Այսպէս է ասում Տէրը. «Այս եմ ձեզ պատուիրում. որ սիրէք միմեանց: Եթէ աշխարհը ձեզ ատում է, իմացէ՛ք, որ նախ ինձ է ատել: Եթէ այս աշխարհից լինէիք, աշխարհն արդէն, որպէս իրենը, ձեզ սիրած կլինէր. բայց որովհետեւ այս աշխարհից չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում

Դերենիկ Դեմիրճյանի նամակը Վահան Թոթովենցին՝ Հովհաննես Թումանյանի մահվան առիթով

15 ապրիլ, 1923, Թիֆլիս
Սիրելի Վահան,

Այսօր տխուր օրերից մեկն է, որովհետև այնքան տխուր չէ, որ պիտի լիներ այս` Օհաննեսի թաղման օրը, որովհետև ես նրան ավելի առաջ եմ թաղել իմ սրտում: Չմեռավ Օհաննեսը- մեռավ մարդը իմ սրտում, մեռավ հավատը դեպի մարդը:

Եվ նա եղավ պատճառը: Ինձ համար ավելի մեծ վիշտ է այն հանգամանքը, որ նա մենակ մեռավ, լքված` իր բազմաթիվ բարեկամներից: Վերջին օրերը մի անհայտ ռուս բժիշկ այցելել է նրան և բերել մի ինչ-որ րոպեական թեթևանցնող դեղ` նրա տանջված ճակատին քսելու: Օհաննեսը նրան չէր կանչել, և հայտնի չէ, թե որտեղից էր նա եկել մոտը: Օհաննեսը զգացված համբուրել էր բժշկին և ասել.«Ահա ինչ է նշանակում մարդ»: Բժիշկը պատասխանել է.«Ոչինչ բան է մարդը»:

Ասել է` մարդու ծարավի Օհաննեսը մարդու էր սպասում իր կյանքի վերջին օրերին:

Ինչ բան է սա. ողբերգական թյուրիմացությո՞ւն, թե՞ զղջումն: Ոչ. Օհաննեսը մի բանի զղջաց` իր կյանքն ու առողջությունը վատնելուց (և իրավունք ուներ). դա մի ողբերգական թյուրիմացություն էր: Մարդիկ շատ չկան, բայց կան, և եթե նա շուրջը նայեր, եթե նա մի կողմ թողներ իր մեծաղմուկ կյանքի հիմարությունները, եթե նա իր աուդենցիաների, տնահանդեսների ու պալատական ժխորի և կեղծիքների մշուշի մեջ աչքը դարձներ իր շուրջը, լավ է ասել` դռան շեմքը, անշուշտ, կնկատեր մի քանի մարդու, որոնք թույլ չէին տալ, որ մի անհայտ բժիշկ րոպեական հեշտացնող դեղով ամոքեր նրա անխուսափելի մահը:

Օհաննեսի մեջ ամեն բան կար, բացի կուլտուրականությունից: Նա սիրեց հանդիսավորությունը, «հասարակականությունը», սիրեց ամենքին և ամեն ինչ և Պարոնյանի ասածը հաստատեց. «Ամենքին բարեկամը և ոչ մեկի բարեկամն է»:

«Երբ ամենքը բարեկամ են, և ոչ մեկը բարեկամ է», - կասեի ես: Եթե նա մարդու կարիք էր զգում, կգտներ, բայց նա որոնեց մարդկանց բազմություն և սայթաքեց:

Էհ, Վահան, թողնեմ այս տխուր դամբանականը: Եթե իմ մեջ մեռավ հավատը դեպի մարդը, դեռ չի մեռել հավատն ինքը: Ապրենք և որոնենք նոր մարդուն, որ «ամեն ինչ» է և «ոչինչ»…

Աղբյուր՝ Hovikcharkhchyan