Այսպէս է ասում Տէրը. «Այո՛, դարձէ՛ք ձեր Տէր Աստծուն, որովհետեւ նա ողորմած է եւ գթասիրտ, համբերատար եւ բազումողորմ եւ ափսոսում է մարդկանց չարիքների համար» (Հովել 2:13)

Հովհաննես Գառնեցի. Կենսաբեր սուրբ Խաչին

Ողջո՛ւյն քեզ, փա՛յտ փրկության, հավատի վահան, անհաղթելի զենք, երկսայրի սուր թշնամու դեմ, որ քեզ վրա բազմեց Փրկիչը աշխարհի: Դու ես Խաչը տերունական, պահի՛ր իմ անձը թշնամուց: Հանուն կյանքի օրհնության փայտիդ, որին պրկվեցիր Աստվածդ անըմբռնելի բևեռներիդ հիշատակով, որով մահվան գործիքին կպար Արարիչդ երկնքի և երկրի, տերունական արյունովդ, որով վիշապին մեծ կարթով որսացիր, լեղիի դառնությամբ, որ խմեցիր, որով կորուսիչի դեղատվությունը մեկուսացրիր` սարսափելի տանջանքների պատմության ըղձական ճառերով, որով հակառակողի լրբությունն ըմբերանելով` ամաչեցրու բոլորովին անհասանելիիդ և անթարգմանելիիդ անհաս անունով, որից դողում դատապարտվում են բոլոր երևացող և աներևույթ բնությունները սաստիկ սարսափմամբ սոսկալով: Այս ամենը լինեն պարգև խոստովանողիս ի պաշտպանություն, ի բժշկություն և ի քավություն: Եվ մահաբեր դառնաթույն օձին և նրան ազդած տիեզերադավ չարությունը. սատակում բերի նրան նույն ինքը, կորստի և անբուժելի հարվածի, սրանով մատնվի տանջանքի, կապվի և բռնվի: Եվ Ստեղծողի ողորմությունը լինի ինձ, և իմ հոգու շունչը կամովին քեզ հետ միավորվի անբաժանորեն: Եվ ով որ ընթերցի մաղթանքի գոչման այս ձայնի աղերսը, հայցման աղոթքը, ծերերին ու մանուկներին, երիտասարդի և կույսի, և թե աղախինների, չպաշտվի աստվածասիրաբար, հավասարապես, անաչառությամբ, քեզնից կընկալվի մասն երանության, ազատության` պարտքերից, վերստին հաստատվելով նորոգ մաքրության անարատությամբ, դարձյալ նկարելով քո կերպարանքը անփոփոխելի: Ահա տիրապես հնարավոր, զորեղ, անպատում, անհաս, անիմանալի կլինես այստեղ այս հեծության հառաչանքի կողկողանքին, որ բոլոր շրթունքներից ընծայվելով՝ քեզ է մատուցվում, քո երկնավոր Հոր և բարերարի համար, և փառակից և կենդանատու սուրբ Հոգուդ, և սուրբ Աստվածածնիդ բարեխոսությամբ ու բոլոր սրբերի խնդրանքով, քանի որ դու ստեղծեցիր ամբողջը, և քեզնից եղան բոլորը, և դու տիրում ես ամենին, և քեզ փառք բոլորից, մեկդ անժամանակ Երրորդության իսկությունից` փառավորապես զուգակցած անբավ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Հովհաննես Վարդապետ Գառնեցի

Աղբյուր՝ ԱՂՈԹԱՐԱՆ