Այսպէս է ասում Տէրը. «Վա՜յ նրան, որ իր հօրը կ՚ասի, թէ՝ ինչո՞ւ ծնեցիր ինձ, եւ մօրը, թէ՝ ինչո՞ւ ծննդաբերեցիր ինձ» (Եսայի 45:10)

Ռաֆայել Իշխանյան. Հայ ազգի ստացած մեծ պարգևն էր նա

(Նկարում՝ Սեդա Ալաջաջյան, Հենրիկ Մալյան, Լուսինե Զաքարյան, Ստեփան Ալաջաջյան, Մելանյա Աբովյան, Խորեն Պալյան: Էջմիածին 1982 թ.)

Տարիներ առաջ էր: Էջմիածնի Մայր տաճարում կիրակի օրով պատարագ էի լսում: Երգչախումբն այդ օրը անսովոր գեղեցիկ էր երգում: Եվ զգացւում էր, խմբի ձայների մեջ իշխում է մէկը՝ բոլորից երաժշտական և ուժգին: Յետոյ նոյն ձայնը մեներգեց, և քիչ անց՝ ահա «Սուրբ-սուրբը»: Հրաշք էր: Մարդկային ձայնի մէջ այդքան զգացմունք, այդքան մեղեդիականութիւն, նաև մեղեդու այդքան ճշգրտութիւն: Երբևէ չէի լսել նման բան:
Հետաքրքրուեցի՝ ո՞վ է այդ հրաշագործը:

- Լուսինե Զաքարէան:

Չէի լսել, չէի ճանաչում:

Ծանոթացայ մի երկու տարի յետոյ: Ամուսինը՝ Խորէն Պալեանը, համալսարանի հայոց լեզուի ամբիոնի անդամներիս երբեմն առաջնորդում էր քաղաքից դուրս՝ մի քանի ժամ հանգիստ առնելու: Սովորաբար այդ քաղաքից դուրսը լինում էր որևէ վանքի մոտակայքում: Եւ ահա մի անգամ Խորէնի հետ եկել էր նաև Լուսինէն: Ծանօթացանք: Դրանից առաջ երկու թէ երեք անգամ էլ էի լսել նրան: Ու միշտ հմայւել, ապշել նրա անզուգական շնորհքով: Այդպիսի անօրինակ երգչուհին՝ մեզ հետ, անգոյն ու անհամ լեզուաբաններիս մէջ: Աչքերիս չէի հաւատում: Երբ մի փոքր զրուցեցի, աւելի զարմացայ: Լուսինէն իրեն պահում էր որպէս հասարակից հասարակ մէկը: Նոյնիսկ ստորադասում էր իրեն մեզնից: Մտքովս անցաւ՝ երևի ինքն էլ չի գիտակցում, թէ որքան մեծ երգչուհի է:

Ապա տաճարում Խորէնի հետ երգեցին: «Մի՞թէ այս երգչուհի- հրաշքը այն նոյն անձնաւորութիւնն է, որի հետ հէնց նոր զրուցում էի», - մտածեցի ես: Սովորական մարդու մէջ այդպէս թաքնուած է լինում հանճարը: Եւ առաւել գեղեցիկ է այն, որ այդ մարդը իրեն չի վերագրում իր ունեցած բացառիկ շնորհը, բնաւ չի հպարտանում դրանով:

Լուսինէի հետ խօսել եմ այդ մասին: Նա խոր համոզում ունէր, որ ինքը Աստծուց պարգև է ստացել իր ձայնն ու երաժշտութիւնը, ուրեմն և պարծենալու որևէ պատճառ չունի: Այլ փառք պէտք է տայ շնորհը տուողին:

Յետոյ շատ անգամ լսեցի Լուսինէին: Եւ ամէն անգամ կարօտով էի բաժանվում նրա երգից: Հայ ազգի ստացած մեծ պարգևն էր նա:

ՌԱՖԱՅԷԼ ԻՇԽԱՆԵԱՆ

Աղբյուր՝ Լուսինե-Զաքարյան ֆեյսբուկյան էջ: