Այսպէս է ասում Տէրը. «Նա, ով հետեւում է արդարութեան եւ ողորմածութեան ճանապարհին, կեանք, արդարութիւն եւ փառք պիտի գտնի» (Առակներ 21:21)

Եփրեմ Ասորի. Աղոթք

ՃԽ (140)

Արդ, Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ Հիսուս Քրիստոս` բարերար, ողորմած, մարդասեր, անոխակալ և անհիշաչար, ընդունի՛ր իմ աղոթքներն ու խնդրվածքները, որ պաղատում և հայցում եմ Քեզանից ինձ ու բոլոր հավատացյալների համար: Երես մի՛ թեքիր աղերսողիցս, այլ խոնարհվի՛ր դեպի աղաչանքներս և լսի՛ր ինձ, Մարդասե՛ր, ցո՛ւյց տուր իմ հանդեպ Քո ընտանի մարդասիրության ողորմությունը և խնայի՛ր ինձ՝ Քո մեղանչած ծառային: Կարգի՛ր Քո աջակողմյան դասում և մի՛ դասիր ձախակողմում` ուլերի հետ, որոնք զայրացրին Քեզ, և մի՛ պահանջիր ինձնից հանցանքներիս անհամար պարտքերը: Եվ այնժամ մի՛ դատապարտիր մեղավորիս, և անաչառ ատյանում թող հայտնի չդառնան ամբարիշտիս ծածուկ հանցանքները հրեշտակներին ու հրեշտակապետերին և Քեզ սիրող բոլոր սրբերին: Այլ հաղթվելով Քո մարդասիրությամբ՝ այցելությո՛ւն արա Քո մեղանչած ծառայիս և մի՛ հատուցիր ինձ ըստ իմ չար գործերի: Մի՛ հրամայիր կապված ոտքերով ու ձեռքերով հանել արտաքին խավարը, ուր աչքերի լաց է և ատամների կրճտում, այլ ըստ Քո գթության, բարերարության և անհիշաչարության, ողորմի՛ր ինձ` բազմամեղիս: Այն օրը ազատի՛ր հավիտենական ամոթից և փրկի՛ր ինձ անվախճան տանջանքներից ու աններելի պատուհասից: Բա՛ց արա ինձ Քո ողորմության դուռը և մի՛ փակիր դուռը Քո արքայության, Տե՛ր իմ, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ Հիսուս Քրիստոս: Այն օրը արժանացրո՛ւ ինձ` անարժանիս, լույսի երանությանը և կատարյալ պարգևներին, անսպառ հավիտենական ուրախությանը, սրբերի ու արդարների բարի վարձքին՝ մշտապես վայելելու երանելիների փառքը. որպեսզի արժանապես մտնեմ անմահ Փեսայիդ առագաստը և բոլոր սրբերիդ հետ ժառանգեմ անսպառ բարիքները մաքուր, հստակ, սուրբ սրտով և համարձակ երեսով. [որ] միշտ Քեզ տեսնեմ հրեշտակների հետ և [Քեզ] սիրող սրբերի հետ գոհանալով, վայելեմ Երրորդությանդ անհաս, անճառելի և անեզրական լույսը: Եվ [ինձ] զուգահավասա՛ր դարձրու Քո սրբերին, որ միշտ արժանապես օրհնաբանեմ, և հանապազ պայծառացրո՛ւ Քո աստվածային անստվեր լույսով: Եվ ես անդադար երգով կփառավորեմ, կբարեբանեմ և կօրհնեմ Ամենասուրբ Երրորդությանդ այժմ և հավիտյանս հավիտենից. ամեն: