդամ, ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր։

Կենսագրություն

Ծնվել է 1959 թվականի հոկտեմբերի 6-ին Բաքվում։ Երիտասարդ տարիներին Բեկորը աշխատել է որպես դերձակ, շինարար, ավտովարորդ և փականագործ։ Մարտական անունը Աշոտը ստացել էր դեռևս նախապատերազմյան շրջանում, երբ 5 հոգով Շահումյանից Ստեփանակերտ զենք էին տեղափոխում։ 5 տղաներից 4-ի անունը Աշոտ էր և, որպեսզի խոսելիս միմյանց տարբերեն, որոշում են բոլորին մականուն տալ։ Աշոտին, որն արդեն հասցրել էր ինքնաշեն զենքերը փորձարկելիս մի քանի բեկոր «վաստակել», անվանեցին Բեկոր (Ասկոլկա)։ Ամուսնացել է 1985 թվականին։ Ունեցել երեք որդի։

Արցախյան պատերազմ

Բեկորը մասնակցել է Ղարաբաղում մղված մարտերից շատերին՝ Ասկերան, Հադրութ, Շահումյան, Կրկժան, Վերին Շեն, Բուզլուխ, Մանաշիդ, Մալիբեյլու, Խոջալու, Լեսնոյ, Քարինտակ, Շուշի, Լաչին, Մարտակերտ, Կուսապատ, Մաղավուզ, Սրխավենդ, Բաշ-Գյունեփայա, Օրթա-Գյունեփայա, Դրմբոն։ Նրա հրամանատարությամբ բազմաթիվ բնակավայրեր են ազատագրվել։

Շուշիի ազատագրումը

1992 թվականին Շուշիի ռազմական գործողության ժամանակ առաջին վաշտը Բեկորի գլխավորությամբ առաջինն է մտնում քաղաք։ Ասում են, որ մայիսի 8-ի առավոտյան 6-ն անց 30-ին Աշոտը հեռակապով կապվում է Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հետ՝ Կենտրոնական շտաբ, և հաղորդում, որ հայտնեն ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատարին, որ ինքը նստած է Շուշիի բերդի պատին ու սպասում է տղաների բարձրանալուն։ «Մինչև մի քանի րոպեն մտնում եմ քաղաք»,- ավելացրել էր Բեկորը[փա՞ստ]։

Բեկորի մահը

1992 թվականի օգոստոսի 24-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտը վերջինը եղավ Բեկորի համար։

Բեկորի հիշատակին

1993 թվականին Աշոտ Ղուլյանը հետմահու արժանացել է ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի։ 1999 թվականին ԼՂՀ նախագահի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը, պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով։ 2002 թվականին արժանացել է «Շուշիի ազատագրում» շքանշանի։ Նրա անունով է կոչվում փողոց Շուշիում, ինչպես նաև Կենտրոնական պաշտպանական շրջանի առաջին մոտոհրաձգային գումարտակը։ Բեկորի մարտական անունը կրում է նրա կրտսեր որդին, ով ծնվել է հոր զոհվելուց հետո։

Բեկորի խոսքերից

«Եթե զինվորից սկսած մինչև նախարարը բոլորանվեր իրենց գործն անեն, ապա մեր բոլոր ձեռնարկումները կպսակվեն հաղթանակով...»,- ասում էր Արցախի լեգենդար հերոսը, որի համար «հայրենասիրությունն ոչ այլ ինչ է, եթե ոչ քեզ վրա դրված պարտականությունների բարեխղճորեն կատարում»։ Մարտերի միջև դադարի ժամանակ Բեկորն ասել է մարտական ընկերներին. «Եթե Ղարաբաղը կործանվի, ապա միայն քաղաքական խաղերի պատճառով է կործանվելու, քաղաքականությունն ամենասարսափելի գիշատիչն է»

Արցախի հերոս Բեկորի ընտանիքը

Ամուսնացել է 1985թ.: Ունեցել է երեք որդի:

Աշոտ Ղուլյանի կրտսեր որդին ծնվեց 1993 թ.՝ հոր զոհվելուց հետո։ Մայրը նրան կոչեց հոր մարտական անունով՝ Բեկոր։ Տղան հորը ճանաչում է մոր, հարազատների ու մարտական ընկերների պատմածով միայն։

«Երեխաներին շատ էր սիրում։ Ամեն անգամ, երբ մի մարտից մյուսն էր գնում, տուն էր գալիս կարճ ժամանակով եւ երեխաների հետ հատակին մեկնված խաղում էր, կատակում, ուրախանում։ Մարտից առաջ միշտ մտնոմ էր տուն, որ երեխաները հաջող ասեն»,- հիշում է Աշոտ Ղուլյանի տիկինը՝ Նելլին։

«Խոջալու գյուղի ազատագրումից մի քանի օր հետո երկու օրով տուն գնաց: Երբ տնից եկավ, պատմում էր, թե երեխաների հետ ինչ խաղեր են արել: Պատմում էր, ու ինքը երեխայի նման ծիծաղում՝ անկեղծ ու վարակիչ ծիծաղով (Աշոտի ծիծա՜ղը, մինչև հիմա լսում եմ այն): Երեխաները նրա Աստվածն էին, և նրանց յուրաքանչյուր արտահայտություն Աշոտի համար խորհրդավոր իմաստ ուներ: Ժամանակի սղության պատճառով այնքան հազվագյուտ էր շփվում երեխաների հետ, որ նրանց ամենասովորական իսկ արտահայտությունը նրան գյուտ էր թվում»,- հիշում է կինը:

Բեկորի որդիներն ամուսնացել են եւ կազմել իրենց ընտանիքները։ 

Արցախի հերոսի կինը՝ Նելլի Ղուլյանը, թոռների հետ

Աշոտ Ղուլյանի ծնողները

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի