Այսպէս է ասում Տէրը. «Արդ, մի՛ կորցրէք ձեր վստահութիւնը, որի մէջ մեծ վարձատրութեան հատուցում կայ: Ձեզ համբերութիւն է պէտք, որպէսզի Աստծոյ կամքը կատարելով՝ հասնէք նրա խոստմանը» (Եբրայեցիներ 10:35)

Աղոթք մեր Տեր Հիսուս Քրիստոսին

Գառն Աստծու, Տեր իմ և Աստված իմ, Հիսուս Քրիստոս, որ զոհվեցիր խաչի վրա և վերացրիր աշխարհի մեղքերը, մեղսագործ ծառաս քո և ամեն հանցանքով ծանրաբեռնվածս ընկնում եմ քո առջև ու աղաչում քեզ, Տեր իմ և Աստված իմ, ողորմիր ինձ` մեղավորիս, ինչպես ողորմեցիր ամբողջ աշխարհին, քանի որ դու ես աշխարհի հույսն ու լույսը, ճանապարհ, ճշմարտություն և կյանք: Մեղքով մեռած քո ծառայիս, որ քո անոխակալ մարդասիրության առջև եմ, հանցանքով անօրինացածիս մի՛ անտեսիր, այլ ողորմի՛ր ինձ հանուն բոլոր տնօրինական չարչարանքներիդ, որ կրեցիր բազում համբերությամբ:

Հիշի՛ր, ամենակեցույց Տեր, հայրական ծոցից իջնելդ և սուրբ կույս Մարիամից մարմնանալդ:
Հիշի՛ր, ամենօրհնյալ Տեր, իբրև մարդ քո շրջելը մեղավոր մարդկանց մեջ:
Հիշի՛ր, ամենասուրբ Տեր, քո մկրտվելը Հորդանանում Հովհաննեսի ձեռքով:
Հիշի՛ր, ամենագետ Տեր, դպիրներից ստացած նախատինքն ու փորձանքները` փարիսեցիներից:
Հիշի՛ր, կանխատես Տեր, Հուդայից մատնվելն ու քահանաներից ծաղրվելը:
Հիշի՛ր, ամենազոր Տեր, պարտեզում բռնվելն ու կապկպվելը խուժանից:
Հիշի՛ր, ամենակարող Տեր, Կայիափայի առջև լինելն ու Աննայից հարցաքննվելը:
Հիշի՛ր, անոխակալ Տեր, ծառայից ապտակվելն ու կատաղիների կռուփը:
Հիշի՛ր, ներողամիտ Տեր, եբրայեցոց թուքն ու ծեծելը եղեգնով:
Հիշի՛ր, արքաների արքա, Պիղատոսի ատյանում կապանքներով կանգնելն ու նրանից գանահարվելը:
Հիշի՛ր, անմատչելի լույս, կարմիր քղամիդն ու փշե պսակը:
Հիշի՛ր, անհիշաչար Տեր, այն ժամը, երբ ուսիդ առար կենսաբեր խաչափայտը:

Հիշի՛ր, բարձրյալ, քո բարձրանալը կենդանարմատ փայտին և գամերով ամրանալը:
Հիշի՛ր, մի՛ մոռանար ծարավից նեղվելը և լեղի ու քացախ ճաշակելը:
Հիշի՛ր, մի՛ մոռանար «Էլի, Էլի» ձայնը, և զինվորից խոցվելը:
Հիշի՛ր, մի՛ մոռանար վարդագույն սուրբ արյանդ հոսելը և աստվածացած գլխիդ խոնարհվելը:
Հիշի՛ր, կենդանիդ հավիտենից, եռօրյա թաղումն ու աստվածորեն հարություն առնելը և հրաշափառորեն համբարձվելը:
Հիշի՛ր, հիշի՛ր կորսվածիս, հիշատակդ հավիտենից, քանի որ մեղավորիս համար հանձն առար այս ամենը, բոլորագութ Տեր:

Արդ, այս ամենն ունեմ քո առջև միջնորդ ու բարեխոս, բազումողորմ, ողորմի՛ր ինձ և թո՛ղ իմ բոլոր հանցանքները և սրբիր մեղքերից, ազատի՛ր գեհենի անվախճան վշտերից և ինձ տեղ տուր քո արքայության մեջ, չէ՛ որ դու մարդասեր Տեր ես: Եվ քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Օրհնութիւն, օգնութիւն, հաշտութիւն և օրհնեալ արքայութիւն: Եւ քեզ ընդ Որդւոյ և ընդ Սուրբ Հոգւոյդ վայել է փառք և պատիւ յաւիտեանս. ամէն:

Հովհաննես Վարդապետ Գառնեցի