Այսպէս է ասում Տէրը. «Վա՜յ նրան, որ իր հօրը կ՚ասի, թէ՝ ինչո՞ւ ծնեցիր ինձ, եւ մօրը, թէ՝ ինչո՞ւ ծննդաբերեցիր ինձ» (Եսայի 45:10)

Այրի կնոջ մասին, որ քավություն ստացավ

Մի ազնվատոհմ և մեծատուն, բազում ինչք ունեցող կին` Կեսարիա քաղաքից, մատաղ հասակից այրի մնաց և սատանայի ու չարարվեստ մարդկանց պատրանքներով անձն անառակության տվեց, ուտելով և խմելով, անցնող ժամանակը ծախսեց ամեն տեսակ ունայնությունների վրա, Աստծու կամքին հաճո ոչ մի գործ չանելով։ Եվ երկար ժամանակ անց, Սուրբ Հոգու [ազդեցությամբ], նա մի օր զղջաց և հիշելով իր մեղքերի բազմությունը` հառաչելով ասում էր.

- Վա՜յ ինձ` թշվառականիս, վա՜յ ինձ` մեղավոր ու եղկելիիս. ի՛նչ պատասխան պիտի տամ իմ գործած անթիվ մեղքերի համար. իմ հոգու տաճարն ապականեցի, պղծեցի մարմինն իմ։ Վա՜յ ինձ, ինչ անեմ. այլ թե ասեմ` պոռնիկի պես եմ, կամ մաքսավորի պես` և մեղա, բայց մկրտությունից հետո մեղանչեցի։ Եվ ինչ անեմ հիմա, որովհետև ահա ինձ մնում է հավիտյան հրի աններելի տանջանքը։ Այժմ ինչպես կարող եմ ստուգել ճշմարտապես, որ եթե զղջամ` կընդունի ինձ Աստված։

Եվ նրա մտքով սա էր անցնում, [Նա], որ կամենում է, թե բոլոր մարդիկ ապրեն և ճշմարտության գիտությանը գան, [կնոջ] հիշողությանը բերեց մանկուց ի վեր գործածները, և նա նստելով թղթին էր գրում ամենը։ Եվ թղթի վերջում գրեց մեծ մեղքերը, որ գործել էր, և թուղթը կապարով կնքելով` եկավ, ուշադիր սպասում էր պատշաճ ժամանակի։ Եվ երբ սուրբ Բասիլիոսը եկեղեցի էր գալիս մշտական աղոթքի, առաջանալով` նետեց թուղթը նրա ոտքերի առաջ և երեսնիվայր ընկնելով գոչում էր ասելով.

- Ողորմի՛ր ինձ, սուրբդ Աստծու, ճարտա՛ր բժիշկ, ողորմի՛ր ինձ` բանսարկուի ախտից վիրավորվածիս, որ խոցված եմ մեղքերով առավել քան ցանկացած մարդ։

Իսկ Քրիստոսի երանելի ծառան կանգ առնելով` հարցնում է իրերի ճշմարիտ պատճառները։ Եվ նա ասում է.

- Ահա գրեցի իմ բոլոր մեղքերը այդ թղթի վրա և կնքել եմ այն, իսկ դու, ծառադ Աստծու, մի՛ բացիր կնիքը, այլ քո աղոթքով ջնջիր դրանք, որովհետև ինձ այս միտքը տվողը կարող է լսել քո աղաչանքները հանուն ինձ։

Իսկ մեծ Բասիլիոսը թուղթն առավ իր սուրբ ձեռքը և եկեղեցի մտավ և ձեռքերը վեր բարձրացնելով հայցում էր Տիրոջից` այս աղոթքն ասելով. «Մեր Տեր Հիսուս Քրիստոս, ճշմարիտ Աստված, որ առաքվեցիր Հոր ծոցից և մարմին առար Սուրբ և փառավորված Աստվածածին Կույսից` վերցնելու աշխարհի մեղքերը։ Եվ հիմա քո մարդասիրությամբ ջնջիր այս կնոջ ձեռքի գրածը, որովհետև միայն քո կարողությունն է այս գործը։ Տեր, որովհետև քո առջև թվարկված են մեր ամենքի հանցանքները, և ոչինչ ծածուկ չէ քեզնից, իսկ քո ողորմությունները անթիվ և անբավ են [նրանց հանդեպ], որ հավատով դառնում են և խնդրում քեզնից»։ Այս ասելով առաջացավ և թուղթը խորան նետեց և ամբողջ գիշեր մնաց աղոթելով և հաջորդ օրն էլ բազմության հետ աղաչում էր Աստծուն։ Եվ սուրբ պատարագի ավարտից հետո կանչեց կնոջը և թուղթը նրան տալով ասում է.

- Լսե՞լ ես երբևէ, ո՛վ կին, որ ոչ ոք չի կարող մեղքերին թողություն տալ բացի Աստծուց։

Եվ նա ասում է.

- Այո՛, հա՛յր սուրբ, դրա համար էլ դիմեցի քո սրբությանը` քեզ բարեխոս ունենալով առ բազմագութ և մարդասեր Աստված։

Եվ այս ասելով բացեց թուղթը և ամեն ինչ առանց գրերի գտավ. և մնացել էր միայն մեծ մեղքերի գիրը, որ չէր ջնջվել. և ձեռքերով երեսին խփելով` ընկավ Բարսեղի ոտքերը [և] գոչում էր ասելով.

- Ողորմի՛ր ինձ, բարձրյալ Աստծու ծառա, և ինչպես իմ բոլոր մեղքերի համար մեծահոգություն արեցիր, նույն կերպ և այս մեկի համար աղաչիր, որ ջնջվի։

Իսկ մեծ Բասիլիոսը կարեկցանքով արտասվեց և ասում է.

- Ե՛լ դու, կին, որովհետև ես [ևս] մեղավոր մարդ եմ և [նույնպես] թողության կարիքն ունեմ. քո մեղքերից որը կամեցավ Աստված ջնջեց, կարող է սա էլ վերցնել քեզնից [Նա], որ խափանում է մեղքերն աշխարհի, բայց եթե այսուհետ զգուշանաս և մեղք չգործես, ոչ միայն թողություն կգտնես, այլև փառքի կարժանանաս։ Այլև գնա անապատ և այնտեղ կգտնես մի սուրբ այրի, որ բոլորից Եփրեմ է անվանվում. տար այնտեղ թուղթդ, և նա կաղաչի Աստծուն, և կջնջվի դա։

Իսկ կինը չերկնչելով ճանապարհի երկարությունից` եկավ նրա նշած տեղը` Եփրեմ հայրապետի մոտ և դուռը թակելով գոչում էր ասելով.

- Ողորմի՛ր ինձ` Աստծու սուրբ։

Իսկ նա Հոգով իմանալով, թե ինչ բանի համար է եկել, ասում է նրան.

- Ինձանից հեռացիր, դո՛ւ, կին, որովհետև ես մի մեղավոր մարդ եմ և [նույնպես] կարիք ունեմ օգնության։

Իսկ նա, թուղթը նետելով նրա մոտ, ասում է.

- Բասիլիոս արքեպիսկոպոսն ինձ ուղարկեց քեզ մոտ, որ աղոթես Աստծուն և ջնջես մեղքը, որ գրված է այդ թղթի վրա, որովհետև մյուսները սուրբ Բասիլիոսը ջնջեց իր աղոթքներով, իսկ դու միակ [մեղքի] համար մի՛ հապաղիր աղաչել Աստծուն, որովհետև քեզ մոտ եմ ուղարկվել։

Եվ սուրբն ասում է.

- Ո՛չ, քույր, ո՛չ. որովհետև ինչպես շատի համար կարող էր աղաչել Աստծուն, կարող էր և այդ մեկի համար անել` ավելի քան ես։ Հիմա գնա՛ և մի՛ հապաղիր, որ հասնես նրան նախքան նրա` մարմնից ելնելը, որովհետև մերձ է երանելիի վախճանը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի մոտ գնալու։

Այս լսելով նրանից` կինը բազում հառաչանքով այնտեղից գնաց Կեսարիա։ Եվ երբ քաղաք մտավ, դագաղ տեսավ. հանում էին սուրբ Բասիլին։ Եվ կինը տեսնելով սկսեց աղաղակել` հանդիմանելով սրբին և ասում էր.

- Վա՜յ ինձ, Աստծու սուրբ, սրա համար ինձ ուղարկեցիր մենաստան, որ դու առանց [ինձ համար] աշխատանք թափելու վախճանվես, և ահա ես օգուտ չստացա, իզուր չարչարվեցի ճանապարհի երկայնությանը։ Աստված կտեսնի և արդարությամբ կդատի ինձ և քեզ, որովհետև կարող էիր աղաչել Աստծուն և ջնջել իմ մեղքերը, [մինչդեռ] ուրիշ տեղ ուղարկեցիր ինձ։

Եվ այս ասելով նետեց թուղթը դագաղի վրա և բոլոր եղելությունները պատմեց ժողովրդին։ Իսկ սարկավագները, կամենալով տեսնել, թե ինչպիսին են հանցանքները, վերցրին թուղթն ու բացին և գտան ամբողջությամբ մաքուր, որև ոչ մի նշանագիր չէր մնացել։ Եվ կանչելով կնոջը` թուղթը տվեցին նրան` լիովին մաքուր և ասում են.

- Ինչո՞ւ ես լաց ու կոծ անում` չիմանալով քո հանդեպ եղած Աստծու անսահման մարդասիրությունը։

Եվ ժողովրդի բազմությունը տեսնելով սքանչելիքները, փառավորում էր Աստծուն, որ երկրի վրա մեղքերը թողնելու կարողություն ունի և նույն շնորհը տալիս է իր ծառաներին, որ կենդանության [օրոք] և մահվանից հետո բժշկեն ցավերն ու հիվանդությունները, և ովքեր հավատով խնդրում են` իր բարերարությամբ թողնում է նրանց մեղքերը։ Որով և մենք հասնենք` մեր Աստված Քրիստոսի ողորմությանը, որին փառք հավիտյանս. ամեն։

Վարք Սրբոց, Հատոր Ա
Արշակ Մադոյան (Թարգմանիչ)
Աղբյուր՝ Gratun.org