Այսպէս է ասում Տէրը. «Ով անարատ է քայլում արդարութեան ճամփով, նա իրենից յետոյ երանութեան արժանի որդիներ պիտի թողնի» (Առակներ 20:7)

«Արծաթ և ոսկի չունեմ, բայց ինչ ունեմ, քեզ կտամ» (Գործք 3.6)

21-րդ դարում մարդու առջև շարունակաբար բացվում են նոր հնարավորություններ, որոնք տալիս են ավելի հեշտ և անհոգ կյանք վարելու կարողություն: Այսօր քրիստոնեական հավատի պահպանումը կարծես դառնում է սխրանք. նորագույն տեխնոլոգիաների և ինֆորմացիոն դաշտի հասանելիությունն ամենուր մարդուն թույլ է տալիս ավելի արագ մոռանալ Աստծուն և ապրել առանց Նրա, որովհետև նյութական հնարավորություններով լեցուն մարդը սկսում է ավելի քիչ զգալ Աստծո կարիքը և փորձում է կյանքը կառուցել իր անհատական ցանկալի աշխարհը ստեղծելով:

Այդուհանդերձ, մարդկության համար հիվանդությունն ու տկարությունները դեռևս մնում են անհաղթահարելի, իսկ մահն անխուսափելի վերջակետ է դնում ամեն ինչին: Մեղքը շարունակում է թագավորել մարդու էության մեջ և քայքայում է կյանքի ներդաշնակությունը: Հասարակության մեջ բևեռացումը, անարդարությունը ժամանակ առ ժամանակ ալեկոծում են հետագայի ձևավորվող պատմության ուղին և ստեղծում նորանոր խոչընդոտներ ու դժվարություններ մարդկության առջև: Սակայն առաջին դարի քրիստոնյայի կյանքը, որ լեցուն էր հալածանքներով ու դառնությամբ, ներկա ժամանակներում փոխվել է. քրիստոնյան շատ երկրներում ապրում է ապահով և հանգիստ: Եթե նախկինում հավատացյալը չուներ արծաթ ու ոսկի և տառապում էր հանուն իր հավատի, ինչի պատճառով ընչազուրկ էր, այժմ քրիստոնյաներից շատերն ապահովված են իրենց հանապազօրյա հացով և ավելին: Բայց առաջին դարի քրիստոնյաներից շատերն ունեին Աստծո զորությունը, որն այսօր չունի հավատացյալների զգալի մասը: Պետրոս առաքյալը Հոգեգալստյան օրը խանդավառ ավետում է` մեջբերելով Հովել մարգարեի խոսքերը, որ Աստված ասում է, թե սրանից հետո իմ Հոգուց պիտի թափեմ ամեն մարդու վրա, և ձեր որդիներն ու ձեր դուստրերը պիտի մարգարեանան, ձեր երիտասարդները տեսիլներ և ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն: Եվ իմ ծառաների ու իմ աղախինների վրա այն օրերին իմ Հոգուց պիտի թափեմ, և նրանք պիտի մարգարեանան (Գործք 2.17-18):

Առաքելական դարաշրջանում շատերն էին ականատես լինում նման զարմանահրաշ իրողությունների, քանի որ Աստծո ներկայությունը տեսանելի գործում էր հավատացյալների մեջ, ովքեր նվիրված և անկեղծ ապրում էին հանուն Քրիստոսի և Ավետարանի: Անշուշտ, այսօր էլ կարող ենք տեսնել հրաշքներ և Աստծո զորության արտացոլումը, բայց հազվադեպ: Ներկայումս մենք ունենք ավելի շատ նյութական բարիքներ, դրամ և հնարավորություն, քան առաքելական դարաշրջանի սոցիալապես անապահով քրիստոնյան, սակայն չունենք Աստծո զորությունը: Թեև կարող ենք վիճարկել, ասել, որ ունենք, կամ ներկա ժամանակներում Աստծո Հոգին այլ կերպ է գործում և կարիք չի համարում բազմաթիվ գերբնական նշաններով ու հրաշքներով գործել, կամ մենք չենք նկատում, սակայն երբ մոտենանք եկեղեցուն և տեսնենք կաղ կամ անբուժելի մի հիվանդ մարդու, որ ողորմություն է խնդրում, ի՞նչ կարող ենք անել:

Պարզապես հիշենք «Գործք առաքելոց» գրքից, թե ինչ արեցին Պետրոս և Հովհաննես առաքյալները, երբ տաճարի մոտ հանդիպեցին ի ծնե մի կաղ մարդու, որ նրանցից ողորմություն էր խնդրում: Պետրոսը նայեց այդ մարդուն և ասաց. «Արծաթ և ոսկի չունեմ, բայց ինչ ունեմ, քեզ կտամ. հանուն Նազովրեցի Հիսուս Քրիստոսի վեր կաց և քայլիր»: Եվ բռնելով նրա աջ ձեռքից` վեր բարձրացրեց, և իսկույն ամրացան նրա ազդրերն ու սրունքները: Եվ այդ մարդը սկսեց քայլել և ուրախությունից ցատկել» (Գործ., 3.4-10):

Այսօր մենք` բոլոր խավերի ներկայացուցիչներս, թե շինական, թե հոգևորական, թե իշխանավոր, թե մտավորական և այլք, մեր գրպաններում քիչ, թե շատ դրամ ունենք, սակայն չունենք այն անհրաժեշտ հավատը, որ Աստված մեր միջոցով իր զորությունը բացահայտի և գործի: Չունենք այդ զորությունը, որովհետև Սուրբ Հոգին չի կամենում մեզ փոխանցել իր գերբանական զորությունը, քանի որ կարևոր է համարում, որ առաջին հերթին հոգևոր պտուղները գործեն մեր մեջ: Եվ երբ այդ պտուղները շարունակաբար գործեն և փայլեն մեր մեջ, Աստծո տեսանելի լույսն էլ շոշափելի կդառնա մեզ համար: Մենք մեր հավատի մեջ ձևական ենք, այլ ոչ թե էապես ապրում ենք այդ հավատով, որովհետև չենք փոխվում` նոր մարդ չենք դառնում, մեր վարքի ու բնավորության մեջ փոփոխություն չի լինում, որ մոտենանք ու ավելի նմանվենք Քրիստոսին:

Ահա թե Աստված ինչու է կամենում, որ փոխվենք, ազատագրվենք մեղավոր ցանկություններից, բնավորության բացասական կողմերից և բնույթով ու էությամբ ավելի նմանվենք Քրիստոսին: Եվ ինչպե՞ս հասկանալ, որ հաղորդակից ես Աստծուն, որ Նա գործում է քո սրտում և հոգում: Պողոս առաքյալն ասում է. «Հոգու պտուղն այս է` սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն» (Գաղ. 5.22-23): Երբ այս հոգևոր պտուղները գործում են մեր մեջ և ծաղկում, մենք հաղորդակից ենք Աստծուն և կատարում ենք Նրա կամքը, և աստվածային լույսը այդժամ ճառագում է մեր մեջ և փոխանցվում նաև մյուսներին:

Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Աղբյուր՝ Irates.am