Այսպէս է ասում Տէրը. «Ով անարատ է քայլում արդարութեան ճամփով, նա իրենից յետոյ երանութեան արժանի որդիներ պիտի թողնի» (Առակներ 20:7)

Քար չնետենք մեր ուրախության վրա

Սեր, ուրախություն, համբերատարություն, ազնվություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն. Սբ. Պողոս առաքյալը Սբ. Հոգու պտուղներից երկրորդը նշում է ուրախությունը:

Ուրախությունն Աստծո համար հաճելի է և ցանկալի. «Աստծո Արքայությունն ուտելիք կամ ըմպելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և խնդություն՝ Սբ. Հոգուց տրված»,- ասում է առաքյալը (Հռոմեացիներ 14:17):

Ուրախ լինելու պատգամի մասին կարդում ենք. «Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով, նորից ասում եմ ասում՝ ուրա՛խ եղեք» (Փիլիպպեցիներ 4:4): Աստվածաշունչը լի է ուրախությամբ ապրելու կոչերով: Եվ, բնականաբար, խոսքը հոգևոր անսպառ ուրախության մասին է, քանի որ բոլոր միջոցներն արհեստական կերպով ուրախություն ստեղծելու կարճաժամկետ են, որոնց անմիջապես հետևում է դատարկության զգացումը:

Հողագործն ակնթարթորեն հասուն հասկ չի կարող ստանալ, քանի որ մինչ այդ նա սերմանում է, քաղհանում մոլախոտերը: Ուրախությունն էլ պահանջում է համբերություն, համառություն, այն պետք է աճեցնել ինչպես բույսը, թույլ տալ, որ կյանք ունենա, այլ ոչ թե սպանել: Հարց է առաջանում, իսկ կա՞ մեկը, որ փորձում է սպանել իր ուրախությունը, չէ՞ որ յուրաքանչյուր անձ ձգտում է ուրախության և երջանկության: Հոգևոր տեսանկյունից դիտելով՝ տեսնում ենք հետևյալ պատկերը՝ շատ անգամ երջանկության և ուրախության ձգտողն իր գործերով քար է գցում իր իսկ երջանկության և ուրախության վրա՝ վիրավորելով կամ սպանելով այն: Այդ քարերն ուրախությունը սպանող մեղքերն են, վառ մի օրինակ՝ ալկոհոլ և թմրադեղ գործածողներն իրենց կարծեցյալ ուրախությունից հետո ապրում են առավել մեծ և խորն անկում: Մարդիկ, ովքեր խորհուրդ են տալիս ցավը խեղդել խմիչքով, սխալվում են, որովհետև մեծ թվով ինքնասպանություններ մարդիկ գործում են խմիչքի ազդեցության տակ: Խմիչքը միայն խորացնում է տրտմությունը՝ տանելով դեպի հուսահատություն: Եվ սա այդպես է բոլոր մեղքերի պարագայում, մարդը կարծում է, որ կգտնի ուրախություն, այնինչ հետո պարզում է, որ սխալվեր էր:

Շատ հաճախ էլ կարելի է լսել այն արտահայտությունը, որ քրիստոնեությունը պահանջում է հրաժարվել «կյանքի ուրախություններից»: Այնինչ հակառակը՝ քրիստոնեությունը պահանջում է հրաժարվել այն ամենից, ինչ սպանում է ուրախությունը:

Մեղքերից մեկը, որը դանդաղ և անմիջականորեն է սպանում ուրախությունը, դա տրտունջն է: «Ինչ որ անում եք, արե՛ք առանց տրտունջի և առարկության, որպեսզի լինեք անմեղադրելի և անարատ, Աստծո իրական որդիներ, որոնք անբիծ վարքով ապրում են ապականված և այլասերված մի հասարակության մեջ» (Փիլիպպեցիներ 2:14-15): Տրտնջացողը դժգոհ է ամեն ինչից, նա պահանջներ ունի Աստծուց, մարդկանցից, հանգամանքներից՝ ամեն անգամ մեծացնելով իր մեջ վիրավորվածության զգացումը: Պարադոքսը տրտնջացողի մոտ այն է, որ նա տրտնջում է այն պատճառով, որ երջանիկ չէ, բայց և չի էլ կարող երջանիկ լինել, քանի որ տրտնջում է:

Հնարավոր չէ հասնել ուրախության առանց խոնարհ և շնորհակալ սրտի, ինչպես ասում է Սբ. Պողոս առաքյալը. «Միշտ ուրա՛խ եղեք, անդադար աղոթեցեք: Ամեն բանի համար շնորհակա՛լ եղեք, որովհետև Աստված այդ է սպասում ձեզնից, որ միացած եք Հիսուս Քրիստոսին» (Ա Թեսաղոնիկեցիներ 5:16-18):

Ուրախությունը սպանող մեղքերից է նաև բարկությունն ու մարդկանց դատելը:

Այսպիսով, մարդը, ամեն անգամ իր ուրախության վրա քար գցելով, մահացու վիրավորում է և սպանում այն, բայց այս վիճակից դուրս գալու ելք կա. Աստծո ողորմությունն այստեղ էլ է գործում. ուրախությունը կարող է վերագտնել մարդ, եթե զղջա և ապաշխարի իր մեղքերը: Ուրիշի մեղքերը մատնանշելով և բարկանալով՝ անձն առավել մեծ հուսահատության մեջ է ընկնում, այնինչ՝ սեփական մեղքերի գիտակցումով և ապաշխարությամբ ուրախություն է ապրում: Ուրախությունը կապված է գոհունակության և հույսի հետ: Քրիստոս Իր առաքյալներին ասաց, որ ուրախ լինեն այն բանի համար, որ նրանց անունները գրված են Երկնքում (Ղուկաս 10:20): Աստվածապարգև ուրախության և հույսի շնորհիվ հաղթահարվում են առօրյա փորձությունների արհավիրքները, քանի որ Աստված սեր է, Նրա սերը հաղթել է աշխարհին, Նրա նախախնամությունը տանում է մեզ դեպի Արքայություն: Երկրի վրա մարդը նախազգում է այդ երկնային ուրախությունը, որ, ըստ Սուրբ Գրքի և եկեղեցու հայրերի, անպատմելի է: Այնտեղ՝ այդ ուրախության մեջ, չկա հիվանդություն, տխրություն և եթե մարդ մի փոքր անգամ պատկերացներ այդ անպատմելի ուրախությունը, ապա այս ժամանակավոր կյանքի փորձությունները, դժվարություները, զրկանքներն ու զրպարտությունները, ոչինչ համարելով, գոհունակությամբ կտաներ:

Երեխան, երբ գիտի, որ ծնողներն իրեն դասերից հետո տանելու են ծովափ, արդեն մտովի հայտնվում է այնտեղ և ուրախություն ապրում: Նույն է նաև այս դեպքում, երբ քրիստոնյան իր առաքինի կյանքով Երկնքի Արքայության հույսն ունի, ապա մտովի այնտեղ լինելով՝ ուրախություն է ապրում:

«Ապաշխարությունը վերադարձ է հակաբնական վիճակից՝ բնականի, սատանայից Աստծուն» (Հովհաննես Սանդուղք):

Ապաշխարությամբ վերադառնանք մեր բնական վիճակին, մեր ուրախության աղբյուրին՝ Աստծուն, Ով մարդ դարձավ, ոպեսզի փրկի մեզ՝ հոգ տանելով մեր հավիտենական ուրախության մասին:

Կարինե Սուգիկյան

Աղբյուր՝ Surbzoravor.am