Այսպէս է ասում Տէրը. «Արդ, մի՛ կորցրէք ձեր վստահութիւնը, որի մէջ մեծ վարձատրութեան հատուցում կայ: Ձեզ համբերութիւն է պէտք, որպէսզի Աստծոյ կամքը կատարելով՝ հասնէք նրա խոստմանը» (Եբրայեցիներ 10:35)

Լինել ու ապրել որպես երկրի աղ և աշխարհի լույս

Ցորենի հատիկը ընկավ հողի մեջ. վե՞րջ, ո՛չ. վերջապես եկավ և նրա՛ հերթը` իմաստավորվեց ի՛ր գոյությունը:
Իր մահը ծնունդ տվեց ամբողջ մի հասկի, ինչպես անձնազոհ մեկի մահը կարող է վերածնունդ տալ մի ողջ ազգի:

Ցորենի հատիկը շատ տառապեց, և արդեն ալյուր է ու հաց, բայց նա երջանիկ է. վայելեք և դո՛ւք այդ երջանկությունը և... կշտացե՛ք:

Լույսը բացվեց, ծագեց նոր օրվա, նոր հույսերի առավոտը, ցրվեց խավարը, ամեն բան ակնհայտ է: Բայց ո՞ւր է ինքը` լույսը:

Փառք քեզ, Աստված, որ կերակրում և լիացնում ես մեզ, շնորհակալություն աղի համար, որ անհետանում ու բացահայտում է կերակրի իմաստը` սեփական համը, ինչի շնորհիվ հասկանում ենք, թե ինչ ենք ուտում, այն լուծվում, բայց և լուծում է շատ հարցեր` իբրև պարարտանյութ, մաքրող ու հականեխիչ միջոց:

Ահա այս հայտնի ու անհայտ հատկությունների պատճառով է, որ Հիսուս Իր հետևորդներին հորդորում է նմանվել ցորենի հատիկին, լինել ու ապրել` որպես երկրի աղ և աշխարհի լույս: Մեռնել երկրի` հողի մեջ. խոնարհ լինել մարդկանց մեջ, մեռած լինել աշխարհի համար, աննկատ լինել լույսի պես և լույսի պես երևան հանել երևույթների էությունը, լինել լույսի նման բաղադրյալ և պարզ դարձնել իրականությունը, աղի նման համ ու հոտ շնորհել մարդկանց` լինելով ու մնալով աննկատ, բայց կարևոր, չմոռանալով չափի մասին:

Եթե ցորենը ցանում են, ցանում են, որ ստացված բերքը ոչ թե կրկին ամբողջությամբ հողին հանձնեն, այլ աղան, թխեն: Այսինքն` անձը զոհելը պետք չէ պարտադիր կերպով ֆիզիկական մահ հասկանալ, այլ նեղություն, զրկանք, «անանձնական» սիրո արտահայտություն:

Երբ լույսը բացվում է, սկսվում է նոր օր, մենք ստանում ենք ամեն ինչ նորից սկսելու, ավելի լավը լինելու ևս մեկ հնարավորություն:

Այսօր շատերից կարող ենք լսել. «Աղը սպիտակ մահ է», բայց նույնիսկ այդ մարդիկ աղի հանդեպ իրենց վերաբերմունքը պատճառաբանում են նրանով, որ սննդի մեջ արդեն իսկ անհրաժեշտ քանակով աղ կա, այսինքն` նրանք չեն մերժում աղը, նրանք առավել զգայուն են աղի նկատմամբ և առավել լավ են ընկալում նրա նշանակությունը:

Քրիստոնյա լինելը պատասխանատու է, պարտավորեցնող և պատվաբեր: Լինել քրիստոնյա նշանակում է լինել ամենաաննկատը, աննշանը, անտեսանելին, բայց... ամենակարևորը։

Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ
Աղբյուր՝ Irates.am