Այսպէս է ասում Տէրը. «Կամենում եմ, որ դուք ամէնքդ էլ լեզուներ խօսէք. աւելին՝ որ մարգարէանաք. որովհետեւ նա, ով մարգարէանում է, աւելի լաւ է, քան նա, ով լեզուներ է խօսում. միայն թէ նա թող բացատրի, որպէսզի եկեղեցին ամրանայ» (Կորնթացիներ 14:5)

Հռոմի հայրապետ սուրբ Ստեփանոսի և նրա հետ եղածների վկայաբանությունը

Այն ժամանակներում Հռոմեացիների վրա իշխանություն ստացավ Վաղերիանոսն իր որդի Գաղիանոսի հետ: Եվ սկզբում քրիստոնյաների դեմ հակառակ ոչինչ ցույց չէր տալիս և իր խորամանկությամբ սիրելի և հարազատ էր [ձևանում]: Իսկ հետո, կախարդների կողմից խաբվելով և իր քողարկված չարության պատճառով, սկսեց Քրիստոսի եկեղեցիների դեմ հալածանքներ հարուցել և հետապնդել սուրբ և արդար մարդկանց: Եվ քրիստոնյաներին, որ բռնում էին, նախ պես-պես խոստումներ էին տալիս, իսկ հետո սկսում սպառնալ և վերջում չարչարելով տանջում:

Այնժամ Հռոմի երանելի հայրապետ Ստեփանոսը, որի մասին պատմում է հետագա խոսքը և որ ամեն ինչով արժանի էր աթոռին, իր առաքինությամբ և վայությամբ նմանվեց գլխավոր առաքյալ Պետրոսին: Նա քսաներեքերորդն էր առաքյալներից հետո, հաջորդեց Ելևկիոսին, իսկ իրենից հետո աթոռը ժառանգեց երանելի Քսեստոսը: Եվ երանելին, ժողովելով ամբողջ Եկեղեցին, ասաց. «Ի՛մ եղբայրներ, թո՛ղ ձեզնից ծածուկ չմնա, որ բռնակալների շուրթերով նույն ինքը բանսարկուն է խոսում և քրիստոնյաներին անճողոպրելի տանջանքների և պատիժների մատնում: Եվ ովքեր մոռացված են` օր օրի [ավելի ու ավելի] հայտնի է դարձնում և [երկրային] մեծության ու փառքի հասցնելով` հաղթում է բազում թուլացածների. նրա միջոցով հատկապես այս են գործում: Եվ դուք, ո՛վ իմ սիրելիներ և ավետարանական քարոզության և հոգևոր վերստին ծննդյան որդիներ, երկրավորը դեպի երկիր վանեցեք և ոգով թեթևացած` [ծաղկի պես] վերաբացվեցեք երկնային արքայության մեջ: Եվ մի՛ երկնչեք մարմնական տանջանքներից, որ առժամանակյա են, այլ [վախեցեք] հոգու և մարմնի տանջանքներից, որ հավիտենական են»:

Եվ Բովնոս քահանան բազմության բերանը եղավ և ամենքի փոխարեն խոսելով` ասաց. «Ո՛վ տեր, մենք թողեցինք մեր ազգն ու փառքը, մեծությունը և ամեն աշխարհային բան և քո սուրբ աղոթքներով ու քրիստոսասեր վարդապետությամբ կհեղենք մեր արյունը` զորանալով Քրիստոսի միջոցով, որ Իր սուրբ արյունը հեղեց մեզ` մեղավորներիս համար: Մի՛ դադարիր մեզ ոգևորել»: Եվ այս ասելով` բոլոր հավաքվածներն աղաչում էին Աստծու քահանայապետին, որպեսզի ովքեր դեռ թերահավատ էին, ովքեր կասկածամտությամբ էին սովորել վարդապետությունը, նույնպես արժանի դառնան վերստին ծննդյան: Եվ սուրբ քահանայապետը հրամայեց վաղը ևեթ ժողովել ամենքին և կատարեց սուրբ մկրտության սպասավորությունը և նրանց լուսավորեց սուրբ ավազանի հոգևոր ծննդյամբ: Մկրտությունից հետո նաև վարդապետության հավատարիմ խոսքով քաջալերեց նրանց, օրհնեց քրիստոնյաներին` նրանց թիվն ավելացնելով հարյուր ութով:

Իսկ հաջորդ օրը Աստծու քահանայապետը երեք քահանա ձեռնադրեց և յոթ սարկավագ ու հոգու սպասավորության ևս տասնվեց այլ աստիճաններ շնորհեց: Եվ սրանից հետո բազում հելլենացիներ, որ այնտեղ էին բնակվում, բարեպաշտությամբ մկրտվեցին Աստծու քահանայապետի կողմից: Նրանցից մեկն իշխանությամբ դեմարքոս էր, որ ժողովրդապետ է թարգմանվում: Նրա անունը Նեմեսիոս էր, և առաջ եկավ իր դստեր հետ, որի անունը Լուկիլլա էր, և բժշկություն և սուրբ ավազանի մկրտության լուսավորությունն էին խնդրում: Եվ Աստծու քահանայապետն ասաց նրան. «Եթե քո ամբողջ սրտով հավատաս սուրբ Երրորդությանը, մի բնությամբ և Աստվածությամբ դավանվող երեք Անձերին, ինչպես և Քրիստոսի փրկական մարդեղությանը` ճշմարտապես մեր զանգվածից` երկուսից մեկ եղած, Հորն ու Սուրբ Հոգուն հավասարակից, կստանաս` ինչ կամենում ես»: Եվ նա կամեցավ պահել նույն դավանությունը, ինչպես խոսեց սուրբ քահանայապետը:

Եվ նրա դուստրը ծննդյան օրից կույր էր. աչքերը բաց էին, բայց առանց լույսի: Եվ երբ [հայրն ու դուստրը] մոտեցան ավազանին, ասացին խորհրդավոր խոսքերն ու լուսավորվեցին սուրբ մկրտությամբ: Եվ ավազանից վերածնվեցին Նեմեսիոսն ու իր դուստրը: Այնժամ աղջիկը տղամարդու պես սկսեց բարձր ձայնով խոսել. «Տեսնում եմ փայլակնացայտ մեկին, որ մոտեցավ աչքերիս, և իրեն պարուրող արփիական շողերով երևացող ամեն բան տեսնելու կարողություն շնորհեց ինձ»: Իսկ Աստծու քահանայապետն իր ձեռքով հանեց ավազանից և Հայր Աստծու գութը հաստատեց նրանց վրա: Եվ այն օրը շատ ուրիշները ևս արժանացան մկրտության և մեղքերի թողության, և այնուհետև հավատացյալների բազմությունն անթիվ էր: Եվ [քահանայապետը] երանելի Նեմեսիոսին սարկավագ ձեռնադրեց` ի սպասավորություն սուրբ եկեղեցու:

Եվ որովհետև այրն այն երևելի ու հայտնի էր, նրա հավատքը, մկրտությունն ու սարկավագության վերատեսչությունը զորագլուխներից թաքուն չմնացին, որ և ծանուցեցին թագավորին: Եվ թագավորը կանչեց Ուղերիոս1 և Մաքսիմոս զորագլուխներին, որ զորացել էին Արեսի կուռքերի մոլորությամբ: Եվ երբ եկան, նրանց հրամայեց բռնել Նեմեսիոսին, նախ ապտակել և ապա կանգնեցնել դատական բեմի առջև: Իսկ սուրբ Նեմեսիոսն աստվածային շնորհով զորակցում էր քրիստոնյաներին և իր ինչքը բաշխում կարիքավորներին: Եվ մի գիշեր, երբ նա գնում էր Ապպիա կոչված ճանապարհով և սովորականի պես ողորմություն բաշխում կարոտյալներին, մոտեցավ կուռքերի տաճարին և տեսավ Ուղերիոսին և Մաքսիմոսին, որ գարշելի զոհեր էին մատուցում կուռքերին: Եվ աստվածային նախանձախնդրությամբ բոցավառված` Նեմեսիոսը ծնկի իջավ բոլորի Աստծու առջև և աղոթեց, որպեսզի ուր ամբարիշտները կռապաշտության հանդգնությունն են գործում, հենց այնտեղ ստանան պատիժը` իրենց անօրենությանը համապատասխան: Եվ մինչ աղոթքը շուրթերին էր և ավելի շատ երկնքում, քան շուրթերին, Մաքսիմոսն անմիջապես բռնվեց դևերի կողմից. գետին էին զարկում և լլկում: Եվ անսուրբը, պիղծ դևից բերան և լեզու ստանալով, գոչում էր և ասում. «Նեմեսիոս անունով մի քրիստոնյա է անցնում տաճարի մոտով և իր աղոթքներով վառում է ինձ: Քանի դեռ չի հեռացել` բռնեց՛եք և ապտակներ տեղացե՛ք»: Եվ դևերի սպասավորներն անմիջապես բռնեցին նրան և չարքերի հրամանի համաձայն սկսեցին ապտակել: Եվ երևելի սարկավագին և Քրիստոսի վկային տանջում էին ապտակներով: Մինչդեռ եղկելի Մաքսիմոսն իր հանդգնությանն արժանի կերպով խեղդվեց պիղծ դևերի կողմից, որին զոհ էր մատուցում, և սարկավագի աղոթքին համապատասխան` հատուցում ստացավ և ուղղվեց դեպի իր պաշտամունքին արժանի` հանդերձյալ անվախճան տանջանքները:

Եվ պիղծ Մաքսիմոսի սատկելուց հետո սուրբ Նեմեսիոսին տարան պալատ` Ուղերիանոս դատավորի մոտ, որը սրբին տեսնելով` ասաց. «Ի՞նչ եղավ քո իմաստությունը: [Դու], որ ժողովարանում ամենաընտիրն էիր, այժմ անմիտ դարձար և աստվածների սերն ու համակրանքը կորցրեցիր` նրանց ատելով: Ինչո՞ւ ընկար այդ մեծ անօրինության և անմտության մեջ, թողեցիր աստվածներին, որոնց խանձարուրից էիր երկրպագել, և գնացիր մի պաշտամունքի ետևից, որ չեն ճանաչել քո հայրերը: Եվ եթե այժմ անմիջապես չվերադառնաս, ինչից հեռացել ես և սթափվես խելագարությունիցդ, դատական օրենքը կհասնի քեզ, այն օրենքը, որ սահմանված է այդպես պաշտողների համար, որ և դատաստանը դու ինքդ քաջ գիտես»:

Եվ երանելի Նեմեսիոսն անմիջապես պատասխան չտվեց, այլ նախ հորդահոս արտասուք հեղեց, երբ հիշատակվեց իր և ծնողների մոլորությունը, որ նրանք կռապաշտ են վախճանվել: Իսկ հետո, արցունքները զսպելով` ասաց. «Ո՛վ դատավոր, դու առաջ ես բերում իմ և ծնողներիս առաջվա վարքը. [ծնողներինս], որ կռապաշտ վախճանվեցին: [Հիշում ես նաև] իմը, որ առանց գիտենալու մեղքեր էի գործում և դատապարտելով` պատժում էի բազում սրբերի: Եվ դրա համար առավել եմ բորբոքվում Քրիստոսի սիրով, որովհետև գիտեմ, որ Նա է իմ առաջվա ամբարշտության քավությունը: Եվ այժմ, եթե անցյալի ամբարշտությանս համար այսքան զղջում եմ, որքան առավել ճշմարտությունն ընկալելով` ամբողջ վատթարությունն ու խելագար անաստվածությունը կկտրեմ` ասես մանգաղով: Եվ թո՛ղ հայտնի լինի քեզ, որ չկա որևէ բան, որ ի զորու լինի ինձ բաժանելու Քրիստոսից. ո՛չ [երկրային] մեծությունը, ո՛չ փառքերը, ո՛չ դատավորների սպառնալիքները և ո՛չ տանջելու գործիքները: Եվ սա համարձակությամբ եմ ասում` քաջալերվելով Քրիստոսի զորությամբ: Նաև դստերն իմ ոչ ոք չի կարող բաժանել Քրիստոսից, որովհետև Աստծու սուրբ քահանայապետ Ստեփանոսի միջոցով սուրբ ավազանի վերստին ծննդյամբ վանեց հոգու և մարմնի խավարը»: Երբ բռնակալն այս լսեց, անասելի բարկությամբ լցվեց և ասաց. «Չեմ կարող մոռանալ, որ չնայած մարդասիրությամբ քեզ բերեցի, չար կախարդությամբ նախ տանջեցիր մեր զորակցին, զարհուրելի ցավով լլկեցիր և տարաժամ մահով նրա կյանքը խլեցիր: Իսկ այժմ մեր փրկության [ճանապարհին] հակառակ ինչ որ [աստված]գիտության մասին ես խոսում` դժնդակ ճառեր կարդալով»: Եվ հրամայեց Նեմեսիոսի ինչքը խլել, իսկ դստերը մի անառակ և ամբարիշտ կնոջ ձեռքը մատնել:

Եվ հրամայեց բերել Սերեպիոնին, որ Նեմեսիոսի տան մատակարարն էր, և նրան հանձնեց Ոլիմպիոս անունով մեկին, որ իշխանության տրիբունն էր: Սա պետք է քններ Սերեպիոնին: Եվ երբ Սերեպիոնին բերեցին մոտը, Ոլիմպիոսն ասաց նրան. «Դատավորի երկու հրաման կա քո առջև. տանջանք ընդունելու փոխարեն` կատարիր որը կամենում ես: Կա՛մ հանձնիր քո տեր Նեմեսիոսի ինչքը, կա՛մ զոհ մատուցիր կուռքերին»: Սերեպիոնը պատասխանեց և ասաց. «Ո՛վ դատավոր, իմ տիրոջ ինչքը Քրիստոս ընդունեց, որովհետև տերն իմ իր ինչքը բաշխեց աղքատներին: [Մյուս հրամանի կապակցությամբ]. աղոթում եմ, որ դու, ինչպես և Աստծու ստեղծած և պատկեր որևէ այլ մեկը զոհ չմատուցի փայտերին ու քարերին»:

Այնժամ Ոլիմպիոսը հրամայեց ստվար բրերով խիստ ծեծել նրան և երեսն ի վայր քարշ տալ և գցել Արեսի գարշելի տաճարը: Եվ երանելուն հրամայում էր խնկերով զոհ մատուցել ոսկեզօծ կուռքերին: Իսկ Քրիստոսի երանելի վկան սկսեց աղոթել և խնդրում էր Աստծուց, որ դիվական պատկերները կործանելով ցույց տա իր զորությունը: Եվ նույն պահին ընկնելով` կուռքերը ջախջախվեցին, ինչը տեսնելով` Ոլիմպիոսը խիստ հիացավ և ապշեց Քրիստոսի զորությամբ: Եվ Քրիստոսի վկա Սերեպիոնին հանձնեց Տերտյուղոսին, որ իր տան վերակացուն էր, իսկ ինքն շտապ գնաց իր տունը և սքանչելիքը պատմեց իր`Բերիա անվանված կնոջն ու Թեոդուլոս որդուն, որոնց մտքերը բացեց Աստված, որ իմանան ճշմարիտ Աստծուն: Եվ գիշերով Սերեպիոնին կանչեցին ներսի մի առանձին սենյակ և սկսեցին խոստովանել իրենց մոլորությունը: Եվ զղջալով` դառնապես լալիս էին և ապաշխարությունը հանձն առնում, միայն թե փրկության արժանանան: Եվ մտավ այնտեղ, ուր իր կուռքերն էին, զանազան ու պես-պես զարդերով պաճուճված, և դուրս հանելով` դրեց Սերեպիոնի առջև և նրան տեր կարգեց իր ողջ կենցաղին:

Իսկ սուրբը Ոլիմպիոսին հրամայեց իր իսկ ձեռքով փշրել փայտից, քարից և խեցուց շինված [կուռքերը], իսկ ոսկուց և արծաթից պատրաստվածները մանրել, հալել և տալ աղքատներին: Եվ սա անմիջապես կատարեց: Եվ երբ տանը եղած կուռքերը ջախջախեցին, ձայն լսվեց երկնքից, որ ասաց. «Երանի է ձեզ: Այսուհետ ձեր մեջ կբնակվի իմ Հոգին, և վերստին ծննդյամբ կընդունեք կատարյալ փրկությունը»: Այս լսելով` Ոլիմպիոսն ու իր ընտանիքն ավելի ամրացան իրենց հավատքի մեջ և սկսեցին աղաչել Սերեպիոնին, որ իրեն սուրբ մկրտության արժանացնի: Եվ Սերեպիոնը տեղեկացրեց Նեմեսիոսին, իսկ Նեմեսիոսը` Ստեփանոս մեծ քահանայապետին: Եվ նա լի եղավ ուրախությամբ, առանց հապաղելու եկավ Ոլիմպիոսի տունը և տեսնելով նրանց հավատը, ձգտումը և խորտակված կուռքերը` անմիջապես մկրտեց նրանց և երկնավոր Հորը որդեգրեց: Եվ ոչ միայն Ոլիմպիոսի ընտանիքը, այլ և բոլոր նրանց, որ մինչ մկրտությունը արժանի են եղել Ոլիմպիոսի տանը լսելու երկնքից հնչած ձայնը:

Եվ երբ այս գործեց, երեք օր անց համբավը հասավ Ուղերիանոս դատավորին, որը ծանուցեց Գաղղենոս թագավորին` Վաղերիանոս թագավորի որդուն: Իսկ նա հրամայեց դստեր հետ մեկտեղ սպանել երանելի Նեմեսիոսին: Եվ երանելիին տարան սպանման վայրը` երկու ճանապարհների միջև` Ապպիայի և Լատոնի: Եվ խորհրդակցելով` նախ կամեցան սպանել նրա դստերը: Ասում էին. «Խանդաղատանքից սիրտը կթուլանա, թերևս փափկի»: Իսկ երանելի վկան իր դստեր մահն ավելի մեծ մխիթարություն էր համարում: Եվ երբ նրան սպանված տեսավ, ցնծաց մեծ ուրախությամբ և գոչում ու ասում էր. «Քրիստո՛ս, ընդունի՛ր բանավոր պատարագը, որ հոժարությամբ Քեզ եմ մատուցում իմ առաջին պտուղը»: Նույն կերպ և նույն տեղում սպանեցին և նրան: Եվ այս լսելով` մեծ քահանայապետ Ստեփանոսը գիշերով եկավ և նրանց սուրբ ու նվիրական մարմինները վերցնելով` դրեց պատշաճ տեղում և կատարեց աստվածային պատշաճ օրհնությունը, իսկ առավոտյան վերադարձավ իր տեղը:

Եվ հաջորդ օրը բռնակալը հրամայեց իր առջև բերել երանելի Ստեփանոսին: Եվ դահիճները դատավորի հրամանով նրան երկաթե կապանքների մեջ դրեցին և մի գործիքով պարանոցը կապեցին և այդպես տարան Ուղերիանոս դատավորի ատյանը: Բարեպաշտության իր վարդապետի ետևից էր գնում նաև Քրիստոսի Ոլիմպիոս զինվորը, իր կնոջ` Բերիայի, և իրենց որդու` Թեոդուլոսի հետ:

Երբ կանգնեցին առջևը, դատավորն ասաց. «Ինչո՞ւ ընդվզեցիք մեր փրկող աստվածների դեմ և նրանց տեղն Ուրիշին առաջ բերեցիք` երկրպագելով Նրան»: Իսկ երանելի Սերեպիոնն, առաջ գալով, ասաց. «Մենք չենք ընդվզել, ո՛վ դատավոր, այլ նրանք, որ թողնելով միակ և ճշմարիտ Աստծուն` պաշտում, երկրպագում և սպասավորում են պիղծ դևերին և նրանց պատկերներին, որ փայտից, քարից և խեցուց են կազմված: Իսկ մենք չենք կարող պղծել մեր փրկությունը և մեր սրբությունները կուռքերին մատուցված զոհերով ապականել: Դուք պղծեցիք աստվածային օրենքները, որ թողնելով ճշմարիտ, անսկիզբն և մշտնջենավոր Աստծուն, երկրպագում եք ժամանակավորն ու կորստաբերը, որովհետև աստվածները, որ չեն արարել երկինքն ու երկիրը, կկորչեն»: Եվ Գաղղենոս թագավորը, որ բարձր գահի էր նստած և Ուղերիանոսի միջոցով էր դատը վարում, խոսեց Ոլիմպիոսի հետ և ասաց. «Դո՛ւ, որ բազմիցս հասու ես եղել աստվածների բարեմտությանը և առանց իմ հրամանի էիր պաշտում նրանց, այժմ ինչո՞ւ չես ընդունում նրանց»: Ոլիմպիոսն ասաց. «Քանի որ բազում անգամներ զոհ եմ մատուցել անշունչներին, պարտավոր եմ եղել տանջել սուրբ և անմեղ մարդկանց, պղծել եմ իմ և ինձ լսողների հոգիները, ամեն բան լավ գիտեմ: Սրա համար է, որ հառաչանքով և արտասուքով պաղատում եմ Աստծուն, որ լսի և մաքրի ինձ մեղքերիս առաջին աղտից, որով դառնապես ապականել էի ինձ: Եվ այժմ, որովհետև ճանաչել եմ ճշմարիտ Աստծուն և գտել Նրա ողորմությունը, այսուհետ այլևս ի՞նչ խոսքեր, կամ ի՞նչ տանջանքներ, կամ դաժան մահ կարող են ինձ անջատել Նրա սիրուց և դարձյալ նետել այն կործանման վիհը»:

Այնժամ թագավորը մռնչաց վայրի գազանի պես և Ուղերիանոսի հետ խորհրդակցելով` վճիռ կայացրեց նրանց վրա` նետել կրակի մեջ: Եվ հրամանն անմիջապես ի կատար ածվեց: Եվ Քրիստոսի քաջ զինվորները` Սերեպիոնը, Ոլիմպիոսը, Բերիան, Թեոդուլեն սկսեցին փառավորել Աստծուն, որ իրենց արժանի արեց վկայական մահվան և անթառամ պսակի: Եվ փառավորելով այսպես էին ասում. «Փա՜ռք Քեզ, զուգահավասա՛ր սուրբ Երրորդություն, որ մեզ արժանի արեցիր Ընդունողիդ բանական ողջակեզ մատուցելու` վախճանվելու կրակի մեջ: Այժմ ընդունի՛ր մեր հոգիներն անուշ բույրերի մեջ»: Եվ այս ասելով` ավանդեցին հոգիները: Իսկ երբ գիշերը եկավ, Աստծու երանելի քահանայապետ Ստեփանոսը, որ միշտ անքուն աչքով հոգում էր Քրիստոսի հոտի մասին, եկեղեցու ժառանգավորներից [մի քանի] երկյուղածների վերցնելով` գաղտաբար տարավ բարեհաղթ վկաների մարմինները և օրինապատշաճ սրբաբանությունը կատարելով` նրանց թաղեց ատյանից ոչ հեռու:

Սրանից հետո քրիստոնյաների դեմ համատարած հալածանքներ սկսվեցին, և փնտրում էին [հատկապես] Ստեփանոս եպիսկոպոսին և [ընդհանրապես] հավատացյալների, և եթե մեկն ասեր [նրանց տեղը]` բազում ինչք էին խոստանում: Եվ քիչ օրեր անց հավատացյալներից տասներկու հոգի բռնվեց: Նրանք սրով սպանվեցին` պսակ ստանալով Քրիստոսից: Եվ նրանց անուններն այս են` Բովնոս, Փաւստոս, Մաբիոս, Պրոմիտիոս, Կամիսիոս, Հովհաննես, Եքսուպերանտիոս, Կյուրելլիոս, Թեոդուլեոս, Բասիլիոս, Բասոս, Կավատոս:

Նրանց ճգնավորական մարմինները վերցրեց մեկը, որի անունը Տերտյուղոս էր, և հավատով մեծավայելչաբար թաղեց Լատինա [գյուղի] ճանապարհի մոտ: Այս վկայասեր Տերտյուղոսը Ոլիմպիոսի տան մատակարարն էր, որ և նրանց հետ լուսավորվել էր սուրբ մկրտությամբ և [այժմ] սպասավորում էր սուրբ վկաներին: Եվ քիչ օրեր անց ինքը ևս հետևեց վկաներին, որովհետև եպարքոսական դասից մի եպարքոս բռնեց վկայասեր Տերտյուղոսին և տարավ Ուղերիանոս դատավորի մոտ: Եվ երբ բռնակալը տեսավ Տերտյուղոսին, դեմքն այլայլվեց և ասաց նրան. «Քո տեր Ոլիմպիոսի ինչքը կամավոր հանձնի՛ր, առանց տանջանքների և չարաչար հալածանքների»: Տերտյուղոսը պատասխանեց. «Եթե իմ տիրոջ ինչքն ես իսկապես խնդրում, երանի է քեզ, որ կամենում ես քոնը դարձնել այն, որովհետև այդ գանձը եթե ինքը չշնորհի, ոչ ոք չի կարող վերցնել, քանի որ նա երկնքում է կուտակել անկողոպտելի գանձը, քանի որ իր ինչքը բաշխեց աղքատներին, իսկ իրեն հրի մեջ որպես կենդանի պատարագ մատուցեց Աստծուն: Եվ դու, ո՛վ դատավոր, եթե փարատես տնանկների վիշտը և հեռանաս դևերի գարշելի պաշտամունքից, անմիջապես կստանաս իմ տիրոջ գանձերը»:

Առավել ևս բարկացավ Ուղերիանոսը և հրամայեց դալար փայտերով սաստիկ ծեծել նրան: Իսկ Տերտյու ղոսը, արհամարհելով տանջանքները, գոհանում էր և փառավորում Աստծուն, և որքան ավելացնում էին տանջանքները, այնքան ավելի շատ էր արիանալով սրտապնդվում բարեպաշտության մեջ: Եվ աստվածամարտը հրամայեց վերքերը վառել ջահերով, իսկ երանելին այնքան էր բոցավառված աստվածային սիրով և Սուրբ Հոգով արիացած, որ անգամ նրա դեմքը չայլայլվեց: Եվ բռնավորն ավելի ու ավելի էր տանջում, երբ տեսնում էր սրբի անդրդվելի կամքը:

Հետո սրբին ուղարկեց քաղաքի եպարքոս Սապրիկոսի մոտ, որպեսզի հնարքներով քննի և խոստումներով կամ տանջանքներով ստիպի կուռքերին զոհ մատուցել և հանձնել տիրոջ ինչքը: Եվ Սապրիկոսը, նստելով բարձր բեմի վրա` հրապարակի դիմաց, հրամայեց իր առջև կանգնեցնել երանելի Տերտյուղոսին: Եվ երբ սուրբը կանգնեց նրա առջև, [եպարքոսն] սկսեց հարցնել նրա անունն ու ճակատագիրը: Իսկ սուրբը ողջ բազմության առջև պատասխանեց և ասաց. «Եթե անունս ես կամենում իմանալ` քրիստոնյա եմ, իսկ եթե ճակատագիրս` Աստծու ծառաների մեղսական սպասավոր եմ»: Եպարքոսը կրկին հարցրեց. «Ծառա՞ ես, թե` ազատ»: Երանելին պատասխանեց. «Մեկ անգամ ասացի, որ Աստծու ծառաների սպասավորն եմ: Եթե նախորդ պատասխանս հիշում ես, երկրորդ հարցումդ ի՞նչ իմաստ ունի, իսկ եթե առաջինը չես հիշում, ուրեմն [ընդհանրապես] իզուր ես ջանում»: Սապրիկոսն ասաց. «Զո՛հ մատուցիր կուռքերին և ինձ հանձնիր տիրոջդ ինչքը և քեզ կազատես տանջանքներից և փառքի ու պատվի կարժանանաս»: Իսկ երանելին քամահրեց նրա խոսքերը և նրանց պաշտամունքը մոլորեցնող և դիվական անվանեց:

Այնժամ զայրանալով` եպարքոսը հրամայեց քարերով ջախ ջախել սրբի բերանը: Իսկ նա այս տանջանքը ևս առ ոչինչ էր համարում և գոհություն էր մատուցում Աստծուն, որ արժանի եղավ Նրա անվան համար չարչարվելու: Սրանից հետո հրամայեց մի գերանի վրա պառկեցնել նրան և ստվար ճիպոտներով ձաղկել մկանները: Իսկ Քրիստոսի քաջ վկան այս տանջանքը ևս ծաղրեց և անգամ արժանի չէր համարում նայել բռնակալին: Եվ երբ Սապրիկոսը տեսավ, որ երանելին հաղթեց իրեն, Ուղերիանոս դատավորի հրամանով նրա վրա վճիռ կայացրեց` սպանել սրով: Եվ անմիջապես հատեցին Քրիստոսի բարեհաղթ վկա Տերտյուղոսի գլուխը, այնտեղ, ուր իր տերն էր վկայել իր հարազատների հետ` Լատինա [գյուղի] ճանապարհին: Եվ Տերտյուղոսի մարմինը Աստծու քահանայապետ Ստեփանոսը վկայական պատվին արժանի կերպով թաղեց ոչ հեռու հիշյալ գյուղից, ուր և վկայել էր:

Քիչ օրեր անց բռնվեց և ինքը` Ստեփանոսը, Աստծու մեծ քահանայապետը, որ հար և նման եղավ երանելի Ստեփանոսին` իր անվանակցին, դեպի երկնային պսակը տանող ճանապարհին նախաշավիղ լինելով շատերի համար, որոնց առաջնորդն ու ուղեկիցը եղավ և իբրև անուշահոտ պատարագ մատուցեց Աստծուն, իսկ հետո նաև ինքը հետևեց նրանց:

Եվ երբ քահանաների ու սարկավագների և եկեղեցու այլ սպասավորների բազմության հետ մեկտեղ երանելին կանգնեց Ուղերիանոսի դատական ատյանի առջև, բռնակալը լի ցասմամբ նայեց նրա վրա. «Դո՞ւ ես Ստեփանոսը, որ շարժում ու [գրգռում] էիր Հռոմի քաղաքացիներին և շատերին հեռացնում աստվածների սպասավորությունից»: Երանելի հայրապետը պատասխանեց. «Ես, ո՛վ դատավոր… ո՛չ միայն շարժում էի Հռոմեացիների քաղաքը, այլև մշտապես կանգնեցնում [հավատքի վեմի վրա], որովհետև հանապազ պաղատում էի, որ ամբարիշտների դիվական խռովությունը հեռանա, և բոլորն սկսեն ճանաչել միակ ճշմարիտ Աստծուն, Նրա միածին Որդուն և Հորն ու Որդուն համազոր Սուրբ Հոգուն: Եվ այս դավանությունը բացահայտ քարոզելիս երբեք դադար չառա և չեմ դադարի այս խոստովանությունը հաստատելուց, անգամ եթե բյուրավոր մահեր ուղարկես վրաս, բոլորը կընդունեմ առանց դժվարության»:

Այնժամ աստվածամարտ Ուղերիանոսը հրամայեց երանելուն բռնությամբ մտցնել կուռքերի գարշելի տաճարը և այնտեղ ուժով ստիպել, որ զոհ մատուցի, իսկ եթե չհամաձայնի` սրով սպանել: Եվ երբ կանգնեցրին կուռքերի պատկերների առջև, աչքերը երկինք հառեց և բոլորին լսելի ձայնով աղոթեց. «Ի՛մ Տեր Աստված, որ Քաղանեում աշտարակը կործանեցիր, ուր ամբարտավանությամբ միաբանված կամենում էին աստվածամարտ լինել, իսկ Դու, լեզուները խառնելով, խափանեցիր: Այժմ Քո ամենակարող զորությամբ կործանի՛ր կուռքերը և խափանի՛ր դիվական մոլորությունը սրանց, որ ոչ միայն ամբարտավան խոհերով են ընդդիմանում Ամենազորիդ, այլև բացահայտ կերպով աստվածամարտ են դառնում, փոխանակ երկրպագելու արարածների Արարչիդ: Քո անքննելի իմաստությամբ այժմ ամաչեցրո՛ւ նրանց, որ միակ ճշմարիտ Աստված ճանաչեն Քեզ»:

Եվ մինչ նա այս էր ասում, ահազդու որոտ եղավ, թնդյուն և սաստիկ երկրաշարժ, նաև հրացայտ փայլատակում, և կուռքերի տաճարի մեծ մասը շարժվելով` կործանվեց դիվական պատկերների հետ մեկտեղ: Եվ զինվորները, սարսափելով ահազդու երկրաշարժից, սրբին թողեցին և դուրս փախան:

Այնժամ Քրիստոսի բարեհաղթ վկան` երանելի քահանայա պետը, անցավ-գնաց սուրբ Լուկիոսի վկայարանը, որ նույն քաղաքում էր: Եվ հավաքելով քաղաքում եղած բոլոր քրիստոնյաներին` բարեպաշտությամբ նրանց մխիթարում էր խոսքով` հիշեցնելով տերունական բանը` «Մի՛ երկնչեք նրանցից,-ասում է,-որ մարմինն են սպանում, և դրանից ավել ոչինչ չեն կարող անել, այլ պետք է երկնչել Նրանից, որ հոգին և մարմինն է կորստի մատնում գեհենում»: Այս և սրանից ավելին էր ասում իր հոտին և հենց այնտեղ իր հետ եղած քահանաների և սարկավագների սպասավորությամբ սկսեց կատարել խորհրդավոր պատարագը, որպեսզի ոչ միայն հոգելից վարդապետությամբ սրտապնդի իր աշակերտներին, այլև նրանցից յուրաքանչյուրի անձը սրբի և հաստատի հավատքի մեջ` Հիսուս Քրիստոսի կեցուցիչ, կենդանացնող և աշխարհագործ մարմնի և արյան շնորհիվ:

Եվ երբ պատարագ էր մատուցում, բազում զինվորներ Աստծու տաճարի մոտ եկան և շրջապատեցին` պես-պես զենքերով և սուսերներով զինավառ: Եվ այնպիսի աղմուկ էին բարձրացրել, և սուսերներն այնպես էին շողում, որ ներսում գտնվողները համարեցին, թե Աստծու սրբությունն է շարժվում: Իսկ Աստծու երանելի քահանայապետն առ ոչինչ էր համարում աղաղակի ձայները և ամբողջ սրտով կատարում էր սուրբ խորհուրդը, անձամբ ճաշակում էր և բոլոր քրիստոնյաներին բաշխում մեղսաքավիչ խորհուրդից:

Եվ դեռ պատարագը չավարտած` զինվորները խորտակեցին եկեղեցու դռները և ներս խուժելով` կտրեցին սրբի գլուխը, և վկայական արյունը խառնվեց Քրիստոսի անապական արյան հետ: Եվ մի հրաշալի խորհուրդ ու մեծ բարիքների առհավատչյա կատարվեց այնտեղ, որովհետև ամենքին երևաց, որ նրանք, ովքեր Քրիստոսի անվան համար չարչարանք և մահ են ընդունում, ոչ միայն Նրա նման են լինելու, այլև միանալու են Նրան, նմանությամբ Տիրոջ խոսքի, որ ասում էր կյանք շնորհող չարչարանքների ժամանակ, թե. «Ինչպես Դու, Հա՛յր, Իմ մեջ, և Ես՝ Քո, այնպես և նրանք Մեր մեջ լինեն» (Յովհ. ԺԷ. 21): Եվ երբ Աստծու սուրբն այսպիսի մահով վկայեց, մյուսներին թողնելով` զինվորները հեռացան, որովհետև միայն նրան սպանելու հրաման էին ստացել:

Եվ հավատացյալները, վերցնելով երանելիի բարեհաղթ մարմինը, լալով ողբում էին իրենց սրբությունը, և նրան արժանավոր գերեզման պատրաստեցին` նահատակ Ղուկիոսի պատվի նման: Եվ նրա փոխարեն ամբողջ բազմության կամքով և Սուրբ Հոգու ընտրությամբ Հռոմի հայրապետության աթոռին ձեռնադրվեց սուրբ Քսեստոսը, որ իրավամբ արժանի էր սուրբ Ստեփանոսի վարդապետությանը:

* * *

Տարսիկոս անունով մի մարդ գաղտնի սպասավորում էր երանելի Ստեփանոսի մարմնին: Եվ սրբի վկայելուց սակավ օրեր անց կռապաշտները խորհուրդ արեցին և կամենում էին փախցնել սուրբ մարմինը: Եվ բռնեցին երանելի Տարսիկոսին և նրան նեղում էին, որ տեղը իրենց ցույց տա: Իսկ նա արժանի չէր համարում պատվական մարգարիտը խոզերի առջև շաղ տալ: Եվ արյունարբու կռապաշտները բրերով այնքան դժնի կերպով խփեցին նրան և այնպես ջախջախեցին քարերով, որ հենց նրանց ձեռքերում նվաղելով` հոգին ավանդեց Քրիստոսին: Եվ կրկին մի սքանչելի բան կատարվեց. թեև մեռավ Տարսիկոսը, սակայն կենդանի պահապան եղավ սրբի համար` նրան անսուրբների ձեռքը չմատնելով: Իսկ անօրենները սարսափի ու վախի մեջ ընկնելով` թողեցին-հեռացան: Եվ քրիստոնյա որոշ վկայասերներ Տարսիկոսի ճգնազգյաց մարմինը սաղմոսներով, օրհնություններով և հոգևոր երգերով վերցրեցին և թաղեցին մի արժանավոր վայրում:

* * *

Այսպես վկայեց քահանայական և մարտիրոսական արժանավորությամբ ճոխացած երանելի Ստեփանոսը, որ ոչ միայն իրեն իբրև բանավոր պատարագ մատուցեց Աստծուն, այլև իր վարդապետական խոսքի շնորհիվ նաև բազում ուրիշների ընծայաբերեց` թե՛ իր կենդանության ժամանակ, թե՛ դրանից հետո: Եվ նրա մարտիրոսության օրը Հռոմեացիների բոլոր խմբերը իր հիշատակն են տոնում և իր հետ մեկտեղ նրանցը, որ նրա շնորհիվ ընծայվեցին ամենասուրբ Երրորդության փառքի համար, հավիտյանս հավիտենից. ամեն:

1  Գրքում ծանոթագրված է. «Այսպէս է բնագիրն, այլ թուի լինել Վաղերիոս»:

Աղբյուր՝ Surbzoravor.am