Այսպէս է ասում Տէրը. «Խրատի՛ր որդուդ, եւ նա հանգստութիւն կտայ քեզ, զարդ կլինի քո հոգու համար եւ չի հնազանդուի անօրէն ազգի: Ով գնում է արդարութեան ճանապարհով, օգնութիւն է գտնելու, իսկ ով ծուռ ճանապարհ է ելնում, նրա ոտքը պիտի կապուի» (Առակներ 28:17-18)

Աղոթք Հայր Աստծուն

Երկնավո՛ր Հայր, ճշմարի՛տ Աստված, հանդերձյալ աշխարհի Հայր, գթությունների Հայր և բոլոր մխիթարությունների Աստված, ամենակալ տերությունիցդ և անբավ մարդասիրությունիցդ հայցում ենք` նայի՛ր անեղ ձեռքերիդ գործիս և խնայի՛ր` ում որ փչելով կենդանացրիր: Որոնի՛ր մոլորյալիս և քո գթությամբ գտի՛ր կորսվածիս: Կարո՛ղ Տեր, կանգնեցրու կործանվածիս և դարձրու դառն մեղքով դատապարտվածիս: Հո՛ւյս հարության, բարձրացրո՛ւ հանցանքով հուսահատված անկյալիս: Տե՛րդ տերերի, մեծ ուրախություն տուր տրտմածիս, քանի որ չարի չարաչար չարությամբ չարչարվեցի և վիրագի կարեվեր վերքերով վիրավորվեցի: Խորամանկ խարդավանողը խորապես խո ցեց, և անբարի Բելիարը բեկեց բնավին: Բանսարկուի բամբասանքից բանդագուշեցի և խաբողի պարանով պարտավորվեցի: Չարասերի չարաչար չարիքներին չափ չկա, և բավ չէ Բարձրյալիդ բարկացնողիս բամբասանքը: Ընկա կամովին կորստյան կեղտի դարանը և սաստիկ սասանմամբ սուզվեցի սատանայի խորշում: Իմ անօրինությունները բարձրացան իմ գլխից վեր, և հարվածով խփեցին ինձ մեղքի փշերը:

Եվ հիմա, երկնավոր Հայր, ընկնում եմ քո առաջ և աղաչում, մեղա երկնքի և քո առաջ, արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ քո վարձկաններից մեկը դարձրու: Տո՛ւր ինձ հայրական համբույր և պարգևիր ինձ առաջին ճոխության պատմուճանը, և կոշիկը շնորհալից, և մեծարանքի մատանին: Շնորհիր ինձ պարարակ եզը, անմահական ճաշակումն ու անապական բաժակը, որ վայրի խոզերը և նրանց տերերը չկարողանան իմ մեջ խոցելի բան գտնել: Եվ ինձ սրբելով բոլոր սխալներից` արժանավորիր համարձակաձայն բարբառով մշտապես դիմելու քեզ և ասելու.

Հա՛յր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը, գա քո արքայությունը, կամքը քո լինի` ինչպես երկնքում և երկրի վրա, մեր հանապազորդ հացը տուր մեզ այսօր, և թող մեր պարտքերը, ինչպես և մենք թողնում ենք մեր պարտապաններին, և մի՛ տանիր մեզ փորձության, այլ փրկի՛ր չարից, քանի որ քոնն են արքայությունը և զորությունը և փառքը հավիտյանս. ամեն:

Հովհաննես Վարդապետ Գառնեցի