Այսպէս է ասում Տէրը. «Ով որ այս պատուիրաններից, փոքրերից անգամ, մի բան ջնջի եւ մարդկանց այդպէս ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կատարի եւ ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի» (Մատթեոս 5:19)

Անուշ Մարգարյան. Արևային անձրևաթիկա

Մի անգամ այնպես պատահեց, որ արևն իր շողիկները խճճեց և այնքան հուսահատվեց, որ սկսեց աղիողորմ անձրևել:

- Հապա մի վեր նայե՛ք, արևային անձրևաթիկայի դասաժամն է,- առվակից դուրս ցատկեց մի փոքրիկ գորտ ու մնացած գորտերի հետ ուրախ-ուրախ կռկռոցով սկսեցին անձրևաթիկայի դասը:

- 2 ճլմփոց անգամ 3 ճլմփոց հավասար է 6 ուժգին ճլմփոց, 6 ճլմփոց գումարած 506 ուժգին ճլմփոց հավասար է մի մեծ առվակ:

Եվ այսպես շարունակ: Բայց արի ու տես, որ արևն իր ճառագայթներն այնպես էր խճճել, որ լացը չէր զսպում, և ողջ դասացուցակը խառնվել էր իրար: Այդպես էլ արևային անձրևաթիկայի դասաժամը երկարեց, ու մի մեծ լճակ գոյացավ:

«Այս ի՞նչ տարօրինակ դասաժամ է, շուտով բոլորը ջրասույզ կլինեն»,- մտածեց արևագործ աղջիկը, հետո հագավ իր գունավոր լողակաթևերն ու ճլմփոցով սուզվեց լճակի խորքը:

-Ընկեր ձկնե՛ր, հարգելի խեցգետինն՛եր ու կռկռան գորտե՛ր, արևը ողջ դասացուցակը խառնել է իրար, եթե մի հնար չգտնենք, շուտով բոլորս ու նաև մեր ցամաքային ընկերները փորձանքի մեջ կհայտնվենք,- ասաց նա ու չնկատեց, թե ինչպես մեկ վայրկյանում բոլորն իրենց պոչը քաշեցին ու շփոթված պուկ փախան այս ու այն կողմ: Փոքրիկ արևագործը լճակից դուրս ցատկեց, նստեց ամպիկի ավտոբուսը, որ 5 անիվ ուներ և հրթիռի արագությամբ սլացավ արևի դպրոց: Հենց որ տեղ հասավ, կարեկցանքով նայեց արևի ծվեն-ծվեն եղած ճառագայթներին ու որոշեց ամեն գնով օգնել նրան:

- Ձերդ պայծառափայլությու՛ն, - չափից դուրս հարգալից տոնով սկսեց արևագործ աղջիկը,- բավական է անձրևեք, ներքևում իսկական քաոս է, ողջ դասացուցակը խառնվել է իրար: Այսպես որ գնա, բոլորս շուտով ջրասույզ կլինենք:

- Ախր ի՞նչ կարող եմ անել,-աղիողորմ գանգատվեց արևը, - ո՜ղջ ճառագայթներս խճճվել են, ինչքան փորձեցի ուղղել, միևնու՛յնն է, ջանքերս ապարդյուն են:

Արևագործն ի սրտե խղճաց արևին, խճճված ճառագայթները հարդարեց ու գեղեցիկ հյուսեր արեց: Իսկ հետո ճարպիկ ցատկով կախվեց նրա ոսկեշող հյուսերից և այնպես ծիծաղեց, որ ամպրոպային տրամադրությունն իսկույն չքվեց ու անձրևաթիկայի դասաժամն ի վերջո ավարտվեց:

- Վե՛րջ, - զվարթ բացականչեց աղջիկը և դեղատոմս նշանակեց,- եթե նորից կխճճվեն ճառագայթները՝ տխրությունը գլուխկոնծի շուռ կտաք, ա՜յ այսպես, որ դասացուցակը նորից չխախտվի,- շարունակեց աղջիկն և գլուխկոնծի տվեց:

Ու քանի որ անձրևաթիկայի դասաժամից անմիջապես հետո ծիածանափայլության դասն էր, արևագործն արևին հրաժեշտ տվեց ու յոթնագույն կամարով սահեց ներքև: Իսկ ներքևում նրան սպասում էին մտերիմ ընկերների ծիածանագույն գրկախառնություններն ու համբույրները: Իսկ ավելի ուշ սկսվեց աստղազարդության դասաժամը, ու հարազատ առվակի եզրին արևագործ աղջիկն իր պոչավոր ընկերների հետ փայլփլուն աստղերով զարդարեցին երկինքն ու ամեն մեկի մեջ մի նվիրական երազանք պահեցին:

Աղբյուր՝ Granish.org