Այսպէս է ասում Տէրը. «Կին արարածը թող ուսանի լռութեամբ, կատարեալ հնազանդութեամբ։ Եւ ես թոյլ չեմ տալիս, որ կին արարածը ուսուցանի կամ էլ խօսքով իշխի տղամարդու վրայ, այլ թող լուռ մնայ. որովհետեւ նախ Ադամը ստեղծուեց եւ ապա՝ Եւան» (Տիմոթեոս 2:11-13)

Լիլիկ Ստեփանյան․ Հեքիաթ գորշ մուկիկի մասին

Կար-չկար մի գորշ մուկ, ավելի ճիշտ՝ մի փոքրիկ գորշ մուկիկ, որովհետև երբ ասում ես մուկ՝ չես կարող երևակայել, որ նա ունի խոշոր, ձիթապտղի պես սև աչքեր, մուգ գորշավուն մաշկ՝ այնքան փայլուն, որ գիշերը լույսի տակ առկայծում է, և նուրբ մի պոչիկ՝ ոչ այնքան երկար:

Ուրեմն այսպես. այս փոքրիկ մուկիկն աշխարհում ամենից շատ վախենում էր գորշությունից: Ուղղակի տանել չէր կարողանում և շատ էր տխրում՝ ամեն անգամ հայելու մեջ նայելիս. «Տե՜ր Աստված, ի՜նչ գորշ եմ ես», - հոգոց էր հանում նա, և կլոր աչքերը լցվում էին արցունքով:

Մի օր մուկիկը ջարդեց տանը եղած բոլոր հայելիները և որոշեց մոռանալ, որ գորշ է:

Հաջորդ օրը նա գնաց խանութ և գնեց բազմագույն կերպասներ՝ իր սիրած վարդագույնից մինչև սև, բոլոր գույները երկուսից բացի՝ գորշ և մուգ կապույտ (մուգ կապույտը նրան կոպտացնում էր):

Ամբողջ օրը լսվում էր կարի մեքենայի ձայնը: Մուկիկը նույնիսկ հարևանուհու մոտ սրճելու չգնաց: Երեկո էր արդեն, երբ կարելն ավարտեց:

Եվ ահա պատրաստ էին նոր զգեստները՝ ֆանտաստիկ ու ճամուկ: Երբ հագավ և դուրս եկավ տանից, ոչ-ոք չէր կարող ենթադրել անգամ, որ մեր փոքրիկ գորշ մուկիկը կարող է այսքան հրապուրիչ լինել: Նրան հաճոյախոսում էին ամեն քայլափոխի, ջանում էին գրավել ուշադրությունը, առաջարկում էին ուղեկցել, նույնիսկ սկսեցին ծաղիկներ նվիրել…

Հիմա դժվար էր մուկիկին գորշ անվանել: Նա ինքն էլ այդ մասին շուտով մոռացավ:
Ժամանակ անցավ: Նոր, գույնզգույն զգեստների փայլը խամրեց, և գույները խունանալով՝ գորշացան: Մուկիկն այնքան զբաղված էր տարբեր հրավերներով, որ չնկատեց այդ: Մի օր էլ, երբ քայլում էր երջանիկ ժպիտը դեմքին, մեկը ձայնեց.

- Տեսե՜ք, ի՜նչ ծիծաղելի է այս գորշ մուկն իր հնամաշ շորերով:

Մուկիկը սկզբում չհասկացավ լսածը: Անհանգստությունից նրա փոքրիկ սրտիկն սկսեց ավելի արագ բաբախել: Հետո բառերն սկսեցին տեղ հասնել, և ամենաարագն, իհարկե, տեղ հասավ «գորշ» բառը… «Գորշ, գորշ մուկ, նա ինձ ասաց գորշ մուկ… Օ՜հ, ի՜նչ դժբախտ եմ ես…»,- մտածեց նա ու հեկեկոցն ատամներով ամուր սեղմած՝ վազեց տուն:

Տանը հայելիներ չկային և պետք էլ չէր, առանց այդ էլ ամեն ինչ պարզ էր: Մուկիկն ազատություն տվեց սիրտը կտրատող արցունքներին ու այնքան լաց եղավ, մինչև քնեց: Երազին մի տեսիլք հայտնվեց, ավելի ճիշտ՝ մի մեղմ ու բարի ձայն. «Փոքրի՜կ մուկիկ, հանգստացի՜ր ու ոչնչից մի՛ վախեցիր: Գորշն էլ գեղեցիկ գույն է, իսկ գորշությունը գույնի հետ կապ չունի»:

Առավոտյան մուկիկն արթնացավ խաղաղված և աշխատեց այդ մասին այլևս չմտածել:

Ժամանակ անցավ: Պարզվեց, որ այն տեսիլքն իրական էր: Դա մի ուրիշ մուկ էր, հոգատար և ուշադիր: Նրանք հանդիպեցին, նայեցին միմյանց աչքերի մեջ և ժպտացին:

- Իմ սիրունի՜կ, գորշ մուկի՜կ, - ասաց մուկը և մեր մուկիկն, ի պատասխան, ամոթխած ժպտաց: Առաջին անգամ նա չվախեցավ գորշ բառից, ընդհակառակը, դա նրան շատ բնական և նույնիսկ գեղեցիկ թվաց:

Աղբյուր՝ Granish.org