Այսպէս է ասում Տէրը. «Ով որ այս պատուիրաններից, փոքրերից անգամ, մի բան ջնջի եւ մարդկանց այդպէս ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կատարի եւ ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի» (Մատթեոս 5:19)

Հովհան Մանդակունի․ Սերը հալածում է ագահությունն ու չարակնությունը․․․

Արդ, ինչպե՞ս է ողորմություն լինում առանց սիրո։ Եթե մեկը [ողորմություն] անի սնափառության ախտով` ի ցույց մարդկանց, կամ եթե նույն ախտով գանահարության և բանտերի մեջ մաշվի կամ կրակի մեջ այրվի, ոչ մի օգուտ չի ունենա, ինչպես Պողոսն է ասում. «Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին և իմ այս մարմինը մատնեմ այրվելու, բայց սեր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենա» [Ա Կոր. ԺԳ 3]։ Քանզի եթե մարդը սրտում սուրբ սեր չունենա, թեև մարգարեական հոգի և առաքելական շնորհներ էլ ունենա, սաստիկ ճգնությամբ չարչարի իր անձը և վարդապետության խոսքով լուսավորի շատերին, հավատով մեծամեծ նշաններ գործի և լեռները տեղաշարժի, ոչ մի օգուտ չի ունենա այդ ամենից, որովհետև սերն է բոլոր առաքինությունները համեմող աղը, և ապականվում է այն [տեղը], ուր որ սերը մուտք չի գործում, և դուրս են մնում արքայությունից։ Նա, ով սրտանց սեր ունի, սիրում է ողորմությունը և [կամավոր] աղքատությունը։ Քանզի հարկ է, որ սեր ունեցողը հրաժարվի հարստությունից. սերն ու հարստությունը չեն բնակվում միևնույն անձի մեջ, որովհետև սերը ցրում է հարստությունը` կարոտյալներին օգնության հասնելու համար։ Սերը հալածում է ագահությունն ու չարակնությունը, նենգությունն ու թշնամությունը, նախանձն ու բարկությունը, ամբարշտությունն ու սնափառությունը, բոլոր ախտերը չքանում են սիրո [պատվիրանը] պահողից։

Սիրուն միավորված ու կապված են խոնարհությունը, հեզությունը, քաղցրությունը, ողորմությունը, անընչությունը, անկեղծությունը, անանձնասիրությունը, խաղաղությունը, ճշմարտությունը, սրբությունը, անմեղությունը, բարերարությունը. բոլոր առաքինություններն ու կատարյալ պատվիրանապահությունը կատարում է սիրո [պատվիրանը] պահողը։