Այսպէս է ասում Տէրը. «Ով որ այս պատուիրաններից, փոքրերից անգամ, մի բան ջնջի եւ մարդկանց այդպէս ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կատարի եւ ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի» (Մատթեոս 5:19)

Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ

Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ

Հայերեն թարգմանված առաջին այս նախադասությունը, կարծում եմ, յուրաքանչյուր հայ անգիր գիտի։ Այն մեզ սովորեցնում են մանկապարտեզում, դպրոցում, համալսարանում… Գիտեք ինչու՞։ Որովհետև երբ Սբ. Մեսրոպ Մաշտոցը ժողովրդի փրկության իր ծրագիրն էր կազմում, հիմքում ահա այս ուղերձն էր դրել։ V դարում նա, իսկ իր հետ նաև Վռամշապուհ արքան ու Սահակ Պարթև հայրապետը, գիտեին, որ ժողովուրդների կենսունակության բանաձևը կրթությունն ու գիտությունն են։ Նաև հավատքը…

Այսօր Սրբոց Թարգմանչաց տոնն է։

Հայկական լրատվամիջոցներն այս օրը սովորաբար գրում են, թե «Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Թարգմանչաց տոնը»։ Այս վերնագիրը միշտ խորթ է թվացել ականջիս։ Նախ՝ որովհետև տոնը, կարծես, բացառապես եկեղեցական է ներկայացվում, իսկ եկեղեցին էլ՝ զուտ որպես կրոնական կառույց։

Իսկ ես հայտարարում եմ. ժողովուրդն է եկեղեցին, տոնն էլ ժողովրդական է։ Թերևս մեր ժողովրդի ամենամեծ տոնը։ Ավելի կարևոր, քան Մայիսի 28-ը, Սեպտեմբերի 21-ը, Մայիսի 9-ը և այլն։

Այսօր է հայ ժողովուրդը ստացել իր անձնագիրը։ Գրանցվել քաղաքակիրթ ազգերի թվում ու սկսել քայլել հավերժության ուղով…

Մինչ այդ չկար նման բան։ Մեր ժողովրդի որևէ ձեռքբերում նույն մասշտաբը երբեք չունեցավ։ Եվ չէր էլ կարող ունենալ։ Հայոց գրերն այն զենքն են, որի միջոցով ժողովուրդը սկզբից հաղթահարեց անգրագիտությունն ու անկրթությունը, պատմագրություն ու գրականություն ստեղծեց, ազգայնացրեց անգամ այնպիսի գլոբալ երևույթ, ինչպիսին Քրիստոնեությունն է։ Ամեն ինչ դարձավ հայկական։ Բառիս բուն և ամենախորքային իմաստով։ Ու այսօր ահա այդ տոնն է։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ