Այսպէս է ասում Տէրը. «Այո՛, դարձէ՛ք ձեր Տէր Աստծուն, որովհետեւ նա ողորմած է եւ գթասիրտ, համբերատար եւ բազումողորմ եւ ափսոսում է մարդկանց չարիքների համար» (Հովել 2:13)

Իվան Տուրգենև. «Ի՜նչ լավն էին, ի՜նչ թարմ քին վարդերը»

Վաղո՜ւց, շատ վաղուց, մի տեղ մի անգամ ես մի ոտանավոր եմ կարդացել։ Վաղուց էլ մոռացել եմ էն ոտանավորը․․․ բայց մտքիս մեջ մնացել է առաջին տողը․

«Ի՜նչ լավն էին, ի՜նչ թարմ էին վարդերը․․․»։

Ձմեռ է հիմի․ ցուրտը սառցրել է լուսամուտներիս ապակիները․ մի մոմ է վառվում մութը սենյակում։ Քաշվել, նստել եմ մի անկյունում, իսկ գլխիս մեջ հնչում է ու հնչում.

«Ի՜նչ լավն էին, ի՜նչ թարմ էին վարդերը…»։

Ու իբրև թե քաղաքիցը դուրս մի ռուսական տան ցած պատուհանի առջև կանգնած եմ ես։ Ամռան երեկոն մեղմիկ հալվում, փոխվում է գիշերի։ Գաղջ օդը լիքն է հափրուկի ու լորենու բուրմունքով, իսկ լուսամուտում, լուսամուտին տված ձեռքին հենված՝ գլուխը ուսին թեքած, նստած է մի աղջիկ ու լուռ, անթարթ նայում է երկնքին, ասես թե մնում է առաջին աստղերի երևալուն։ Ի՜նչքան պարզորեն ոգևորված են նրա մտախոհ աչքերը, ի՜նչքան հուզիչ-անմեղ են կիսաբաց, հարցավոր շրթունքները, ի՜նչ հավասար շնչում է դեռ լիովին չփթթած, դեռ ոչ մի բանով չալեկոծված կուրծքը, ի՜նչ մաքուր ու քնքուշ է ջահել դեմքի տեսքը։ Սիրտ չեմ անում խոսեմ հետը, բայց ի՜նչքան թանկ է նա ինձ համար, ո՜նց է զարկում սիրտս․․․

«Ի՜նչ լավն էին, ի՜նչ թարմ էին վարդերը․․․»։

Այնինչ սենյակս մթնում է ու մթնում․․․ ճրթճրթում է հատնող մոմը. խուսափուկ ստվերները երերում են ցած առաստաղին, սառնամանիքը ճայթում ու գազազում է դուրսը, ու ծերության տխուր մի շշունջ խոսում է ականջիս․

«Ի՜նչ լավն էին, ի՜նչ թարմ էին վարդերը․․․»։

Ու առաջս են գալիս ուրիշ պատկերներ․․․ Լսում եմ գյուղի ընտանեկան կյանքի զվարթ աղմուկը։ Երկու շիկահեր գլուխներ, իրար հակված, իրենց պայծառ աչիկներով կայտառ նայում են ինձ, կաս-կարմիր այտերը թրթռում են զսպված ծիծաղից, ձեռները փաղաքուշ իրար են հյուսվել, մեկմեկու ընդհատելով հնչում են ջահել, բարի ձայները, իսկ մի քիչ դենը, սենյակի խորքում, ուրիշ, նույնպես ջահել ձեռներ, մատները շփոթելով, սահում են հին դաշնամուրի ստեղունքների վրա, և Լանների վայլսը չի կարողանում խլացնի նահապետական սամովարի քլթքլթոցը․․․

«Ի՜նչ լավն էին, ի՜նչ թարմ էին վարդերը․․․»։

Մոմը նվաղում է ու հանգչում․․․ Էդ ո՞վ է հազում էդտեղ էդպես խուլ ու խեղդուկ․․․ Կծիկ եկած պառավ շունս, իմ միակ ընկերը, սեղմվում է ոտներիս ու ցնցվում․․․ Ցուրտ է․․․ Մրսում եմ․․․ Ու մեռե՜լ են նրանք․․․ ամե՜նքը․․․ ամենքը մեռե՜լ․․․

«Ի՜նչ լավն էին, ի՜նչ թարմ էին վարդերը․․․»։

Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի