Այսպէս է ասում Տէրը. «Այո՛, դարձէ՛ք ձեր Տէր Աստծուն, որովհետեւ նա ողորմած է եւ գթասիրտ, համբերատար եւ բազումողորմ եւ ափսոսում է մարդկանց չարիքների համար» (Հովել 2:13)

Թովմաս անհավատի հավատարմությունը

Սա այն առաքյալն է, որի անունը հայտնի արտահայտության ստեղծման պատճառ եղավ. կասկածամիտ մարդկանց անվանում են Թովմաս անհավատ: Նա Գալիլիացի էր: Մինչև Քրիստոսին ճանաչելը, ինչպես բոլոր տեղի բնակիչները, ձկնորս էր:

Քրիստոսին ճանաչելուց հետո նրա ողջ կյանքը փոխվում է:Թովմասը թողնում է տունն ու տեղը ու գնում է Քրիստոսի ետևից: Սուրբը տարբերվում է քչերին բնորոշ հավատարմությամբ, որը կարող ենք տեսնել Ղազարոսի հարության պատմության մեջ: Մինչ աշակերտները համոզում են Հիսուսին չգնալ Հրեաստան, Թովմասն առաջարկում է գնալ և եթե հարկ լինի` նաև մեռնել Նրա հետ:

Քրիստոսի հետ բացառիկ նմանության պատճառով նրան անվանում էին Երկվորյակ: Կարծիք կա, որ Հուդան համբուրեց Քրիստոսին, որ տարբերեն Ուսուցչին աշակերտից:

Նրան «Թովմաս անհավատ» կոչեցին Հիսուսի հարությունից հետո, երբ առաքյալը հրաժարվեց հավատալ հարությանը. «Եթե չտեսնեմ նրա ձեռքերի վրա մեխերի նշանները և իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա» (Հովն. 20:25): Բայց տեսնելով Ուսուցչին անմիջապես հավատաց ու ասաց. «Ով, իմ Տերը, և ով, իմ Աստվածը» (Հովն 20:28): Քրիստոսի համբարձվելուց հետո Թովմասին վիճակ ընկավ գնալ քարոզել Հնդկաստանում: Թովմասը համարվում է Հնդկաստանի քրիստոնեական եկեղեցու հիմնադիրը:

Թովմասը մի անգամ չէ, որ ապացուցել է իր հավատարմությունն ու նվիրատվությունը Ուսուցչին: Նա ունեցավ ամենադժվար և վտանգավոր առաջադրանքներից մեկը: Հովան Ոսկեբերանի խոսքերով, Թովմաս առաքյալը քարոզում էր «վայրի և արյունարբու ժողովուրդներին»: Հնդկաստանում, որտեղ առաքյալը քարոզում էր, մի հեթանոս նրան մեղադրում է իր որդու սպանության մեջ, որին սպանել էր հենց ինքը` հայրը: Թովմասին ձերբակալում են, բայց նա խնդրում է իրեն թույլ տալ խոսել սպանված տղայի հետ: Առաքյալի աղոթքից հետո տղան վեր է կենում և վկայում է, որ իրեն սպանել է իր իսկ հայրը: Այդ քաղաքը վերջինն էր որտեղ առաքյալը քարոզեց: Հետո նրան սպանեցին:
Թովմասը քարոզեց Պաղեստինում, Եթովպիայում, Միջագետքում, Պարթևստանում: Առաքյալն ապացուցեց իր սերն ու հավատարմությունը Աստծո հանդեպ քարոզելով, շատ գործերով և տանջալի մահով:

Առաքյալի կասկածամտությունը բացատրվում է նրանով, որ նա չտեսավ Աստծո իրական ներկայությունը աշակերտների հոգիների մեջ: Նրա կարծիքով հնարավոր չէր տեսնել կենդանի Աստծուն և մնալ նույնը: Մինչդեռ աշակերտներն այնքան էլ փոխված չէին:

Թովմասն, ով ուներ վերլուծական միտք, ցույց տվեց, որ հավատալ չի նշանակում կուրորեն երկրպագել, այլ նշանակում է հասկանալ և ընդունել Աստծուն, սիրել Նրան սիրով և բանականությամբ, ինչպես կտակեց Քրիստոս:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է նրա տոնը 12 առաքյալների հետ և Վերափոխմանը Երրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը` Հակոբոս Ալփյան, Սիմոն Կանանացի առաքյալների հետ միասին նույն օրը:

Էմմա Ադամյան

Աղբյուր՝ Holytrinity.am