Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Աղոթք Տեր Աստծուն

Ցավագնածս մեղքով և մեղքերի ու հանցանքների քավություն ցանկացողս խնդրում եմ քեզ, բարերար և բարեգութ Տեր, հավետ մի՛ բարկանա իմ դեմ, բարերա՛ր, իմ բազում մեղքերի համար և իսպառ մի՛ զայրանա մեղքով ցնորվածիս, ներողամիտ Տեր: Հիշի՛ր, որ հեշտ տապալվող մարմին եմ, երևացող պատրանքները խաբեցին պակասամիտիս, և չարիքի ցանկությունը կուրացրեց հոգուս աչքերը. մոռացա քո գութն իմ նկատմամբ և վատնեցի քո ողորմության պարգևները, վանեցի քո անմահարար սերը և արհամարհեցի Արարչիդ խնամակալությունը, շեղվեցի քո օրենքներից, Տե՛ր, և ապստամբեցի հզորիդ պատվիրանների դեմ: Դրա համար մերժեցիր մեղուցյալիս և վար զարկիր ներքև ընթացողիս: Չկա ուրիշ տեղից ինձ փրկություն բացի քեզնից, իմ Տեր: Դու ստեղծեցիր ինձ, դի՛ր քո ձեռքը վիրավորված ոգուս վրա. մեղա քեզ, փրկությունդ հավիտենից, մի՛ շրջիր երեսդ ինձնից և բարկությամբ մի՛ շեղվիր քո անպիտան ծառայից: Ցո՛ւյց տուր երեսդ [ինձ]` քո ծառային և քա՛ղցր նայիր ամենատես աչքովդ, փրկի՛ր եղկելիիս հավերժական հրից և ազատի՛ր բորբոք հրից: Տարակուսածիս արժանի արա հասնելու անանց փառքին և փառաբանելու ամենազոր տերությանդ հավիտյանս հավիտենից. ամեն:

Հովհաննես Վարդապետ Գառնեցի

Աղբյուր՝ ԱՂՈԹԱՐԱՆ